Արտակարգ օրեր․ աղետի հետևանքները՝ Տավուշի մարզում
Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը առաջացրեց մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ։ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր էին ստացվել շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Անհապաղ մեկնարկեցին որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները, որոնցում ներգրավվեցին 324 փրկարարներ։
Մայիսի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն աղետի գոտում 4 զոհ կար, որոնցից մեկը Տավուշի մարզից․ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս էր բերվել Հաղթանակ գյուղի բնակիչ Ավագ Ավագյանի դին։ Հեղեղումների հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին որպես աղետի գոտի: Աղետի գոտիներում օպերատիվ աշխատանքային խմբերը սկսեցին կազմակերպել բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:
Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստևի վարարումը 3 տուն փլուզեց, գետի ափամերձ տարածքի տները, շենք-շինությունները ջրալցվեցին, փլուզվեց Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ճանապարհի Հաղարծին գյուղի ճանապարհահատվածը։
Հեղեղումները վնասեցին Իջևան քաղաքի Պռոշյան-Ղարագյոզյան փողոցների հատվածի գազատար խողովակը, որն արագորեն վերականգնվեց: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց: Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը տվյալ կամրջով դեռ արգելվում է։
Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչները գյուղերից դուրս գալու համար օգտվում են այլընտրանքային-գրունտային ճանապարհից։
Դեբեդ գետի վարարումը վնաս է հասցրել Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքին ու հարակից բնակավայրերին։ Աղետի հետևանքները Նոյեմբերյանում ավելի շատ են՝ փլուզվել է Այրումի կայարանի կամուրջը, որի հետևանքով վնասվել է գազատարը և դադարեցվել գազամատակարարումը, ավերվել են ենթակառուցվածքները, վնասվել հողատարածքները, մարդկանց ավտոմեքենաները։ Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը: Դեբեդի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին՝ ջրածածկվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ: Ոչնչացվել են ընտանի կենդանիներ։ Մեծ վնասներ է կրել Բագրատաշենի մաքսատունը։
Այս արտակարգ օրերին, Տավուշ Մեդիան աշխատելով աղետի գոտիներում, ներկայացրել է իրավիճակի հետևանքները՝ առաջացած խնդիրները, կարիքները, կատարված ու կատարվելիք աշխատանքները։
Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ,
Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան: Դրանք կարող եք ուղարկել մեզ՝ նշված հասցեներով։ (Facebook – Տավուշ ՀԸ / Tavush TV կամ info@tavushmedia.am)
Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:
Վերստին տեղեկացնում ենք՝ Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցման վարքականոններին կարող եք ծանոթանալ այցելելով tavushmedia.am կայք։ Այցելեք, կարդացեք, դիտեք ու եղեք իրազեկ։ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։
Հեղինակներ` Էռնեստ Խանումյան, Անգելինա Մանուկյան, Վաղարշակ Ալավերդյան, Արտյոմ Դալյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։