Տավուշի և Լոռու մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ. ՆԳՆ

Օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում ժամը 15:30-ի դրությամբ

Ըստ օպերատիվ դրության որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու:

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի:

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել:

Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված և խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր և ապատեղեկատվություն տարածելուց:

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան) և Մ-6,
Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Վանաձորից Ալավերդի մինչև Բագրատաշենի անցակետ) ճանապարհատվածները։




Վարքականոններ ջրհեհեղի դեպքում

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:

Ջրհեղեղները կարող են առաջանալ.

– երկարատև առատ տեղումներից.
– սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից.
– ջրամբարների փլուզումներից.
– հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
– ծովային փոթորիկներից.
– ցունամիներից.
– երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը

– Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
– Պատրաստեք ավազով լցված պարկեր:
– Մաքրեք կոյուղին:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
– Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն):
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
– Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

– Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
– Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո

Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը`

– հիմքի ամբողջությունը.
– պատերի, պատուհանների և հատակի վիճակը.
– հաղորդակցության համակարգը.
– թունավոր օձերի հնարավոր առկայությունը.
– ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.
– խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
– մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.
– նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.
– հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.
– վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.
– առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:




Հորդառատ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացվող տեղեկատվություն

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանոմներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ – 2 դեպքում իրականացրել են քարշակում։

Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։




1997թվական, մարտի 1, Քաղպաշտպանության համաշխարհային օրը 

Արտակարգ Գիրք Պատառիկներ

Լրատվությունն արտակարգ իրավիճակներում

Եվս մեկ թոշնած գարնանամուտ կամ՝ մթագնած խորհուրդ մարդասիրության

1997թվական, մարտի 1, Քաղպաշտպանության համաշխարհային օրը

Երևանի Լենինի հրապարակում, ճիշտ է Լենինի արձանն ու անունը հանել են, բայց իներցիան դեռ մնացել է, շատրվանների դիմաց շարվել են Արտակարգ իրավիճակների վարչության սակավաթիվ փրկարարները, նրանց դիմաց` ունեցած տեխնիկան: Պատկերասրահի շենքից պարաններով կախվել ու իրենց մասնագիտական վարպետությունն են ցուցադրում մի քանի առավել աչքաբաց պրոֆեսիոնալները: Երաժշտություն, տոնական տրամադրություն, լրագրողներ, հարցազրույցներ: Շուտով տասնհինգ տարին կլրանա Սպիտակի երկրաշարժի: Այո, մեր երկիրն այսօր արդեն դասեր է քաղել` կառույց ունենք, զարգացում ունենք: Ես և Արտակարգ ալիք հեռուստահաղորդման լրագրողներն էլ բոլորին արտակարգ իրավիճակների մասին իրազեկության կարևորության մասին հարցեր ենք տալիս: Մեկ էլ ճռնչալով մի ոստիկանական մեքենա կանգնեց հրապարակի պռնկին ու ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը շատ մտահոգ մոտեցավ ԱԻՎ պետ-նախարար Ստեփան Բադալյանին: ես նրա կողքին էի: Իջևանի ՆԳ բաժինն է վառվում, միջի մարդկանց չենք կարողանում հանել: Հրշեջները կրակը հանգցրել են, բայց պատը չեն կարողանում քանդել, ծակել: Երկու փրկարար վերցրեց իրենց գործիքներով ու սլացավ: Բայց ուր: Երևանից 150 կիլոմետր հեռավորությամբ Իջևանում, հրդեհի հետևանքով փայտաշեն ՆԳ բաժնի քարակերտ նախնական կալանքի խցում ծխից խեղդվեց 13 կասկածյալ, 13 առողջ, ընդամենը կասկածյալ` երիտասարդ: Հրշեջները միայն փողրակներ ու կացիններ ունեին, օպերատիվ ու պրոֆեսիոնալ հանգցրին կրակը: Այլևս ոչ մեկին պետք չեկող բանալիներով խուճապահար փախած հերթապահը, որն ըստ իր հրահանգի` իրավունք չուներ դուռը բացելու ու նոր ճողոպրելու, ըստ օրենքի` պարտավոր էր ապահովել մարդկանց տարհանումը կյանքի համար վտանգ ներկայացնող վայրից: Միակ փրկությունը պատը քանդելն էր, որն արեցին հարևան գնդից բերած տանկի օգնությամբ, բայց ուշ էր` ներսիններն արդեն ծխախեղդ էին եղել:

Քաղպաշտպանության համաշխարհային օրը նշելու ցուցադրական միջոցառման տոնական տրամադրությունն ի չիք դարձավ: Միլիցիայի հետ կռիվ տալով, սյուժեն պատրաստեցի ու եթեր գնաց նյութը` ՆԳ բաժնի շենքի հրդեհային անվտանգության մասին, աշխատակիցների խուճապի ու տարրական մտահոգության բացակայության մասին, արձագանքողների` այն ժամանակ հրշեջները նույնպես ՆԳՆ համակարգում էին, ուշ կողմնորոշվելու և տեխնիկական անբավարար զինվածության մասին, ԱԻՎ փրկարարների կենտրոնացվածության, ուշ տեղ հասնելու և ապակենտրոնացվածության անհրաժեշտության մասին: Ում համար են Երևանի փրկարարները, եթե նրանց օգնությունը շրջաններում էլ է անհրաժեշտ: Ինչու հրշեջները կտրող-ծակող գործիքներ պիտի չունենային: Այդ հիմա արդեն մեր բոլոր հրշեջները նաև փրկարար են, ուսուցանված են ու հագեցված փրկարարական գույք հանդերձանքով: Այդ հիմա արդեն բոլոր մարզերում ու քաղաքներում մենք ունենք հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ`բոլորն էլ ապահովված անհրաժեշտ գույքով: Հետո առավել մանրամասն կներկայացնեմ, բայց հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանը`Արձագանք կոչվող ապակենտրոնացման, տեխնիկական հագեցման և ուսուցման երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրի համար:




Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել

Արտակարգ դեպք է գրանցվել սիրիական Հալեպ քաղաքում. երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել: Նորածնին դուրս են բերել փլատակների տակից, երեխայի մորը, սակայն, փրկել չի հաջողվել. նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո:

Վերջին տվյալներով` Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 656-ի: