Տավուշ գյուղում կառուցվում է նոր թաղամաս․ 8 բնակելի տուն ԼՂ-ից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին

AMAA-ն Տավուշ գյուղում մեկնարկել է «Տավուշ» համայնքային զարգացման ծրագիրը․ նպատակն է ստեղծել բնակության հարմարավետ պայմաններ, ապահովել կայուն եկամուտներ և միավորել տեղացի ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համատեղ կյանքը։

Եռամյա ծրագրի շրջանակում Տավուշում կկառուցվի նոր թաղամաս՝ 8 բնակելի տուն արևային կայաններով։ Բացի դրանից՝ ընտրված ընտանիքների համար նախատեսվում է հիմնել ազնվամորու այգիներ, հյուրատնային բիզնեսներ և ջերմատնային տնտեսություններ՝ ելակի աճեցման հնարավորությամբ։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 30 աշխատատեղ, ինչպես նաև ապահովել գյուղատնտեսական տեխնիկայով՝ ընտրված ընտանիքների հողերը մշակելու համար։ Տեղացի և տեղահանված ընտանիքների հզորացման նպատակով նրանք հնարավորություն կունենան զբաղվել նաև հացաբուլկեղենի ու հրուշակագործության արտադրությամբ, ինչպես նաև՝ հյութերի, կոմպոտների ու մուրաբաների արտադրությամբ։

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է․ հայտադիմումն՝ այստեղ։

Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացվելու են դասընթացներ ու խորհրդատվություններ, որոնց շնորհիվ ընտրված ընտանիքները կկարողանան ինքնուրույն վարել իրենց տնտեսությունը։

Հարցազրույցում ծրագրի համակարգման օգնական Էլինա Գասպարյանը մանրամասնում է ծրագրի նպատակներն ու սպասվող արդյունքները։




Արցախից՝ Տավուշ․ Բերդի Թումանյանների դարավոր տոհմածառը

Ավանդության համաձայն՝ 1757 թվականին Արցախի Խաչենի մելիքությունից Տավուշ է տեղափոխվել Մելիք Մխիթարը իր որդու՝ Թումանի հետ։ Այստեղից  են հաշվարկում Բերդի Թումանյանների տոհմածառի արմատները։ Շուրջ 300 տարվա ընթացքում Տավուշի Թումանյանների տոհմի պատմությունը նշանակալի ու արժեքավոր իրադարձությունների հետ է աղերսվում։

Ի նշանավորումն Թումանյանների տոհմի 270-ամյակի և տոհմի հիմնադրի 300-ամյակի՝ հուլիսի 12-ին Բերդում համախմբվել էին Տավուշի, Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած Թումանյանները։ Արմատների արժևորման խորհրդանշական այս միջոցառումը մեկնարկեց Բերդի հին գերեզմանատանը՝ տոհմական դամբարանում։ Այստեղ կատարվեց հոգևոր կարգ՝ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ։ Բերդի Սուրբ Սարգիս մատուռը, որը կառուցվել է Թումանյանների ձեռքով դեռևս 19-րդ դարում, կրկին աղոթքով էր լցվել։

Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին։ Նրանք պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով ու կրթելով Թումանյանների արժանի սերունդներին։ Թումանյաններն, ապրելով Բերդում,  Հայաստանի տարբեր անկյուններում, զարգացրել են գիտությունը, արվեստն ու մշակույթը։

Թումանյաններն ու տոհմի բարեկամները ներկա էին «Թումանյանների պատմությունը» և «Նշանավոր Թումանյաններ» խորագրերով միջոցառմանը։ Սա պատմական ու արժեքային հիշեցում էր բոլորին՝ հիշել և փոխանցել, թե ովքեր են իրենց նախնիները և ինչ ժառանգություն են թողել։ Նշանավոր Թումանյանների անունները՝ Ստեփան Բեգից մինչև Ստյոպա Թումանյան, Արշակ Բեյից մինչև Վիտյա Թումանյան, կենդանի պատումներ են՝ արժանապատիվ կյանքի, գիտելիքի, պայքարի և նվիրումի։ Այդ պատմությունն ուսանելի ու լավ օրինակ է՝ հատկապես երիտասարդ թումանյանների, տավուշեցիների ու հայերի համար։

Միջոցառման ամենասպասված պահը տոհմածառի հանդիսավոր բացումն էր։ Տասնյակ ճյուղերով ու անուններով զարդարված այս ծառը միավորում է սերունդներին։ Ներկաների սրտերում մեկ մաղթանք է՝ տոհմը շարունակի ծաղկել ու զորանալ։ Տոհմածառը երկար, ջանադիր ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է՝ օրվա կազմակերպիչ Արթուր Թումանյանի նվիրումով։

Տոհմերը ուժեղ են, երբ հիշողություն ունեն։ Բերդի Թումանյանները հիշում են, պահպանում են և արժևորում՝ հանուն նախնիների ու հանուն ապագա սերունդների։ Այսօր էլ Թումանյանները ապրում, արարում են՝ զարկ տալով Բերդի, Տավուշի և Հայաստանի մշակութային ու հանրային կյանքին, երկրի զարգացմանը։




Երիտասարդական նախագիծ Տավուշի մարզում բնակվող տեղահանված արցախցիների համար

Տավուշի մարզում բնակվող սիրելի՛ արցախցիներ,

ԵՄ-ն հանուն երիտասարդների շրջանավարտների ցանցի շրջանակում, Տավուշի մարզում, հատկապես Իջևանում բնակվող արցախցի 14-30 երիտասարդներին տրվում է հնարավորություն մասնակցելու 4-ամսյա դասընթացների շարքին, որոնք կիրականցվեն աշխատունակության բարձրացման, ներառյալ ինքնակենսագրական գրելու, մոտիվացիոն նամակների, Լինքդին հարթակի, հարցազրույցներին պատրաստվելու, համայնքային կյանքի ներգրավման և այլ հետաքրքիր ու օգտակար թեմաներով՝ նաև ելնելով ձեր կարիքներից։
Դասընթացները կայանալու են Իջևան համայնքում (հստակ վայրը կտեղեկացվի ավելի ուշ ընտրված մասնակիցներին): Դասընթացները կայանալու են մարտ-հունիս ամիսներին՝ յուրաքանչյուր ամիս ունենալով 2-3 հանդիպում և՛ առկա, և՛ առցանց։
Եթե տարիքային խմբին չեք համապատասխանում, կարող եք միևնույն է դիմել, և մենք կդիտարկենք ձեր հայտը։ Կապը ձեզ հետ կպահպանենք WhatsApp հավելվածի միջոցով։
Դասընթացին ակտիվություն ցուցաբերած երիտասարդները վերջում կստանան մասնակցությունը փաստող հավաստագրեր։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նախագծի կոնտակտային՝ 093 360408 հեռախոսահամարով։



«Սովորիր ու վաստակիր». աշխատանքի տոնավաճառ Իջևանում

«Սովորիր ու վաստակիր» կարգախոսը հուշում է կարիերայի նոր հնարավորությունների և հեռանկարների մասին: Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրի շրջանակում՝ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ գործակցությամբ աշխատանքի մարզային տոնավաճառն անցկացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Տոնավաճառի նպատակն աջակցելն է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Աշխատանքի կարիք ունեցող քաղաքացիների ու գործատուների միջև նորարար այս հանդիպումը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ նպաստելու ընտանիքների սոցիալական, տնտեսական ու ֆինասական կայունությանը:

Նախագծի միջազգային գործընկերների կարծիքով՝ աշխատաշուկայում քաղաքացիների մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կարիք կա..:

Տոնավաճառի գործատուների շարքում շուրջ 30 կառույցներ էին՝ տաբեր ոլորտներից. որոնք ներկայացնում էին իրենց կազմակերպությունում առկա և ակնկալվող թափուր հաստիքները:
Տոնավաճառի շրջանակում անցկացվեցին նաև հանրային խոսքի և անձնային բրենդինգի, աշխատանք գտնելու հմտությունների զարգացման դասընթացներ:

«Սովորիր ու վաստակիր» ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ ստեղծելով հնարավորություններ և գործնական աջակցություն այն անձանց համար, ովքեր ուզում են դրական փոփոխություններ բերել իրենց կյանքում։




«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսն Իջևանում

Հոկտեմբերի 22-ին Իջևանում կմեկնարկի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը։

Այն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի հինգերորդ նախագիծն է ու ներկայացնում է վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում։

Արխիվային տեսանյութերը, տպագիր մամուլի օրինակները, ռադիոհաղորդումները, լուսանկարներն ու հոդվածները, վերլուծությունները, վավերագրական ֆիլմերն ու մուլտիմեդիա նախագծերը հասանելի կլինեն թանգարանի հպէկրաններին։

Ցուցադրության բացումը տեղի կունենա Լոֆթ Իջևանում (Հասցե՝ Ա. Մելիքբեկյան 4)։

Այն բաց կլինի հոկտեմբերի 22-31-ը, ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ը:




Արցախից տեղահանված Աբրահամյանների ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան

Բերդի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Աբրահամյանների ընտանիքի տասնմեկերորդ զավակը:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և համայնքապետարանի աշխատակիցները, Բերդի բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական գծով տեղակալ Զվարթ Ծատուրյանի ուղեկցությամբ տեսակցել են Իննա Աբրահամյանին և փոքրիկին:

Ընտանիքի 11-րդ զավակին անվանակոչել են Մարիա:

Լուսանկարները` Բերդի համայնքապետարանից:

Կարդացեք նմանատիպ նյութ`




Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։




Արցախից Տավուշ. պսակադրություն Խորանաշատի վանքում

Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուրեցի Տիգրանի և Մարիամի պսակադրությունը կայացել է Սբ. Խորանաշատի վանքում:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ:

Խորանաշատը գտնվում է Բերդի տարածաշրջանում` Չինարի գյուղից հյուսիս-արևելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ:

8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:

 

2022 թվականին լրացավ Խորանաշատի վանքի 800 ամյակը. մայիսի 11-ին Երևանից մեկնարկել էր վանքի հանրահռչակման միջոցառումների շարքը, իսկ արդեն մայիսի 28-ին մեծաթիվ ուխտավորներ զինվորականների ուղեկցությամբ այցելեցին Խորանաշատ վանական համալիր, անցկացվեցին մի շարք միջոցառումներ




Մակարդակով կոֆե Ալմաստ Եսայանի հետ

Այս ձմռան առաջին «Մակարդակով Կոֆեին» հրավիրված է Արցախից Տավուշ եկած  բարի, հմայիչ, հոգատար, սրտացավ, ուժեղ Ալմաստ Եսայանը։ 

«Մակարդակով Կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու ենք Հրանտ Ղազումյանի զրույցը՝ Ալմաստի հետ, ով կպատմի թե ինչպես եկավ Տավուշ ու սիրահարվեց Դիլիջանին։ 

 «Կյանքիս կարևոր ձեռքբերումը՝ ընտանիքս է», – ասում է նա։ Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր ջերմ ու հետաքրքիր զրույցին։




Իջևանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանի հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 3-ին 35 տարեկան կդառնար: Ի հիշատակ Էդգարի՝ նրա ծննդյան օրը Իջևանում բացվեց հուշաղբյուր, որը կառուցվել է ընկերների նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությունը իրականացրեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Էդգար Սարգսյանը 2020 թվականին անցնելով սահմանից սահման՝ մասնակցել է Արցախի պաշտպանության մարտերին, զոհվել հոկտեմբերի 4-ին՝ Մատաղիսում: Կյանքով ու էներգիայով լի, համեստ ու ընկերասեր. այսպես են հիշում Էդգարին իր հարազատներն ու ընկերները: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Էդգար Սարգսյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալը: