Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Անտառային հրդեհներ

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

  • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
  • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
  • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
  • կատարել չոր խոտի, խոզանի այրում,
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին:

 

Կարդացեք նաև ՝

Հրդեհ

Զգուշացիր հրդեհից

Անվտանգությունը հրդեհի ժամանակ




Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

Հիշեք. երկրաշարժը ձեզ, ամենայն հավանականությամբ, հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում, հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

Հիշեք, որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց, որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վրկ. հետո։ Դա այն ժամանակն է, որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

Հիշեք, որ երեխաները, ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով` դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։

Հիշեք, ձեզ որոնում են, և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք.

ա. Եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

բ. Եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք, աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից, առաջին հերթին, սովորաբար, աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

գ. Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ` գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր` վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ. Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք, դրանք փլվում են առաջին հերթին` փշրվող առարկաներից չվնասվելու համար:

ե. Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից` պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ. Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից` նախապես որոշված ճանապարհով:

է. Շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկտրալարերից:

ը. Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք` թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում.

ա. Հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու, դեպի անվտանգ տարածություն:

բ. Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է։

Մնացեք դրսում, միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում.

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժ, վարորդի ձեռքից թռչում է ղեկը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում,  պետք է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը և շարժվել ճանապարհի աջ կողմով, կանգ առնել համեմատաբար բաց տարածությունում` կամուրջներից, բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է, բացի մասնագիտացված տեխնիկայից, փրկարարական ջոկատներից, հրշեջ խմբերից և շտապօգնությունից։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից.

ա. Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։

Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ. Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։




Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում, երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։

Մարդկանց փրկելը` աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։

Օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար։

Իսկ եթե ինքներդ գտնվում եք փլատակում, խուճապի մի´ մատնվեք, այլ հանգիստ և սթափ գնահատեք իրավիճակը։

Չմտածված գործողություն-ները կարող են հանգեցնել նոր փլուզումների, եթե տարածությունը թույլ է տալիս` տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։

Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը, վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան ուրիշ մարդիկ, հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։

Կապ հաստատեք (գոռացեք, հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ և ճիշտ ուղիներ որոնել` ձեզ և ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։

Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն, խուճապի մի´ մատնվեք, խնայեք ձեր ուժերը, ավելորդ շարժումներ մի´ արեք։

Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ և հեղուկ` խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։ Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի, իսկ առանց հեղուկի` 7 օր։

Եթե հեղուկ չունեք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է, ձեր հագուստից կտրեք մի կտոր և դրա միջով խմեք։ Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։

Եթե մնացել եք փլատակում և հաստատ համոզված եք, որ կարող եք այնտեղից դուրս գալ, գործեք հետևյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք` խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները. դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ, ձողափայտեր, մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։

Ավերիչ երկրաշարժերից հետո, առաջին օրերին կիսաքանդ և ավերված շենքում չի կարելի մնալ։ Պետք է իմանալ, որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով, որոնք ցանկացած պահի կարող են շենքը հիմնովին քանդել:

Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը, ապա.

  • ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրա-        կացությունից  հետո.
  • ստուգեք` վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը, չկա՞ արդյոք գազի արտահոսք,
  • ստուգեք, վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները, կրակ մի´ վառեք մինչև ավերածությունների լիակատար վերացումը.
  • ստուգե´ք, կոյուղին գործո՞ւմ է, թե՞ ոչ.
  • ուշադիր զննեք բնակարանը. արդոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ, բենզին, նավթ).
  • զգուշորեն բացեք պահարանների և խորդանոցների դռները, որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա.

Հետևեք` արդյոք հետցնցումներից պատերի վրա չե՞ն առաջացել նոր ճեղքեր։

Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում` շտապօգնություն, հրշեջ-փրկարար ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։ Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։

Երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետևեք ռադիոյով և հեռուստացույցով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։

Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաև սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների, անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով և ավերածություններով։ Թեև կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան, այնուամենայնիվ, վերոհիշյալ վարքականոնների ճիշտ կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ և ձեր շրջապատին սպառնացող վտանգը։