Ամրակապված լինելը փրկում է կյանքեր

Ամրակապված լինելը փրկում է կյանքեր․ Ներքին գործերի նախարարության թեմատիկ անդրադարձը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։ Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։
Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը:
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին:

Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։
2022 թվականին հանրապետության տարածքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 66790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։

Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի ձեր կյանքը։




Եթե հայտնվել եք ամբոխի մեջ

Երևի ոմանք լսել են, այսպես ասած, <<ամբոխի երևույթի>> մասին, որը բնորոշվում է մեծաքանակ խմբում գտնվող մարդկանց մտքերի և զգացմունքների <<միաձուլմամբ>>: Այնտեղ յուրաքանչյուր մարդ դադարում է անհատ լինելուց և սկսում է գործել իրեն շրջապատողների ոգով: Նրան ավելի հեշտ է որևէ բան թելադրել կամ ներշնչել: Նա դադարում է կառավարել իր հույզերն ու իր գործողությունները: Այսպես, ուրեմն, հիշեք, որ փոքրիկ երեխան ամբոխի մեջ անելու ոչ մի գործ չունի: Եթե երեխան ձեզ հետ է, ապա աշխատեք շրջանցել փողոցի այդ հատվածը (եթե նույնիսկ ձեզ չափազանց հետաքրքիր է, թե ինչու է այդտեղ այդքան մարդ հավաքվել):

Եթե մարդիկ կուտակվել են հենց ձեր ճանապարհին, ապա աշխատեք շրջանցել ամբոխը եզրերից, որտեղ ավելի քիչ մարդ կա:

Եթե այնուամենայնիվ, հայտնվում եք ամբոխի մեջ, ապա փորձեք հետևել այս խորհուրդներին.

-մի վրդովվեք և ագրեսիվություն մի ցուցաբերեք. չէ՞ որ դուք այդտեղ պատահաբար եք հայտնվել և բոլորովին կարիք չկա ձեզ անծանոթ խնդրի շուրջ կարծիքն արտահայտելու: Այն կարող է ամբոխի մեծամասնության կարծիքին հակադրվել, ինչ բոլորովին էլ ձեռնտու չէ ձեզ: Ընդհակառակը` ավելի լավ կլինի ձևացնել, որ դուք համամիտ եք նրանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք նույնիսկ որոշ լոզունգներ կամ դրոշներ վերցնել ձեր ձեռքը, բայց ամենակարևորը՝ այդ ամբողջ ընթացքում փորձեք հանգիստ և անշտապ կերպով դուրս գալ ամբոխի միջից.

-եթե ամբոխը շարժվում է, ապա դուք ևս ստիպված պետք է շարժվեք նրա հետ՝ անպայման պահպանելով հավասարակշռությունը, քանի որ ընկնելու դեպքում ձեզ կարող են լուրջ վնասվածքներ պատճառել: Կարգի բերեք հագուստը, կոճկեք բոլոր կոճակներն ու շղթաները, որպեսզի պատահաբար որևէ տեղից չկառչեք: Ձեզ մոտ գտնվող բոլոր իրերն (պայուսակ, գրքեր և այլն) ամուր սեղմեք իրանին: Եթե շարժվելը դժվարանում է, ավելի լավ է դրանցից ազատվեք, քանի որ դրանց համար պայքարելիս կարող եք լուրջ վտանգի ենթարկվել: Լարեք ուսագլուխները և ձեռքերը բռունքցներ արած սեղմեք մարմնին: Դա կօգնի ոչ միայն պաշտպանվել հրմշտոցներից, այլև կնվազեցնի կողոսկրերը կոտրելու հավանականությունը:

– եթե ամբոխն անշարժ է, ապա աշխատեք ձեր երկու հարևանների հետ այնպես կանգնել, որ ուսերն իրար միացնելով եռանկյունի կազմեք: Այդպիսով շնչելու համար կրծքավանդակն ավելի ազատ կլինի.

– եթե հանկարծ ընկնեք, ապա պետք չէ խուճապի մատնվել: Բղավելն ու օգնություն խնդրելը նույնպես անիմաստ է ու անօգուտ: Փորձեք կտրուկ ցատկով բարձրանալ տեղից: Եթե չստացվի, աշխատեք շրջվել ու ոտքը մեկնել առաջ, ամբոխի շարժման ուղղությամբ, և ամբոխն ինքը ձեզ ոտքի կկանգնեցնի: Եթե դա էլ չօգնի, ուրեմն կծկվեք, ծնկները սեղմեք փորին, իսկ ձեռքերով պահեք գլուխը:

– եթե ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործվել, ապա քիթն ու բերանը թաշկինակով փակեք և շնչեք դրա միջով: Դեմքն ու աչքերը մի տրորեք:

– ամբոխից դուրս գալուց հետո դեմքը լվացեք սառը ջրով.

– եթե մարդիկ սկսում են վազել, աշխատեք դուրս գալ նրանց ճանապարհից և սեղմվել պատին: Պետք չէ կտրուկ շարժումներ անել:




Մասնագետները թվարկում են վտանգավոր իրավիճակները

Մանկաբույժները հաշվել են շուրջ 150 վտանգավոր իրավիճակ, որոնց արդյունքում երեխաները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ և, նույնիսկ, մահանալ: Դրանից հնարավոր է խուսափել, եթե ձգտենք լինել ավելի զգույշ և պահպանենք անվտանգության կանոնները: Թվարկենք երեխաների համար վտանգ ներկայացնող իրավիճակներից մի քանիսը:

Շատ երեխաներ վնասվածքներ են ստանում որևէ բարձր տեղից, օրինակ՝ ճոճանակներից ընկնելու հետևանքով: Փոքրիկը չի կարողանում ամուր բռնվել, ընկնում է, այնուհետև բարձրանում, և դեռևս շարժման մեջ գտնվող ճոճանակը հարվածում է երեխային: Ամենից հաճախ հարվածը դիպչում է փոքրիկի գլխին: Դրա հետևանքով նա կարող է գանգուղեղային ծանր վնասվածք ստանալ: Երեխային կարուսելին նստեցնելուց առաջ պետք է զգուշացնել, որ ընկնելու դեպքում անհրաժեշտ է մոտ մեկ մետրի չափ կողք սողալ և նոր միայն գետնից բարձրանալ:

Ամռանը բերքի հասունանալու հետ միաժամանակ շատանում են նաև երեխաների ծառերից ընկնելու դեպքերը:

Պետք չէ մոռանալ բաց պատուհանների մասին: Երբեք չի կարելի փոքրիկին բաց պատուհանով սենյակում միայնակ թողնել: Նա կարող է, բարձրանալ աթոռի վրա, դուրս նետել խաղալիքը, ձգվել դրա հետևից և… կարող է տեղի ունենալ անդառնալին:

Մինչև մեկ տարեկան երեխաները հաճախ ընկնում են մեծահասակների մահճակալի վրայից: Մայրիկը նրան այնտեղ է դնում տակաշորերը փոխելու համար, երբ հանկարծ դուռը զանգում են: Հարևանուհին մի քիչ շաքարավազ է ուզում կամ դրա նման մի բան: Առանց հսկողության մնացած փոքրիկն սկսում է այս ու այն կողմ գլորվել կամ «չոչ անել» ու ընկնում է մահճակալից: Այս ամենից կարելի է խուսափել, եթե սենյակից նույնիսկ կարճ ժամանակով հեռանալիս մայրիկը երեխային իր հետ վերցնի:

Հարկ է հաշվի առնել, որ փոքր երեխաները դեռևս չեն կարողանում ճիշտ գնահատել բարձրության վտանգը: Ռուսաստանում մի դեպք է եղել, երբ առաջին դասարանցի մի աղջնակ պատուհանից դուրս է թռել, որպեսզի դասից չուշանա: Կողպելով դուռը՝ տատիկը խանութ էր գնացել և փոքր-ինչ ուշացել:

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ երեխաներն ընկնում են ծնողների ձեռքերից: Խոսքը մեկ-երկու տարեկան փոքրիկներին վեր-վեր թռցնելու անհեթեթ սովորության մասին է: Մեկ-երկու, երրորդ անգամ հայրիկը կարող է չկարողանա բռնել երեխային:

Փոքրիկը կարող է ընկնել նաև մանկասայլակի միջից: Հատկապես պետք է ուշադիր լինել աստիճաններով իջնելիս: Այդ ժամանակ երեխային պետք է մանկասայլակից հանել և գրկել: Մեծահասակը կարող է ոտքը ոլորել կամ սայթաքել և ձեռքից բաց թողնել սայլակի բռնակը, մինչդեռ եթե երեխան գրկին լինի, նրան պահելն ավելի հեշտ կլինի: Սայլակը նաև չի կարելի թողնել շենքի պատուհանների տակ: Միջանցիկ քամուց փշրված ապակու կտորտանքը, տանիքից պոկված թիթեղը, ճաքած պատի բեկորը, ծխախոտի մնացորդը և, վերջապես, հարևանների նետած իրերը կարող են ընկնել դրա վրա (գաղտնիք չէ, որ մեր համաքաղաքացիներից շատերն են տառապում այդ արատավոր սովորույթով) ու վնասել երեխային:

Վտանգավոր իրավիճակների «ցուցակում» հաջորդը հեծանիվի հետ կապված վտանգներն են: Օրինակ՝ երեխան կարող է կտրուկ շրջադարձ կատարել, որի հետևանքով հեծանիվը շուռ կգա, իսկ ինքը որովայնով կընկնի ղեկի վրա: Դա կարող է վնասել ներքին օրգանները, և շատ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն կատարել:

Անդրադառնանք տրանսպորտի մեկ այլ միջոցի՝ ավտոմեքենա: Մասնագետները կտրականապես արգելում են մեքենա վարելիս փոքրիկին նստեցնել վարորդի կողքին: Վիճակագրության համաձայն՝ վթարի ժամանակ դա ավտոմեքենայի ամենախոցելի տեղն է: Երեխայի տեղն ավելի պակաս վտանգավոր գոտում է՝ վարորդի հետևի նստարանին, աջ կողմում:

Վտանգավոր են ոչ միայն շարժվող, այլև կանգնած ավտոմեքենաները: Մասնագետների հավաստմամբ՝ հատկապես վտանգավոր են մեծ մեքենաները (օրինակ՝ բեռնատարները, ավտոբուսները), որոնց հետևում փոքրիկը կարող է խաղալիս թաքնվել: Ավտոմեքենաների նկատմամբ պետք է ուշադիր լինել ոչ միայն խաղալիս, այլև՝ փողոցն անցնելիս: Մեծ մեքենաները փակում են տեսադաշտը և ճանապարհն ամբողջությամբ չի երևում: Անհրաժեշտ է սպասել, մինչև մեքենան տեղից կշարժվի, տեսադաշտը կբացվի և հետո նոր անցնել փողոցը:

Հիշեք, որ ավտոբուսները չի կարելի շրջանցել ո՛չ առջևից, ո՛չ հետևից:

ՄԵկ այլ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, երբ փողոցն անցնելիս ծնողները երեխայի մանկասայլակը պահում են իրենց առջևում: Լավ է, եթե վարորդները նկատում են այն և ճանապարհի այդ հատվածն ավելի զգույշ անցնում, սակայն, եթե որևէ մեկը որոշի սայլակը շրջանցել ոչ թե ձախից, այլ՝ աջ կողմից, ապա հետևանքներն անկանխատեսելի կլինեն:




Անվտանգությունը հրդեհի ժամանակ

Կարդալով այս հոդվածը՝ դու ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:

Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝

  •  այրվող նյութ
  •  օդ (թթվածին)
  •  կայծ կամ կրակ

Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):

Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:

Հրդեհը չվերահսկվող այրումն է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ է առաջացնում:

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհները շատ վտանգավոր են, հրդեհի ժամանակ այրվում են իրերը, բնակարանը և նույնիսկ ամբողջ շենքը (տունը): Բայց ամենասարսափելին այն է, որ հրդեհի ժամանակ կարող են զոհվել մարդիկ: Այդ է պատճառը, որ միշտ պետք է հիշել հակահրդեհային անվտանգության հետևյալ կանոնները՝

  •  չի՛ կարելի խաղալ լուցկիներով կամ կրակվառիչներով,
  •  առանց մեծահասակների մի՛ մոտեցիր վառարանին և մի՛ բացիր դռնակը: Դուրս թռչող կրակներից կամ մոխրից կարող է հրդեհվել բնակարանը,
  •  չի՛ կարելի օգտագործել ինքնաշեն էլեկտրասարքավորումներ,
  •  մեկ վարդակից (ՐՏջպՑՍՈ) չի՛ կարելի միացնել մի քանի էլեկտրասարքավորում,
  •  տնից կամ սենյակից դուրս գալիս մի՛ մոռացեք անջատել էլեկտրասարքավորումները (հատկապես արդուկը, հեռուստացույցը, տաքացուցիչները),
  •  տոնածառից մի՛ կախիր էլեկտրական զարդեր և լույսեր, նաև հիշի՛ր, որ բամբակյա մորուքներն ու թղթե թիկնոցները հեշտ են բռնկվում,
  •  երբեք տանը մի՛ վառիր բենգալյան կրակներ և հրավառելիք (և ընդհանրապես, ավելի լավ է դա անել միայն մեծահասակների ներկայությամբ),
  •  բենզինով լցված մետաղյա տարողությունն ավելի անվտանգ է, քան բենզինից դատարկված տարողությունը, քանի որ դրա ներսում կարող են կուտակվել բենզինի պայթունավտանգ գոլորշիներ՝ օդի հետ խառնված վիճակում,
  •  չի՛ կարելի կրակի մեջ գցել անծանոթ առարկաներ, մասնավորապես՝ աէրոզոլային տուփեր, քանի որ դրանք ևս պայթունավտանգ են,
  •  երբ տանը կա կրակմարիչ, ապա անպայման ծանոթացի՛ր դրա օգտագործման կանոններին: Հիշի՛ր, որ մեկ կրակմարիչը փոխարինում է լոգարանի մեկ վաննա ջրին,
  •  կրակմարիչները լինում են՝ փրփրային, ածխաթթվային և փոշե:

Ածխաթթվային կրակմարիչներով կարելի է մարել բոլոր տեսակի այրվող նյութերը, նույնիսկ լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումները: Իմիջիայլոց՝ լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումները չի՛ կարելի մարել ջրով կամ փրփուրային կրակմարիչներով, քանի որ կարող եք հոսանքահարվել: Նախ պետք է անջատել հոսանքից, այնուհետև՝ մարել:

Մի՛ չորացրու լվացքն էլեկտրասալիկի վերևում: Շատ լավ է, որ դու մայրիկին օգնում ես, բայց վատ կլինի, եթե այն բռնկվի և հրդեհի պատճառ դառնա:

Եթե տանը հրդեհ է բռնկվել

Եթե հրդեհով բռնկված սենյակի (բնակարանի) դուռը դրսից բացեք, ապա կրակը կհարվածի ձեզ դեմ-դիմաց: Ուստի դուռը պետք է բացել դանդաղ և անպայման կանգնել դռան կողքը:

Եթե մուտքում (աստիճանահարթակում) հրդեհ է, և դուք բացում եք ձեր բնակարանի դուռը, ապա ձեր բնակարանը վերածվում է մի հսկա ծխնելույզի և եթե ծուխն անցնի բնակարանի միջով, ապա բնակարանում այլևս ապրել չի լինի, մինչև այն հիմնովին չվերանորոգվի:

Եթե տանը բռնկած հրդեհը մեծ չէ, կարելի է փորձել անմիջապես մարել այն կրակի վրա գցելով պինդ կտոր, ծածկոց կամ վերարկու:

Հիշի՛ր, այրվող բենզինը կամ նավթը չի՛ կարելի մարել ջրով, քանի որ բենզինը ջրից թեթև է, ջուրը իջնում է հատակը և կրակը մարելու հատկությունը կորցնում: Նույն պատճառով, եթե ճաշ պատրաստելիս այրվում է թավայի միջի յուղը, ապա ջուր չի՛ կարելի լցնել, այլ պետք է թավան ծածկել թաց սրբիչով:

Եթե կրակն անմիջապես չի մարում, անհապաղ տանից դուրս վազիր դեպի անվտանգ վայր և միայն այդ ժամանակ ահազանգիր հրշեջ պահպանությանը1-01 հեռախոսահամարով (կամ հարևանին խնդրիր ահազանգել):

Դուրս վազելիս անպայման պետք է փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկել: Փակելով դուռը հնարավոր է ոչ միայն կանխել ծխի տարածումը, այլև երբեմն մարել կրակը, քանի որ թթվածնի մուտքը փակվում է (եթե իհարկե սենյակի պատուհանները փակ են):

Եթե սենյակում հրդեհ է, չի՛ կարելի կոտրել պատուհանների ապակիները, այլապես սենյակ մուտք կգործի թարմ օդ (թթվածին), որից կրակն ավելի կուժեղանա:

Եթե հրդեհը տարածվել է նաև շքամուտքում, ապա երբեք մի՛ նստիր վերելակ: Այն կարող է անջատվել և դու կխեղդվես, քանի որ ծուխը նախ և առաջ կուտակվում է վերելակի հորանում:

Եթե ապրում եք վերին հարկերում, մի՛ փորձիր դուրս գալ: Անցնելով 2-3 հարկ՝ դու կարող ես թունավորվել այրումից առաջացած թունավոր ծխով: Ուստի մնա տանը, փակիր բոլոր դռները և փեղկերը թաց շորերով: Անմիջապես ահազանգիր 1-01 և հրշեջներին հայտնիր քո բնակարանի ճշգրիտ հասցեն: Պատուհանից օգնության կանչիր հարևաններին և անցորդներին: Այնուհետև փակիր պատուհանները և իջեցրու վարագույրները: Հատակը և դռները թրջիր ջրով: Գազը և էլեկտրականությունն անջատիր անմիջապես:

Հրդեհի ժամանակ ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը: Մարդկանց մեծ մասը ծխից է խեղդվում (հատկապես վտանգավոր է պլաստմասաների այրումից առաջացող թունավոր ծուխը): եթե զգում ես, որ շնչահեղձ ես լինում, ապա կքանստած կամ սողալով (չորեքթաթ) շարժվիր դեպի ելքը, քանի որ ներքևում ծուխը քիչ է: Ուժեղ ծխի դեպքում պետք է շնչել թրջած կտորի միջով:

Հիշիր, մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Ինչպե՞ս մարել մարդու վրայի այվող հագուստը: Պետք է հիշել հետևյալ օրենքը. «Կանգնի՛ր, ընկի՛ր, գլորվի՛ր»: Վառվող մարդուն պետք է կանգնեցնել, գցել գետնին և գլորել, այդպես մարելով կրակը: Կարելի է նաև փաթաթել ծածկոցով կամ խիտ գործվածքով կտորով:

Երբ փակ սենյակում ինքդ քեզ ես օգնում այս ձևերով, պետք է զգուշանաս նաև թունավոր գազից ծխախեղդ լինելուց:

Եթե հաղորդման ժամանակ հեռուստացույցից ծուխ է դուրս գալիս և այն բոցավառվում է, ապա անհապաղ պետք է անջատել այն հոսանքի աղբյուրից, օգնություն կանչել, վրան գցել որևէ ծածկոց, և ջուր լցնել վերևից: Ընդ որում մարելու ողջ ընթացքում պետք է կանգնել էկրանից հեռու՝ հեռուստացույցի կողքը, քանի որ էկրանը կարող է պայթել:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Սպասելով հրշեջների գալուն՝ խուճապի մի՛ մատնվիր և մի՛ ցատկիր պատուհանից դուրս: Հիշիր՛ քեզ անպայման կփրկեն:

Երբ հրշեջները կժամանեն, լսիր նրանց և մի՛ վախեցիր: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչպես քեզ փրկեն:




Երեխայի անվտանգությունը տոն օրերին

Տոնական միջոցառումները մանկության ամենապայծառ հիշողություններից են։ Դրանք կապված են ոչ միայն ստացված նվերների, այլեւ շուրջը տիրող ընդհանուր տոնական մթնոլորտի, բացօդյա համերգների ու զբոսանքների հետ։ Երբեմն ծնողները խուսափում են դրանցից՝ վախենալով կորցնել երեխային որեւէ մարդաշատ վայրում։

Ինչպես անել, որ ամբոխի մեջ միմյանց որոնումները, ծնողների անհանգստությունն եւ երեխայի գլխին թափվող նախատինքները չմթագնեն ուրախ տրամադրությունը։ Փորձենք հիշել, թե սովորաբար ինչից են սկսվում գրեթե բոլոր տոների նախապատրաստական աշխատանքները։ Իհարկե, խանութ կամ տոնավաճառ արշավներից, որոնց հիմնական նպատակը նոր հագուստ կան կոշիկներ գնելն է։

Երեխայի համար զգեստ ընտրելիս աշխատեք, որ այն լինի վառ, աչք ծակող գույնի, որպեսզի փոքրիկի հեռանալու դեպքում կարողանաք հեշտությամբ գտնել նրան ամբոխի մեջ։ Բաճկոնի ներսի կողմից կարող եք ամրացնել երեխայի անուն-ազգանունով, ձեր հեռախոսահամարով եւ առողջության հետ կապված կարեւոր տվյալներով (ալերգիա, հակացուցված դեղեր, հիվանդություններ եւ այլն) փոքրիկ թղթի կտոր այնպես, որ բաճկոնն արձակելիս այն անմիջապես նկատվի։ Տանից դուրս գալուց առաջ երեխային լուսանկարեք այն հագուստով, որով գնալու եք զբոսնելու։ Աշխատեք, որ լուսանկարներում փոքրիկը երեւա ամբողջ հասակով, դեմքի տարբեր արտահայտություններով՝ ժպտացող, մռայլ եւ այլն։ Եթե նա որեւէ առանձնահատուկ արտաքին նշան ունի, այն եւս առանձին լուսանկարեք։ Լավ կլինի, որ դուք օգտվեք անմիջապես նկարը երեւակող լուսանկարչական սարքից, որպեսզի նկարը վերցնեք ձեզ հետ եւ երեխայի կորելու դեպքում այն ցույց տաք շրջապատի մարդկանց։ Եթե այդպիսին չկա, կարող եք վերցնել նրա վերջին լուսանկարներից։ Նշենք, որ ընդհանրապես ցանկալի է երեխային լուսանկարել ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ։

Հագցնելով երեխային եւս մեկ անգամ ուշադիր զննեք նրան՝ լավ հավաքվա՞ծ են շարֆի կամ գլխաշորի ծայրերը եւ կոշիկների քուղերը, որպեսզի նա հանկարծ չընկնի եւ չվնասի իրեն։ Հասնելով խանութ կամ զբոսանքի վայր՝ նախապես երեխայի հետ պայմանավորվեք, թե միմյանց կորցնելու դեպքում որտեղ եք հանդիպելու։ Ընտրեք հեշտ նկատելի վայր՝ որեւէ արձանի, յուրահատուկ շենքի, խանութի մուտքի կամ գունագեղ ցուցանակներից մեկի մոտ։ Լավագույն տարբերակն այն է, որ երեխան կարողանա ցանկացած կետից տեսնել այդ վայրը։

Ամբոխի հետ ձուլվելով՝ բռնեք երեխայի ձեռքից եւ խնդրեք նրան անել նույնը։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ նա բռնի հագուստի թեւքից, փեշից կամ պայուսակից, քանի որ այդպես դուք չեք նկատի նրա հեռանալը։ Թույլ մի տվեք, որ նա միայնակ առաջանա դեպի համերգի բեմահարթակը կամ խանութի ցուցափեղկի մոտ։ Գնացեք նրա հետ։ Եթե խանութում մարդիկ հրմշտում են իրար, ապա երեխային պահեք ձեր առջեւում, որպեսզի նա միշտ լինի ձեր տեսադաշտում։

Եթե երեխան կորել է, ապա ձեր շուրջը նրան ուշադիր փնտրել-չգտնելուց հետո գնացեք հանդիպման պայմանավորված վայրը եւ սպասեք նրան այնտեղ։ Նույնը պետք է անի նաեւ երեխան։ Եթե որեւէ մեկն առաջարկի նրան շրջել խանութում կամ գրկել-բարձրացնել, որպեսզի նա ավելի լավ տեսի շրջապատը, փոքրիկը պետք է հրաժարվի։ Եթե ծնողները երկուսով են, ապա մեկը պետք է սպասի պայմանավորված վայրում, իսկ մյուսը կարող է խնդրել միջոցառման կազմակերպիչներին կամ խանութի տնօրինությանը, որ ռադիոկապով կամ բարձրախոսով հայտնեն երեխայի կորելու մասին`չմոռանալով ճանապարհին շրջապատի մարդկանց ցույց տալ երեխայի լուսանկարը։

Եթե փնտրելիս նկատում եք փոքրիկին հեռվում, ապա մի բղավեք։ Նա դժվար թե լսի ձեր ձայնն ընդհանուր աղմուկի մեջ, իսկ եթե լսի, ապա կարող է շփոթվել եւ կորցնել իր ուղենիշը։ Նրան կարող են տանել բոլորովին այլ ուղղությամբ, այնպես, որ դուք կարող եք կորցնել նրան ձեր տեսադաշտից։ Այդ պատճառով երեխային տեսնելիս աշխատեք նրան աչքի առաջ պահելով արագ-արագ մոտենալ։

Գտնելով երեխային ասացեք, որ դուք շատ էիք անհանգստանում, կարծում էիք, որ այլեւս նրան չեք տեսնի եւ հիմա շատ երջանիկ եք, որ գտել եք նրան։ Ձեր խոսքերը կօգնեն փոքրիկին դուրս գալ հուզական սթրեսից։ Չէ՞ որ նա հայտնվել էր արտակարգ իրավիճակում, եւ եթե տեղն ու տեղը սկսեք նրա գլխին քարոզ կարդալ եւ նախատել, դժվար թե նա որեւէ դաս քաղի պատահածից եւ, բացի այդ, նրա մեջ վախ կմնա, որ ինքը կրկին կարող է հայտնվել նման իրավիճակում։

Եթե նույնիսկ երեխան միանգամից չի գտել ձեր ժամադրավայրը, գովեք նրան եւ ասացեք, որ անհրաժեշտ է ավելի զգույշ եւ ուշադիր լինել։ Հարցրեք, թե ինչը խանգարեց նրան արագ գտնել հանդիպման վայրը, պարզեք որոնք էին նրա սխալները եւ բացատրեք, թե ինչ էր անհրաժեշտ անել։ Մտածեք, միգուցե՞դուք էիք հանդիպման համար անհաջող վայր ընտրել, եւ երեխան չի կարողացել այն անմիջապես գտնել։

Հարց է ծագում, թե այս պարագայում որքանո՞վ է օգտակար երեխայի հագուստին նրա անձնական տեղեկություններով թերթիկ փակցնելը։ Հնարավոր է, որ որեւէ վթարի կամ վնասվածքներ ստանալու դեպքում երեխան չկարողանա խոսել, եւ այդ թերթիկը կարող է օգնություն ցույց տվողներին կամ բժիշկներին կարեւոր տեղեկություններ հաղորդել նրա մասին (օրինակ` այն դեղերը, որոնք հակացուցված են փոքրիկին)։

Հետեւելով այս խորհուրդներին` դուք կարող եք խուսափել տհաճ ապրումներից եւ պահպանել ձեր երեխայի անվտանգությունը։




Հարցեր, որոնք կարող է և պետք է հուզեն ծնողներին

Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան կյանքի առաջին տարում

Մանկաբույժների վկայությամբ՝ դրանք, որպես կանոն, կապված են փոքրիկին լողացնելու հետ։ Շատ ընտանիքներում դա համատեղ ջանքերով կատարվող աշխատանք է. մեկը ջուրն է տաքացնում, մյուսը լոգարանն է պատրաստում, երրորդը զբաղված է երեխայով։ Եթե հանկարծ որեւէ մեկը մոռանա ստուգել ջրի ջերմաստիճանը, ապա փոքրիկը կարող է այրվածքներ ստանալ։ Ջերմաստիճանը պետք է ստուգել ջերմաչափով կամ արմունկով։ Տաք կամ սառը մատները կարող են ջերմության խաբուսիկ տպավորություն ստեղծել, իսկ արմունկը ցույց է տալիս ջրի իրական ջերմաստիճանն այնպես, ինչպես զգում է երեխան։ Խորհուրդ չի տրվում փոքրիկին լողացնել հոսող ջրի տակ, քանի որ ջրատաքացուցիչի “քմահաճույքներից” կախված՝ այն կարող է միանգամից տաքանալ, սառչել կամ կարող է հանկարծակի դադարեցնեն ջրամատակարարումը։

Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ 2-3 տարեկան երեխան

Այս տարիքում առավել հաճախ են հանդիպում այրվածքները՝ տաք սուրճով, թեյով, ապուրով եւ այլն։ Առավել վտանգավոր են թանձր խտություն ունեցող հեղուկները, օրինակ՝ շփոթը (կիսել), որոնք դանդաղորեն տարածվելով ու ավելի մեծ ջերմություն անջատելով կարող են ավելի շատ վնաս պատճառել փոքրիկին։ Չի կարելի սփռոցով ծածկված սեղանի վրա տաք ճաշատեսակներով կամ ըմպելիքներով լի սպասք դնել, քանի որ երեխան կարող է քաշել սփռոցի ծայրից եւ այդ ամենը թափել իր վրա։ Սովորեցրեք փոքրիկին, որ սեղանի մոտով պետք է հանգիստ անցնել, առանց վազելու կամ ձեռքերը թափահարելու։ Դա ոչ միայն տգեղ է, այլեւ՝ վտանգավոր։ Պետք չէ թեյը կամ սուրճը բաժակների մեջ լցնել այն ժամանակ, երբ երեխան ձեր կողքին կամ խաղում է մոտակայքում։ Բացի նրանից, որ փոքրիկը կարող է դիպչել ձեր թեւին, չափազանց բարձր ջերմությունից կարող է պոկվել թեյնիկի բռնակը։

Եթե ճաշում կամ երեխային կերակրում եք ձեր գիրկը նստած, ապա տաք ապուրով ափսեն կամ բաժակներն աշխատեք նրանից որքան հնարավոր է հեռու դնել։

Վտանգավոր են նաեւ գետնին դրված մեծ, տաք կաթսաներն ու դույլերը։ Խոսքը խաշի, խաշլամայի, տարողունակ կաթսա պահանջող այլ կերակուրների եւ ջրատաքացուցիչ սարքերի (ՍՌտÿՑՌսՖվՌՍ) մասին է։ Փոքրիկը կարող է պատահաբար դիպչել դրանց կամ ընկնել մեջը՝ ստանալով լուրջ այրվածքներ։

Այրվածքների պատճառ կարող են դառնալ նաեւ թթվային եւ հիմնային նյութերը (օրինակ՝ քացախի էսենցիան, անուշադրի սպրիտը, ծծմբական թթուն եւ այլն)։ Դրանք խմելու դեպքում փոքրիկը կարող է վնասել ոչ միայն բերանի խոռոչն ու կերակրափողը, այլեւ՝ ստամոքսը։ Նման նյութերը պետք է պահել երեխայի համար անհասանելի՝ բարձր ամրացված կամ ամուր փակվող պահարաններում։

Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան փողոցում

Փողոցում երեխայի համար մեծ վտանգ են ներկայացնում կենդանիները՝ շներն ու կատուները։ Ընդ որում` ոչ միայն թափառական, այլեւ տնային։ Փոքրիկների համար առավել վտանգավոր են ռոտվեյլերը, պիտբուլը, ստաֆֆորդշիրյան տերյերը եւ պահապան ցեղատեսակների այլ շներ։ Ռոտվեյլերը կարող է շատ վտանգավոր վնասվածքներ հասցնել` պատառոտված, ջախջախված, ընդհուպ մինչեւ ոսկորների կոտրվածքներ։

Այս պարագայում շատ բան կախված է շների տերերից, որոնք պետք է լավ վարժեցնեն իրենց չորքոտանի բարեկամներին եւ նրանց զբոսանքի տանեն միայն հատուկ դնչկալով։ Ցավոք, ոչ բոլոր շնասերներն են դա գիտակցում, իսկ հայկական ասացվածքն ասում է. “Շունը տիրոջն է քաշել”։

Երեխաներին նույնպես անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել կենդանիների հետ։ Եթե տանը շուն եք պահում, ապա փոքրիկին բացատրեք, որ չի կարելի քաշքշել նրա պոչից, ականջներից, ձիու պես հեծնել կամ ուտելու ժամանակ ձեռք տալ նրա կերամանին։ Այսպիսով, եթե երեխան սովորի ճիշտ վարվել կենդանիների հետ, ապա կարելի է խուսափել հետագա բարդություններից։

Կատուների պատճառած հիմնական վնասվածքը քերծվածքներն են։ Դրանց հետեւանքով ավշային հանգույցների մեջ կարող է վարակ անցնել, որից հետո ուռչում են արմունկը եւ թեւատակի հատվածը։ Առաջանում է ուժեղ ցավ եւ կարմրություն։ Սովորաբար, տուժածները բուժվում են տնային պայմաններում` յոդի եւ “զելյոնկայի” օգնությամբ, սակայն հնարավոր է այդ ամենը միայն կարմրությամբ չվերջանա, եւ կարող են առաջանալ այլ հիվանդություններ։ Դրա համար նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Իհարկե, վնասվածքների պատճառները միայն այսքանով չեն սահմանափակվում։ Ցավոք, երեխաները չեն կարող ճիշտ գնահատել իրենց արարքների վտանգավորությունը։ Այդ պատճառով ծնողները պետք է փորձեն կանխատեսել հնարավոր վնասվածքները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ եւ նույնը սովորեցնեն իրենց երեխաներին։