Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Փրկարար ծառայություն

Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։ Փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։

Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։

ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաև բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում և հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։

Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։




Բնակչության կրած վնասները առատ անձրևի հետևանքով

Իջևանում հորդառատ անձրևի, երկարատև կարկտահարության ու ուժգին քամու հետևանքով ստեղծված իրավիճակի հետևանքների վերացման նպատակով Իջևանի համայնքապետարանի Կոմունալ ծառայության ողջ անձնակազմը երրորդ օրն է շարունակում է ինտենսիվ աշխատանքները։ բնական երևույթների վտանգավոր զարգացումների հետևանքով իրավիճակի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների ու կարիքների գնահատման գործընթացի շրջանակում համայնքապետարանի աշխատանքային խմբերը շրջում են Իջևանի թաղամասերում, կատարում վնասների հավաքագրում:

Վնասները հատկապես եղել են Իջևան քաղաքի Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան, Մելիքբեկյան, Օհանյան, Սպանդարյան ու Ասլանյան փողոցներում։ Վնասվել են բնակիչների բերքատու տնամերձ այգիները, մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

Այս արտակարգ օրերին Տավուշ Մեդիան համագործակցելով մարզային և համայնքային իշխանությունների հետ, ձեզ համար պատրաստել է օպերատիվ, անհրաժեշտ, հավաստի և օգտակար տեղեկություններ պարունակող Արտակարգ տեղեկագիր՝ տեքստային, ֆոտո ու տեսա շտեմարան:Ստեղծված Իրավիճակի, հետևանքների, կարիքների, կատարած ու կատարելիք աշխատանքների մասին տեղեկանալու, և Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցմանը կարող եք ծանոթանալ այցելելով www.tavushmedia.am կայք: Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված: Ով իրազեկված է, նա պաշտպանված է:




Հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքները Իջևանում

Հորդառատ անձրև ու երկարատև կարկուտ է տեղացել հունիսի 19-ի երեկոյան՝ Իջևան քաղաքում: Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով մարզկենտրոնում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Եղանակի կայունացումից անմիջապես հետո Իջևանի համայնքապետարանի աշխատանքային խմբերը մաքրել և բացել են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Տեղում ծառայություն են իրականացրել և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԳՆ Փրկարար ու Պարեկային ծառայությունների և շտապօգնության աշխատակիցները:

Աննախադեպ կարկուրտից ու տեղատարափ անձրևից հետո Իջևանում առկա է էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, կան վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր: Լուրջ վնասներ են կրել սննդի, առևտրային կետերն ու սպասարակման կենտրոնները:

Առատ անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած տարբեր ծավալների վնասների հավաքագրման ու գույքագրման նպատակով Իջևանի համայքնապետարնում ստեղծվել է հաձնաժողով։ Հանձնաժողովը շրջում է Իջևանի թաղամասերում, հավաքագրում պատճառված վնասները:

Իջևանի համայնքապետարանը՝ փրկարար ու պարեկային ծառայողների ու քաղաքացիների հետ համատեղ շարունակում է աշխատանքները՝ լուծելով առկա խնդիրները:






Զրույցներ հոգեբանի հետ․ Արտակարգ իրավիճակների հոգեբանական ազդեցությունը

Վերջին մի քանի տարում կարողանո՞ւմ եք նորմալ քնել։ Ունե՞ք գլխացավեր, սրտխառնոցներ, որոնք վերջերս են առաջացել։ Սրանք այն դրսևորումներից մի քանիսն են, որոնք տեղի են ունենում արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանցից հետո։

Տավուշ TV-ի եթերում հոգեբան Մերի Ազիզյանը բացատրում է, թե արտակարգ իրավիճակների ազդեցությամբ ինչպե՞ս են առաջանում սթրեսը, վախը: Ամենակարևորը՝ զրույցում նա պատմում է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր հոգեկան առողջությունը ինքնակարգավորման և ինքնախնամքի միջոցով։

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի:






Բնակչության գործելակերպն ու վարքականոնները երկրաշարժից առաջ

ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից․

Ինչպես նախապատրաստվել երկրաշարժին
1988-ի Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց, որ երկրաշարժի նախապատրաստական փուլը սեյսմապաշտպանության հարցում վճռական նշանակություն ունի։
Այժմ թվարկենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են նախապատրաստական փուլում։
Ձեռք բերեք տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ։ Քարտեզում նշված են ձեր շենքի սեյսմակայունության գործակիցը, տարածքի վթարավտանգ և թունավոր օբյեկտները։
Այդ քարտեզը կնպաստի ձեր հետագա սեյսմապաշտպանական գործողություններին։
Քարտեզի ձեռքբերման հարցով կարող եք դիմել քաղաքապետարան կամ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայություն։

Շենքերի անվտանգության համար անհրաժեշտ պայմանները
Այս խնդրի շուրջ խոսելիս տեղին է հիշել ճապոնացիների հետևյալ պատկերավոր արտահայտութունը. «Երկրաշարժե´րը չեն սպանում մարդկանց, այլ` նրանց կառուցած վատ շենքերի բեկորները»։ Սա իր ողբերգական հաստատումը գտավ 1988-ին Հայաստանում. մարդկանց մեծ մասն ավերակների զոհ դարձավ։
Շինհրապարակի ընտրության հարցում ունեցեք տեղանքի կառուցապատումը երաշխավորող փաստաթուղթ, ըստ որի շենքեր անհրաժեշտ է կառուցել երկրաբանական ակտիվ խզվածքներից հեռու, որովհետև ավերածություն առաջացնող գրունտի տեղաշարժերը կատարվում են հենց այդ խզվածքների երկայնքով։
Չի թույլատրվում շենքերը կառուցել սարալանջերի ստորոտին գտնվող ջրաբերուկային գրունտների վրա։ Երկրաշարժի հետևանքով նման վայրերում փլուզումներ և սողանքներ են առաջանում։
Ստուգեք ձեր տան վիճակը, եթե անհրաժեշտ է` անմիջապես ձեռնամուխ եղեք այդ գործին, որովհետև ձեր բնակարանի անվտանգության համար արված ոչ մի միջոց չի օգնի, եթե շենքն ամբողջությամբ ամրացված չէ։
Շենքեր կառուցելիս հնարավորինս ամուր հիմք դրեք, իսկ պատերը հուսալիորեն ամրացրեք հիմքին։
Շենքերում չի կարելի կատարել այնպիսի ձևափոխումներ, որոնք նվազեցնում են շենքի սեյսմակայունությունը, օրինակ`

ա. հիմքը թուլացնող նկուղային հարկերի վերակառուցում,
բ. բնակարանի հատակագծի փոփոխություն (կրող պատերում բացված որմնախորշեր, որոնք ազդում են շենքի ընդհանուր ամրության վրա),
գ. տանիքում ջրի ծանր բաքի տեղադրում։

Շենքերից մարդկանց տարհանելու և տուժածներին փրկելու ուղիների ապահովման համար պետք է.

• երկաթյա դռները փոխարինել փայտե դռներով, որովհետև առաջին իսկ ցնցումների ժամանակ մետաղյա դռները սովորաբար ճկվում են և դժվար բացվում, իսկ երբեմն` լռվում.
• առաջին հարկերի պատուհաններից հանել մետաղյա ճաղաշարերը, իսկ եթե անվտանգությունն ապահովելու նպատակով օգտվել եք պաշտպանական միջոցներից, ապա ճաղաշարերն ամրացնել անմիջապես բացվող փեղկերին, քանի որ պատուհանները ևս պահեստային ելք են.
• ելքերը և մուտքերը, սանդղավանդակներն ու միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից։

Ծառայողական և բնակելի շենքերում ձեր անվտանգութունն ապահովելու համար.

• կահույքը, հաստոցներն ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին.
• նուրբ էլեկտրոնային սարքերը իջեցրեք վերին դարակներից և տեղադրեք ներքին դարակներում` հատուկ միջադիրների վրա.
• ծանր առարկաները նույնպես իջեցրեք վերին դարակներից, տեղադրեք առանձին պատվանդաններին.
• դյուրավառ և թունավոր հեղուկներով անոթները հուսալիորեն ամրացրեք, ստուգեք տարաների ամրակները և խցանների հուսալիությունը.
• խտացված գազով լի գլանոթը և ջրատաքացուցիչը մետաղագամերով ամրացրեք պատին.
• կախովի իրերը և լուսավորող սարքերը հուսալիորեն ամրացրեք առաստաղին.
• մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ` պատուհաններից հեռու։ Չի կարելի մահճակալի վերևում կախել գրադարակներ, ծանր շրջանակներով նկարներ։

Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է.

• նախապես մշակել հնարավոր երկրաշարժի ժամանակ ձեր գործելակերպը, այն կօգնի ձեզ երկրաշարժի պահին խուսափել խուճապային իրավիճակներից և ճիշտ գործել.
• գիտենալ տան կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։ Ձեր ընտանիքի անդամներին և աշխատակիցներին ծանոթացնել դրանց.
• նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ ուղին։

Ընտանիքի անդամների հետ պայմանավորվել-ճշտել (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք բնակավայրի տարբեր մասերում) հանդիպման տեղը.

• տիրապետել և ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնության ձևերը.
• տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

Պայուսակի մեջ պետք է լինեն.

• առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք, վիրակապական նյութեր).
• մարտկոցով ռադիոընդունիչ և գրպանի լապտեր.
• կարևոր փաստաթղթեր և տաք հագուստ.
• պահածոյացված սնունդ և խմելու ջրով լի տարա (սնունդ պատրաստելու և խմելու համար անհրաժեշտ է 3-4 լիտր ջուր)։




Հրդեհ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում (թարմացված)

Ինչպես հաղորդվել էր օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:
——————–
Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։


Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։


Սեպտեմբերի 4-ին, ժամը 07:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից։


Սեպտեմբերի 5-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 74 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության 23 աշխատակից։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։

 






Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցեր

Պարտադիր, անհրաժեշտ, հետաքրքիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Պատասխանները Արտակարգ ալիքի ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից:

Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ:

– Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:

Կա՞ արդյոք ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժերի տեղի ունենալու պարբերականություն:

– Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:

Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը.

– Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում.

– Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի կարող է հասնել միչև 7,5 միավորի, կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը.

– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը.

– Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի կամ, նույնն է, սեյսմիկ շրջանացման մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտանգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ: Մեր կարծիքով, այսպիսի գնահատումն իրական վտանգին շատ ավելի մոտ է:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի երկրաշարժերի առաջացումը.

– Երկրագնդի սալերի տեկտոնիկայի հայտնի սխեմայի համաձայն, Կովկասը, այդ թվում և ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարումների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշարժերի: Քանի որ սալերի նշված տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար՝ մեր հանրապետության տարածքում ևս ապագայում կլինեն ուժեղ երկրաշարժեր:

Ուժեղ երկրաշարժի ժամանակ Հայկական ատոմակայանը քանի՞ բալի կդիմանա.

– Ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե’ տեղական և թե’ արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար:

Սպիտակի երկրաշարժը բնական ծագման երկրաշարժ էր, թե՞ ոչ.

– Սպիտակի երկրաշարժը միանշանակ բնական երկրաշարժ էր: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օջախում անցյալում ևս եղել են երկրաշարժեր: Երկրաշարժի ժամանակ անջատվել է 1016 Ջոուլ էներգիա, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված հարյուր ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունից անջատված էներգիային: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10-12 կմ խորության վրա. այդպիսի խորության հորատման միջոցով մարդկությունն առ այսօր հասել է միայն մի կետում` Կոլա թերակղզում, 10-ից ավելի տարիների հորատման ընթացքում: Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված դասական երկրաշարժ է` նախացնցումներով, հիմնական ցնցումներով և հետցնցումներով:

Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանում կամ նրա որևէ թաղամասում ի՞նչ ավերածություններ կարող են լինել.

– Մինչև 1990-ական թվականները կառուցված ՀՀ շենք-շինությունները չեն համապատասխանում տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակին (նախագծվել են ցածր վտանգի հաշվառումով, ցածր էր շինարարության որակը, շենքերի զգալի մասը հատել է շահագործման ժամկետը և այլն), հետևաբար՝ խոցելի են: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խոցելի են:

Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շենքեր.

– Երևան քաղաքում և ՀՀ-ում կարելի է կառուցել բարձրահարկ շենքեր, եթե հաշվի են առնված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային բավարար պայմանները և սեյսմակայուն շինարարության բոլոր նորմերը:

Որքանո՞վ են ՀՀ բնակավայրերը պաշտպանված ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքներից.

– Ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքների նվազեցման նպատակով ՀՀ կառավարությունը 1991 թվականին մշակել է ռազմավարություն, 1999 թվականին հավանություն է տվել սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու համալիր ծրագրերի՝ ՀՀ տարածքի և Երևանի տարածքի համար: 2002 թվականին ընդունվել է ԱՊՀ երկրներում առաջին՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2010 թվականին ընդունվել է Հայաստանի սեյսմիկ անվտանգության ապահովման հայեցակարգ և նույն թվականին՝ նրա դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ գերատեսչությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, իրականացնում է ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ:

Որո՞նք են ՀՀ-ում ուժեղ երկրաշարժերից շենքերի մեծամասշտաբ ավերումների հիմնական պատճառները.

– Մինչև 1989 թվականը կառուցված շենքերն ու կառույցները սեյսմիկ տեսակետից ավելի խոցելի են մի քանի պատճառներով: Նախ, դրանք նախագծվել ու կառուցվել են հիմնականում սեյսմիկ վտանգի ցածր մակարդակի հաշվառումով, ապա՝ շինարարության որակը ցածր է եղել, սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները այնքան էլ խիստ չէին, որոշակի քանակով շենքերի շահագործման ժամկետն անցել է, և վերջապես՝ թույլ են տրվել սխալներ շենքերի շահագործման ժամանակ: Սա հանգեցրել է շենքերի և կառույցների սեյսմակայունության նվազեցմանը: 1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը.

– Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.

– Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ.

– Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը.

– Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

 




Երկրաշարժի կանխատեսում




Որ փորձությունը փորձանք չդառնա

Ներբեռնել

Սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրիս կյանքում էլ տարաբնույթ դեպք‐պատահարներ եղել են: Մի բան պատահել է, մեկս մյուսին օգնության է հասել: Նույնն էլ մեր պետությունը. որևէ մարզում աղետ է եղել, պետական կառույցներն արձագանքել են, հասել են, օգնել են, փրկել են, փոխհատուցել են: Ուշ թե շուտ, լավ թե վատ, այլ հարց է:

Այսօր ամբողջ աշխարհը փոխել է իր ռազմավարությունը՝ արձագանքման մշակույթից անցնելով կանխարգելման և համայնքների խոցելիության նվազեցման մշակույթին: Իսկ այդ մշակույթի հիմքը իրազեկված քաղաքացին է, մենք բոլորս և մեզնից յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչ վտանգներ կան, ինչ է արտակարգ իրավիճակը, ինչ բնութագրեր ու դասակարգում ունի այն, ինչ են նշանակում խոցելիությունն ու կարողությունը, ինչպես է ձևավորվում աղետների ռիսկը և ինչպես կարելի է այն նվազեցնել, գիտակցում է, որ աղետների ռիսկի նվազեցումը մարդկային կյանքերի փրկություն է և ապրուստի միջոցների աղբյուրների պաշտպանություն, որ կանխարգելմանն ուղղված ֆինանսները ոչ թե ծախս են, այլ ներդրում, գիտի ինքնօգնության, փոխօգնության, առաջին նախաբժշկական օգնության տարրական հիմունքները, գնահատում ու պահպանում է անվտանգ ու առողջ շրջակա միջավայրը, կարողանում է գրագետ կառավարել հողը, ջուրը, օդը, արագ ուրբանիզացվող ու զարգացող, տեխնիկապես հագեցվող քաղաքային միջավայրը, նաև՝ կլիմայի փոփոխության ռիսկերը:

Մենք բոլորովին էլ այն քաղաքականության կողմնակիցը չենք, որը մարդկանց վախեցնում է աղետ‐բոբոներով՝ այ եթե չիրազեկվեք‐չպատրաստվեք, աղետը կգա ու կսրբի կտանի ձեր ունեցած‐չունեցածը, կվնասի ձեզ ու ձեր մերձավորներին՝ անկախ ձեր դիրքից, պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ դուք ինքներդ բացահայտեք, թե ինչ է պետք իմանալ, ձեր կյանքը բարելավելու և առավել անվտանգ դարձնելու համար, որն է աշխարհի լավագույն փորձը, ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում մեր երկրին, ինչ նոր մարտահրավերներ կան, ինչպես կարելի է հզորացնել ձեր կարողությունները, նվազեցնել խոցելիությունն ու մեղմել անկանխելի աղետի հետևանքները:

Խնդրում ենք գիրքն ընթերցել անշտապ ու կանգ առնել առանձին գլուխների վրա: Քննարկեք այն ձեր ընտանիքի անդամների ու գործընկերների հետ: Համադրեք այս հանրամատչելի ձեռնարկը Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հետ: Հիշեք, որ հենց ձեզանից, ձեր գիտելիքներից, հմտություն‐կարողությունից է կախված, թե արդյոք, փորձանք կդառնա վերահաս փորձությունը, թե՝ անցյալի գիրկն անցած, դիմագրավված ու հաղթահարված հերթական մարտահրավեր: