Արճիսի հին ու նոր սերունդները միասին նշեցին դպրոցի հիմնադրման 85-ամյակը

Արճիսի դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1940 թվականին, Երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հիմնված 7-ամյա դպրոցը հետագայում դարձել է միջնակարգ Փոքրիկ, բայց կենսախինդ այս դպրոցը Արճիսի գյուղական կյանքի զարկերակն է արդեն 85 տարի։

Հոբելյանական միջոցառմանը դպրոցի բակը կրկին լեցուն էր մտերիմ ու հարազատ դեմքերով․ տարբեր սերունդների շրջանավարտները հավաքվել էին հարազատ կրթօջախում՝ նշելու իրենց դպրոցի հիմնադրման օրը։ Նրանք միասնաբար ծառատունկ իրականացրին շրջանավարտների պուրակում։ Տնկված ծառերն առաջին հերթին կանաչապատման կարևոր քայլ են, ապա նաև խորհրդանշական հիշեցում․ պետք է հավատարիմ մնալ արմատներին:

Ծառերը դպրոցին էր նվիրել տարածաշրջանում գործող «Գանձոր» տեղական ակտիվ խումբը։ Կազմակերպությունը կարևորում է, որ յուրաքանչյուր աշակերտ սովորի խնամված, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում, և իրենց այս աջակցությամբ նպատակ ունեն նպաստելու այդ պայմանների ձևավորմանը։ Դպրոցի բակում կտեղադրվեն նաև նստարաններ։

Արճիսի դպրոցի հիմնադրման 85-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Նոյեմբերյանի համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, համայնքում գործող կառույցների ներկակացուցիչները:

Արճիսի դպրոցում այսօր սովորում է 154 աշակերտ՝ աշխույժ, նախաձեռնող, մասնակցային։ Նրանց լուսավոր ու ժպտուն հայացքներում, այնուամենայնիվ, մի ընդհանուր մտահոգություն կա․ դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի։ Տոնական օրը, սակայն, լի էր ուրախությամբ. ներկայացվեց դպրոցի 85-ամյա տարեգրությունը, իսկ աշակերտների ազգային պարերն ու երգ-երաժշտական կատարումները յուրահատուկ գունազարդում հաղորդեցին օրվան։

«Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն՝ ձմեռ թե գարուն»․ 85 տարիների արձանագրումը նաև ակնարկ է՝ դպրոցը շարունակելու է ապրել, շնչել ու կերտել իր նոր էջերը:




«Սիրենք ու պահպանենք մեր բարբառը․ այն մեր մշակույթի մասն է»․ Արճիսի դպրոցականների տեսանյութը

Մարիա Մուսայելյան, Նանե Ալավերդյան, Թագուհի Գալստյան, Արճիս գյուղ, Նոյեմբերյան




Կյանքն աղետից հետո․ հետաղետային Այրումը

4-րդ շաբաթն է ինչ աղետյալ Այրումում մարդիկ շարունակում են մաքրել ու լվանալ իրենց տունը, կահ-կարասին, բարեկարգում են բակերը՝ զուգահեռաբար մշատպես բաց պահում դռներն ու պատուհանները, որպեսզի հնարավորինս շուտ չորացնեն հեղեղից փրկված իրերը։ Առաջին հարկեր լցված ջուրը հետ է քաշվել, բնակիչները՝ փրկարարների ու կամավորների հետ միասին տիղմի մաքրման աշխատանքներն են կատարել։

Աղետից հետո բնակիչներին տրվել են աջակցություններ՝ հաշվի առնելով վնասի չափերն ու մարդասիրական կարիքները։

Հեղեղումներից տուժած բնակիչներից ոմանք փորձել են գնահատել կրած վնասները․ քաղաքի հյուրանոցներից մեկում վնասի չափը հասնում է 24 մլն դրամի։

Աղետից հետո կարճ ժամանակում երկաթուղային հին կամուրջը վերափոխվել է  տրանսպորտային միջոցների համար կամրջի․ այս եղանակով ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցվում են մինչև Այրում կայարան։

Աղետի օրերին ու նաև հետաղետային փուլում արտակարգ ռեժիմով աշխատել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Առ այսօր բնակիչներից 335 դիմում է ստացվել և դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Վնասների գույքագրումը շարունակվում է․ իսկ բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանքի՝ մոռացության տալով այն տագնապներն ու վախերը, որ ապրեցին ու զգացին Դեբեդի վարարման հետևանքով։


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։




Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը

Նոյեմբերյանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային միկրոավտոբուսի խափանման հետևանքով Արճիս-Նոյեմբերյան և հետադարձ Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը։




Արճիսի միջնակարգ դպրոցում բացվեց Տիգրան Մուսայելյանի անվան ռազմագիտության դասասենյակը

Փետրվարի 25-ին Արճիսի միջնակարգ դպրոցում բացվեց 2022 թ․ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Մուսայելյանի անվան ռազմագիտության դասասենյակը։

Տիգրան Մուսայելյանը ընտանիքի 4-րդ զավակն էր: Նա մասնակցել է մի շարք ռազմամարզական մարզային մրցույթների և հաճախ հաղթանակած վերադարձել։ 2020 թվականին ընդունվել է ԵՊՀ անգլերենի բաժին, իսկ 2021 թ․ հունիսի 21-ին զորակոչվել բանակ, ստացել սերժանտի կոչում և նշանակվել մարտական դիրքի ավագ։ Մարտական գործողությունների ժամանակ պատվով կատարել է դիրքի ավագի իր պարտականությունը, մարտը վարել մինչև վերջ և անմահացել իրեն վստահված դիրքի պաշտպանության ժամանակ։

Հավերժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրներին․․․

Ռեպորտաժը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի․




Արճիսի կանանց բասկետբոլի թիմը՝ առողջ ապրելակերպի և միմյանց ճանաչելու միջավայր

Ուսուցչուհի, մանկապարտեզի աշխատող, դերձակ, վարսավիր, տնային տնտեսուհիներ. Արճիս գյուղի բասկետբոլի թիմը տեղի կանանց առողջ ապրելակերպի ընտրությունն է, բացի այդ էլ՝ միմյանց ճանաչելու և օգնելու միջավայր:

Սպորտային նախաձեռնության ակտիվ անդամենրը խորհուրդ են տալիս, որ մյուս համայնքների երիտասարդ կանայք և աղջիկները ևս հետևեն իրենց օրինակին:

Արճիս-ի կանանց «բասկետբոլային» նախաձեռնության մասին պատմում է մեր թղթակից Լիլիթ Դավթյանը: