Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։




Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում.
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 6.4 մ3/վ-ով և կազմել 71.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 43.9 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 0.90 մ3/վ-ով ավելացել է մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի ժամը 08։00-ի համեմատ ավելացել է 0.50 մ3/վ-ով և կազմել՝ 31.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 0.24 մ3/վ-ով և կազմել՝ 7.71 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 8.62 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.83 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 3.80 մ3/վ-ով և կազմել է 29.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում մայիսի 31-ի 15։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 0.67 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):
Մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ Աղստև և Դեբեդ գետերի ավազանների հիդրոլոգիական դիտակետերում դիտված ջրի ելքերի մեծություններն արդեն նվազելով հավասարվել կամ ավելի փոքր արժեքների են հասել, քան մայիսի 25-ին՝ հեղեղումների նախօրյակին դիտված ջրի ելքերն էին։




Ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով:




Փլուզված կամուրջ, ջրալցված տներ. աղետի հետևանքները Այրումում

Հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ դեպքերից ու պատահարներից հետո Տավուշի և Լոռու մարզերում շարունակվում են իրականացվել աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։ Շարունակում ենք աշխատել աղետի գոտում. այժմ Նոյեմբերյան համայնքում ենք, այստեղ տուժել են Այրում քաղաքն ու հարակից գյուղական բնակավայրերը:

Կառավարության որոշմամբ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքը և հարակից Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան, Քարկոփ գյուղերը ճանաչվել են աղետի գոտի: Դեբեդի վարարումը մի շարք ավերածություններ է գործել` ավերել ենթակառուցվածքները, վնասել հողատարածքները:

Այրումի կայարանի կամրջի փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, որի պատճառով թաղամասում դադարեցված է գազամատակարարումը: Վարչական ղեկավարիխոսքով` աշխատանքներ են տարվում գազատարիվերանորգման ուղղությամբ:

Հեղեղումները հատկապես վնաս են հասցրել Այրում կայարան թաղամասի բնակիչներին: Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը:

Այրում կայարանի տարածքում վնասվել են նաև սեփականատերերի ավտոմեքենաները:

Վերջին տարիներին այսպիսի արտակարգ իրավիճակ համայնքում չէր եղել: Այսպիսի վարարումներ հիշում են նաև 1960-ական թվականներին:

Գյուղացիները փորձում են ինքնուրույն կարգի բերել տները, տնամերձ հողատարածքները, ափսոսանքով նշում, որ աննախադեպ հեղեղը ջրի հետ տարել է իրենց տարիների աշխատանքի արդյունքները:

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին, սակայն պատճառված վնասների ճշգրտումները ամբողջապես կատարվելու են գետի մակարդակի իջեցումից հետո:
Հեղեղումների պատճառով գրանցված արտակարգ դեպքերի հետևանքով հասցված վնասների և բնակիչների կարիքների գնահատման ու հավաքագրման աշխատանքները շարունակվում են:

Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ, Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան:
Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:




Վնասվել է Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել. գյուղի այլընտրանքային ճանապարհը նորոգվում է

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվել է Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել:
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը վաղ առավոտից տվյալ կամրջով արգելված է։ Տավուշի մարզպետի հավաստմամբ` իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Տեղում պարեկային ծառայությունը հերթապահություն է իրականացնում:
Կաառավարության որոշմամբ՝ Խաշթառակը նույնպես աղետի գոտի է ճանաչվել:

Գյուղի կամուրջը փակ է մեքենաների համար, սակայն բնակիչները կարող են ոտքով անցնել: Հեղեղումների պատճառով հասցված վնասների և բնակիչների կարիքների գնահատման ու հաշվառման աշխատանքները շարունակվում են:

 

 




Կամավորների հավաքագրում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Հայաստանի Հանրապետությունում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման աշխատանքներին աջակցելու նպատակով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հավաքագրում է կամավորական խումբ:

Եթե ցանկանում եք ներգրավվել կամավորական աշխատանքներում, ապա խնդրում ենք մինչև ս.թ. մայիսի 30-ը գրանցվել նշված հղումով:




Հեղեղումների պատճառով Տավուշի մարզում առաջացել է էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խնդիր

Աղստև գետի վարարման և ափերից դուրս գալու հետևանքով փլուզվել է հենապատ, որի պատճառով Իջևան քաղաքի Պռոշյան-Ղարագյոզյան փողոցների հատվածում վնասվել է գազատար խողովակ:
Այս պահին մոտ 300 ընտանիք զրկված է գազամատակարարումից:

Վերոնշյալ խնդիրն առկա է նաև Դիլիջան համայնքում, Այրումի երկաթգծի կայարանում:

Դիլիջան-Թեղուտ ճանապարհահատվածում գտնվող էլեկտրական սյուների վնասման պատճառով 300 բնակիչ այս պահին զրկված է հոսանքից:

Իջևան համայնքի Լուսաձոր և Խաշթառակ բնակավայրերի վարչական շրջաններում տեղակայված մի շարք արտադրամասեր մասնակի հոսանքազրկված են:

 




Աղստև գետի վարարման հետևանքով Հաղարծին գյուղում արտակարգ իրավիճակ է

Աղստև գետի վարարման հետևանքով Հաղարծին գյուղում փլուզվել է միջպետական ճանապարհահատվածը, տներ և հանրային նշանակության շինություններ են ջրալցվել։

Տավուշյան Ռեպորտաժը՝ անմիջապես դեպքի վայրից։




Օպերատիվ իրավիճակը Տավուշում և Լոռիում | 19:30

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն (19:30, 26, մայիսի)

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում:

Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:
Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։
Լոռի մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրանքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, որոնք անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի խորհրդակցություն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչության պետն ու այլ պաշտոնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

 




Օպերատիվ իրավիճակը Տավուշում և Լոռիում | 17:00

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է ժամանել ՀՀ վարչապետը։
ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել Թեժ գիծ:

Լոռու մարզպետի որոշմամբ մասնակի գործողության մեջ է դրվել արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանը, մասնավորապես՝ 7-րդ հավելվածով հաստատված «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում ՀՀ Լոռու մարզի գործելու պլանը»։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74. մասնավորապես՝ 223 մարդ՝ Լոռու մարզում և 41՝ Տավուշի մարզում:

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։