Սղնախից՝ Հաղթանակ․ Սարգսյանները բնակություն են հաստատել Տավուշում

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո բռնի տեղահանված Վարսիկ Սարգսյանի բազմազավակ ընտանիքը Ասկերանի Սղնախ գյուղից էր: Ընտանիքը այժմ ապրում է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։

Հեղինակ՝ Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյան։




Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։  




Տավուշ Մեդիայի թիմին միանալու հնարավորություն՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար

Պիˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք․․․

Տավուշ Մեդիան այս օրերին համակարգված տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ իրենց հասանելիք աջակցության, հնարավորությունների ու ծրագրերի մասին, որոնք առկա են Հայաստանում և, մասնավորապես, Տավուշի մարզում։

Արցախի մեր հայրենակիցների համար Տավուշ Մեդիան հայտարարում է նաև իր թիմին միանալու հնարավորության մասին. Արցախի մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մեզ հետ Տավուշում՝

  • Հեռուստատեսություն
  • կայք
  • ռադիո
  • պատանի լրագրողների ուսումնական կենտրոն։

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը, մասնագիտական փորձի ու գիտելիքի մասին տվյալները info@tavushmedia.am էլ․ հասցեին և մենք կկապվենք Ձեզ հետ։
060 460 202 ; 055 010 401
Միացեք՝ զարգացնենք Տավուշ Մեդիան, կյանքի կոչենք տավուշյան-արցախյան-համահայկական գաղափարները, աշխատենք, սովորենք և արարենք միասին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սիրելի հայրենակիցներ, դիտարկվելու են միայն Արցախից բռնի տեղահանված անձանց հայտերը:




ԵՊՀ ԻՄ-ը պատրաստ է ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է սիրով ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակեպելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ ԻՄ-ում:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին (հասցե` ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր մասնաշենք) երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 9:15-16:00-ն:

Անհրաժեշտ է դիմումներին կցել հետևյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝
1. 2 լուսանկար,
2. անձնագրի պատճեն,
3. ակադեմիական տեղեկանք կամ տեղեկագիր,
4. ԳԹԿ-ի վկայական,
5. միջնակարգ կրթության ավարտական վկայական և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական վկայական,
6. ընդունման և ազատման կամ հեռացման հրամաններ,
7. ուսանողական տոմս,
8. ստուգման գրքույկ,
9. այլ փաստաթուղթ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով սպասում է արցախցի ուսանողներին




Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Իջևանում վերաբնակեցված ընտանիքում երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել. փոքրիկը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ է եկել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված և Իջևան քաղաքում վերաբնակեցված Սարդարյանների արու զավակը: Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից հայտնում են որ երեխան ծնվել է լիովին առողջ, 2900 գրամ կշռով: Ծնողները փոքրիկին դեռ չեն անվանակոչել:

Խաղաղ ու անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։




Տավուշ գյուղում առկա է բնակելի տուն` արցախցի ընտանիքի համար

Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Ղևոնդյանը հայտնում է, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում առկա է տուն՝ տնամերձ հողատարածքով, որը կարող է հատկացվել Արցախից տեղահանված ընտանիքի:

«Տունը բավականին երկար տարիներ բնակեցված չի եղել` բնականաբար վիճակը տպավորիչ չէ, բայց գուցե հետաքրքրի Արցախի գյուղերից տեղահանված բնակիչներին: Ամեն ինչ կա` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, կան նաև բերքատու ծառեր: Եթե ցանկացողներ լինեն, ապա սիրով, անհատույց և անժամկետ կտրամադրենք»,- գրված է Սոնա Ղևոնդյանի էջում:

Անհրաժեշտ տեղեկություների համար գրեք էջին:




Հարցազրույց՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների հետ

2020 թվականից ֆրանսիացի բժիշկները տարբեր փուլերով այցելում են Հայաստան և Արցախ։ Այս օրերին բժիշկների խմբերը Տավուշում են և այցելում են մարզի սահմանամերձ գյուղեր՝ բուժանձնակազմներին աջակցելու նպատակով։

ՏավուշTV-ի տաղավարում են ֆրանսիահայ բժիշկ Լևոն Խաչատրյանը և սրտաբան-վիրաբույժ Արմինե Նադիրյանը։

Բժիշկների հետ Էռնեստ Խանումյանը խոսել է սահմանամերձ գյուղերի առողջապահական ոլորտի կարիքների, բնակչության խնդիրների և կամավոր բժիշկների գործունեության մասին։




ՀԿԽԸ-ն շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Գորիսի հյուրատներում տեղավորված երեխաների մարդասիրական կարիքներին

Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին արձագանքել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ։

Երեխաների համար կազակերպվել են նաև Առաջին օգնության դասեր, ավազաթերապիայի սեանսներ, այցելություն Գորիսի արվեստի դպրոց, Ղափամայի պատրաստում և թեյախմություն։

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմիր խաչի միջազգային մոդելի, աշխատում են երեխաների հետ՝ կազմակերպելով հատուկ խմբային միջոցառումներ, որոնք ներառում են զրույցներ, ընթերցանություն, ինտերակտիվ խաղեր, սթրեսի կառավարման հմտությունների փոխանցում, ինչը նպաստում է սթրեսի թեթևացմանը և առօրյա ժամանցի ապահովմանը:

ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է Սյունիքի մարզպետարանի հետ՝ հետագա արձագանքը խիստ կարիքի վրա հիմնված կազմակերպելու համար: