Հայ կինը դարեր շարունակ յուրահատուկ տեղ է ունեցել ընտանիքում և հասարակության մեջ. նշվեց Ավետման տոնը

Ապրիլի 7-ին Բերդի մշակույթի տանը անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան։ Այս տարի համայնքում տոնը նշվեց առանձնահատուկ՝ մարտի 8-ի փոխարեն որպես մեծարում ընտրվեց ապրիլի 7-ը՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որպես հայկական և հոգևոր արժեքների օր։

Կազմակերպիչների խոսքով՝ այս փոփոխությունը խորհրդանշական է. այն ընդգծում է, որ ամենակարևոր ավետումները տրված են կանանց, որոնք իրենց սիրով, հոգատարությամբ և նվիրումով կարողանում են դրանք կյանքի կոչել։ Օրը նաև ծառայեց որպես յուրահատուկ արտահայտություն՝ հայ կանանց հանդեպ երախտագիտության։

Միջոցառման կարևոր հատվածներից մեկը ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին տաղանդաշատ երեխաների բազմազան և գունեղ ստեղծագործություններ։ Միջոցառումը համախմբել էր Բերդ քաղաքի և տարածաշրջանի գյուղերի ներկայացուցիչներին, իսկ Բերդի մանկապարտեզների փոքրիկները իրենց հուզիչ ելույթներով ջերմություն հաղորդեցին երեկոյին։

Երեկոն շարունակվեց տոնական համերգով, որի ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարային համարներ և բեմականացված ելույթներ՝ նվիրված մայրերին։ Մասնակիցների ելույթները փոխանցում էին մայրական սիրո կարևորությունը և անսահման ուժը՝ դարձնելով երեկոն ևս մեկ առիթ շնորհակալություն հայտնելու մայրերին՝ իրենց հոգատարության, նվիրումի և սիրո համար։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան

 




Ծաղկազարդի տոնը Տավուշում․ Մանուկների օրհնության օր

Մարտի 29-ին Այգեձոր գյուղում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը՝ համախմբելով բազմաթիվ հավատացյալների։ Տոնի առթիվ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս արարողությունն ունի խորհրդանշական իմաստ, որը կապված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հետ, երբ մանուկները դիմավորում էին Նրան՝ աղաղակելով՝ «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս 21:15):

Տոնական արարողությանը մասնակցեցին բազմաթիվ համայնքի բնակիչներ, որոնք եկեղեցի էին եկել ուռենու ճյուղերով: Հոգևորականը օրհնեց ճյուղերը, և դրանք բաժանվեցին հավատացյալներին՝ որպես օրհնության և նոր կյանքի խորհրդանիշ:

Ծաղկազարդը քրիստոնեական կարևոր տոներից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նոր կյանքի, հույսի ու վերածննդի ավետիսը: Այգեձորում տոնը նշվեց ակտիվ մասնակցությամբ, ընդգծելով համայնքի հավատարմությունը եկեղեցական ավանդույթներին և դրանց փոխանցման կարևորությունը գալիք սերունդներին:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան

Կարդացեք նաև՝

 

 

 




Այգեձորում անցկացվել է պտղաբուծության զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթաց

Մարտի 19-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գործող «Էկո գարդեն» գործարանում անցկացվել է ուսուցողական դասընթաց՝ SIGMA ծրագրի հետ համագործակցության շրջանակում։

Դասընթացն ուղղված էր մարզում պտղաբուծության զարգացման հեռանկարներին՝ կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի արդի մարտահրավերները, զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մշակության արդյունավետ կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մոտեցումները։

Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Այգեձորի բնակիչները, այլև հարակից բնակավայրերի ներկայացուցիչներ, ինչը նպաստել է փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների ընդլայնմանը։ Դասընթացն անցել է ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում․ մասնակիցները ներգրավված են եղել քննարկումներում, ուղղել են հարցեր և կիսվել իրենց գործնական փորձով։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել առավել խորությամբ ընկալելու ներկայացված թեմաները և ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։

Մասնակիցները կարևորել են նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով, որ հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում անհրաժեշտ է շարունակական կրթություն և արդիական գիտելիքների փոխանցում։ Նրանք նաև նշել են, որ նման դասընթացները նպաստում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և համայնքների զարգացմանը։

Դասընթացը կարևոր քայլ է հանդիսանում համայնքներում իրազեկվածության բարձրացման և գյուղատնտեսության կայուն զարգացման խթանման ուղղությամբ։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։

 




89-ամյա Ջուլիետա Սարգսյանը՝ ստեղծագործության ուժի մասին․ ձեռնագործության սիրո օրինակը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 89-ամյա Ջուլիետա Սարգսյանը տարիների ընթացքում չի կորցրել ստեղծագործելու իր ցանկությունը։ Տիկին Ջուլիետան ունի 33 տարվա աշխատանքային փորձ։ Երկար տարիներ նա աշխատել է սոցիալական ապահովության բաժնում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Միևնույն ժամանակ ընտանիքի հետ ակտիվորեն մասնակցել է նաև գյուղատնտեսական աշխատանքներին։ Սակայն այսօր արդեն տարիքային պատճառներով նա ի վիճակի չէ զբաղվել այդ աշխատանքներով, և ձեռագործությունն է դարձել նրա առօրյայի կարևոր ու անբաժան մասը։

Տիկին Ջուլիետան պատմում է, որ ձեռարվեստի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում նա յուրացրել է ձեռագործության տարբեր տեսակներ՝ ասեղնագործություն, հելունագործություն, շյուղագործություն, գորգագործություն, ինչպես նաև կանվայի վրա կատարվող նուրբ ասեղնագործություն։

Տիկին Ջուլիետայի տուն մտնելուն պես առաջինն աչքի են ընկնում նրա ձեռքի աշխատանքները։ Տան գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է տեսնել գունավոր ու խնամքով պատրաստված գեղեցիկ իրեր, որոնք ոչ միայն զարդարում են տունը, այլև յուրահատուկ ջերմություն են հաղորդում միջավայրին։
Նրա խոսքով՝ ձեռագործությունը պարզապես զբաղմունք չէ։ Այն իրեն տալիս է հոգեկան հանգստություն, օգնում է օրը լցնել օգտակար աշխատանքով և պահպանել ստեղծագործելու ցանկությունը։

Չնայած իր պատրաստած աշխատանքների մեծ պահանջարկին՝ տիկին Ջուլիետան դրանք չի վաճառում։ Նա նախընտրում է իր ստեղծած իրերը նվիրել հարազատներին, հարևաններին և հյուրերին։ Նրա համար ամենամեծ ուրախությունը այն է, երբ իր աշխատանքները ուրախություն են պարգևում ուրիշներին։

Տիկին Ջուլիետայի համոզմամբ՝ մարդը պետք է զբաղվի այնպիսի աշխատանքով, որը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար իր ընտանիքի համար։ Նրա խոսքով՝ աշխատասիրությունն ու ստեղծագործելու ցանկությունը մարդուն ուժ ու կյանքին հետաքրքրություն են տալիս կյանքի ցանկացած փուլում։

Հեղինակ՝ Տավուշ  Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Ավանդական Նոր տարի Այգեձորում

Սահմանամերձ Այգեձոր գյուղում տեղի ունեցավ ավանդական Նոր տարվան նվիրված մշակութային միջոցառում, որը միավորեց համայնքի տարբեր տարիքի բնակիչներին՝ ազգային արժեքների և ավանդույթների շուրջ։

Միջոցառման ընթացքում ներկաները միասին զարդարեցին ավանդական Կաղանդի ծառը, որը խորհրդանշում է բարեկեցություն, նոր սկիզբ և ընտանեկան օջախի ջերմություն։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ավանդական տարեհացը՝ որպես առատության և բարության խորհրդանիշ։

Տոնը ուղեկցվեց հայկական ժողովրդական երգերով ու պարերով․ շուրջպարերը, ազգային խաղերն ու համատեղ երգեցողությունը ստեղծեցին ուրախ և միավորող մթնոլորտ։

Ավելին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում։




76-ամյա Ռոզա տատը իր առօրյան լցնում է շյուղագործությամբ

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 76-ամյա Ռոզա Հովակիմյաննն արդեն ավելի քան մեկ տասնամյակ իր առօրյան լցնում է շյուղագործությամբ։
Երիտասարդ տարիներին՝ Երևանում ապրելով ու աշխատելով, նա յուրացրել է այս նրբաճաշակ արհեստը, որն այսօր նրա կյանքի անբաժանելի մասն է։

Սկզբնական դժվարությունները ժամանակի ընթացքում վերածվել են ստեղծագործական ճանապարհի․ շյուղագործությունը Ռոզա Հովակիմյանի համար դարձել է ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև հոգեկան հանգստի ու ինքնարտահայտման միջոց։ Նա նախընտրում է բարդ աշխատանքներ, իսկ նախշերն ու ձևավորումները ստեղծում է ինքնուրույն՝ սեփական մտահղացումների հիման վրա։

Ամենամեծ ուրախությունը նրա համար իր ձեռքի աշխատանքի գնահատանքն է։ Միաժամանակ տիկին Ռոզան կարևորում է ձեռագործ արվեստի փոխանցումը նոր սերնդին և պատրաստակամ է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին՝ նպաստելով շյուղագործության պահպանմանն ու շարունակությանը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Հելունագործությունը՝ ինքնարտահայտման ճանապարհ․ Շուշան Ղալեչյանի պատմությունը

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Շուշան Ղալեչյանը հելունագործությամբ սկսել է զբաղվել ազատ ժամանակը օգտավետ ու հետաքրքիր դարձնելու նպատակով։ Այն, ինչ սկզբում պարզապես հոբբի էր, ժամանակի ընթացքում վերածվեց սիրելի և մշտական զբաղմունքի։ Շուշանը միշտ սիրել է ձեռագործ աշխատանքները, և հենց այդ սերն էլ նրան մղել է սեփական ուժերով փորձել ստեղծել յուրօրինակ հելունագործ գործեր։ Թեև սկզբնական փուլում դժվարություններ եղել են, սակայն համբերությունը, հետաքրքրությունը և անընդհատ փորձարկումները նրան առաջ մղեցին, զարգացան հմտությունները։

Ընտանիքը մշտապես նրա կողքին է։ Ժամանակի ընթացքում Շուշանը կատարել է իր առաջին վաճառքները, և հաճախորդների աչքերի վառ փայլը նրա համար ապացույց էր, որ իր աշխատանքը սիրվել է և ընտրած ճանապարհը ճիշտ է։ Դրանից հետո հելունագործությունը դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև ինքնարտահայտման միջոց։ Նա ցանկություն ունի հետագայում փոխանցել իր փորձը երեխաներին և, ինչու ոչ, ունենալ խանութ, որտեղ կներկայացվեն իր յուրօրինակ խաղալիքներն ու աշխատանքները։ Նրա խոսքով՝ ցանկացած բարդ աշխատանք հնարավոր է հաղթահարել, եթե այն անում ես սիրով և վստահությամբ սեփական ուժերի հանդեպ։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




էկոլոգիական չրարտադրություն Վերին Կարմիրաղբյուրում

Վերջին հինգ տարիներին Շուշան Ղալեչյանը շարունակում է զարգացնել իր փոքր ընտանեկան բիզնեսը՝ զբաղվելով չրագործությամբ Տավուշի մարզի Վերին Կարմիաղբյուր գյուղում։ Չրի մեծ պահանջարկը և բնական, տեղական արտադրանքի նկատմամբ աճող հետաքրքրությունը նրան և ամուսնուն մղեցին ստեղծելու սեփական արտադրությունը՝ հիմք դնելով կայուն ու նպատակային ձեռնարկության։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Պահպանելով հինը՝ ստեղծում են նորը. գորգագործություն Վերին Կարմիրաղբյուրում

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում գործող գորգագործության խմբակը ստեղծվել է 2021 թվականին՝ գյուղի Մշակույթի տան և Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Խմբակի նպատակն է գյուղի երեխաներին ընձեռել հնարավորություն սովորելու ավանդական գորգագործության արհեստը՝ միաժամանակ ապահովելով ստեղծագործ, հանգիստ և օգտակար միջավայր նրանց ազատ ժամանակը կազմակերպելու համար։

Խմբակի ղեկավարը Լիա Բադալյանն է՝ երեք երեխաների մայր, ով հաջողությամբ համատեղում է դպրոցի աշխատանքը, համալսարանական ուսումը, ընտանիքն ու իր սիրելի արհեստը։ Լիայի խոսքով՝ ընտանիքի աջակցությունն ու սաների ոգևորվածությունն առանցքային դեր են խաղացել խմբակի կայացման և զարգացման գործում։

Լիան նպատակ ունի շարունակաբար խորացնել գիտելիքներն կիրառական արվեստի ոլորտում, կատարելագործել իր հմտությունները և ձեռք բերել նոր մասնագիտացումներ՝ այս ոլորտում ավելի մեծ փորձ ձեռք բերելու համար։

Լիայի գլխավոր ձգտումն է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր սերնդին՝ նպաստելով դարերի խորքից եկած հայկական գորգագործական մշակույթի պահպանմանը և տարածմանը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան

https://youtu.be/WvC-NnlQn08?si=lTFUi93-B04lwEYk




Խաչվերաց․ պատարագ Այգեձորի Սբ․ Հովհաննես եկեղեցում

Խաչվերացի տոնի առթիվ, Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ։ Պատարգը մատուցել է գյուղի հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը։

Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է։ Այն խորհրդանշում է Տիրոջ խաչի փառավորումը և հիշեցնում, որ խաչը, որ մի ժամանակ եղել է տառապանքի ու մահվան նշան, վերածվել է հաղթանակի, կյանքի և փրկության խորհրդանիշի։

Պատարագից հետո հավատացյալները իրենց հետ տարան օրհնված ռեհանի ճյուղեր։ Ռեհանը, որը ավանդաբար կապված է խաչի հայտնության պատմության հետ, հավատացյալներին հիշեցնում է Տիրոջ խաչի կենդանարար զորությունը և խորհրդանշում աղոթքի ու մաքրության բույրը քրիստոնյայի կյանքում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան