Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը 2022 նոյեմբերին մեկնարկեց «Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ  բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» Սարգիս Քաբայանի անվան ծրագրը։

Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի  մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ  Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է  բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝  գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր  շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և  տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական  և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների  զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։ Ուսուցման հիմնական  մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի  դասընթաց։

Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարևորելով որակյալ կրթությունը և կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց  ուսանողներ  համար։

Առաջին խմբի հայտատուների կողմից ներկայացված բազմազան բիզնես ծրագրերը տպավորիչ են և ներառում են այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ ջերմոցային բանջարեղենի արտադրություն, ձեռագործ կաշվե արտադրանք, անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման կենտրոն, հագուստի ձևավորում և արտադրություն, ձեռագործ հուշանվերների արտադրություն, հյուրատուն և զբոսաշրջություն, ապիտուրիզմ, թղթի ձեռագործ արտադրություն, արտադրանք վերամշակված նյութերի օգտագործմամբ և այլն:

Ծրագիրը իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Արցախում։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մայիսի 21-ը: