Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Բերդ համայնքի բնակիչների համար

դրամաշնորհային մրցույթ Բերդ

«Ծիլի Ծով» տարածքային զարգացման ՀԿ հրավիրում է Բերդ համայնքի Բերդ, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, Չորաթան, Այգեձոր, Չինարի, Մովսես բնակավայրի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ՝ մինչև օգոստոսի 4-ը, 2024թ․։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մինչեւ 600,000 (վեց հարյուր հազար)
դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում
գրանցված կամ փաստացի գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց` քաղաքացիական հասարակության, գործարար եւ հանրային
ոլորտի ներկայացուցիչներին՝ սոցիալ-ձեռնարկատիրական, կրթական-մշակութային,
մարքեթինգային եւ այլ հարակից ոլորտներում համայնքային ծրագրեր իրագործելու
նպատակով։

Հայերեն լեզվով լրացված Հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. հասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ- Սաղմնային
ֆինանսավորում»: Հայտատուները կստանան հայտի ստացման մասին
համապատասխան ծանուցում։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար կարող եք դիմել Ծիլի Ծով հ/կ-ի գործադիր տնօրեն Անահիտ Բադալյանին ՝ հեռ,
+374 99051585:

Առավել մանրամասն՝ այստեղ




Կանաչ ու ամառային Արծվաբերդը

Կանաչ ու ամառային Արծվաբերդը։
Տեսանյութի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյան։




Հրդեհ Արծվաբերդ գյուղում

Հրդեհ Արծվաբերդ գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվաբերդ գյուղի գործարաններից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող գործարանի տանիքում (մոտ 420 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են մոտ 240 քմ թիթեղյա տանիքը և փայտե կառուցատարրերը։




Արծվաբերդում նշել են Արմենակ Ուզունյանի ծննդյան 100-ամյակը

Արծվաբերդի մշակույթի տանը Ապրիլի 20-ին մեծ շուքով նշվեց հանրապետության վաստակավոր գյուղատնտես, կոլտնտեսային արտադրության լավագույն կազմակերպիչ, անվանի արծվաբերդցի Արմենակ Ուզունյանի ծննդյան 100-ամյակը։
Մինչ միջոցառման սկսվելը Մշակույթի տան նախասրահում բացվեց Արմենակ Ուզունյանի կյանքը և գործունեությունն արտացոլող լուսանկարների ցուցահանդեսը։

Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառումը, որը վարեց ասմունքողների հանրապետական մրցույթների դափնեկիր, «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը։

Միջոցառման սկզբում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք հնչեցրեց, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սրբազան մարտերում նահատակված հայորդիների հիշատակը։

Միջոցառման ընթացքում Սիմոն Եսայանը ներկայացրեց Արմենակ Ուզունյանի կենսագրությունը և գործունեությունը։
Այնուհետև իրենց գնահատանքի խոսքը հնչեցրին Մանվել Բադալյանը, Իշխան Հայրապետյանը, Ռազմիկ Մխիթարյանը, Լուսյա Փալանդուզյանը, Լևոն Մադյանը, Հասմիկ Ուզունյանը։ Ելույթ է ունեցել նաեւ «Արծվաբերդ» պարային համույթը։

Անգնահատելի է Արմենակ Ուզունյանի ներդրումը հայրենի Արծվաբերդի գյուղատնտեսության զարգացման, առողջապահության, կենցաղի բարելավման, կրթական, մշակութային կյանքի աշխուժացման և այլ ոլորտներում։




Կենսատու գարնան շունչը. Արծվաբերդ




Յուրա Չոբանյանը 23 տարեկան կդառնար. օծվել է նրա հիշատակին կառուցված եկեղեցին

Ապրիլի 20-ին հանդիսապետությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի և Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի` Արծվաբերդում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոս Յուրա Վրեժի Չոբանյանի հիշատակին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, Արծվաբերդ, Այգեպար, Չորաթան բնակավայրերի վարչական ղեկավարները, Յուրա Չոբանյանի հարազատները, համագյուղացիները։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Յուրայի շիրմաքարին, այնուհետև կատարել են ՀՀ օրհներգը։
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Յուրա Չոբանյանի ծնողների նախաձեռնությամբ։
Ճարտարապետը և շինարարն Արտակ Բեգյանն է։

Եկեղեցու օծման արարողությունը կայացել է Յուրա Չոբանյանի ծննդյան օրը. այսօր նա կդառնար 23 տարեկան։

Յուրա Չոբանյանը ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 20-ին, Արծվաբերդում։ Սովորել է Արծվաբերդի հիմնական, ապա Բաբկեն Աղաբաբյանի անվան միջն. դպրոցներում։




Հուշապատի բացման և խաչքարի օրհնության արարողություններ` Արծվաբերդ գյուղում

Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով. Հոկտեմբերի 27-ին Արծվաբերդ գյուղում կայացավ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված արծվաբերդցիների հիշատակին նվիրված պուրակի, հուշապատի բացման և խաչքարի օծման արարողությունը։ Պուրակը կառուցվել է Արծվաբերդի նախկին վարչական ղեկավար Օնիկ Բալյանի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ արծվաբերդցի Տիգրան Բեկյանի բարերարությամբ։ Խաչքարի օծման արարողությունը կայացավ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ։
Արծվաբերդցիները վստահ են՝ խաչքարի տեղադրումը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար։ Արարողության ավարտին ներկաները խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։ Անկախությունից ի վեր Արցախի պաշտպանության համար Արծվաբերդից զոհվել է 19 հայորդի։




«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10:00-13:00 ժամանակավորապես կդադարեցվի Տավուշի մարզի Արծվաբերդ, Չինարի գյուղերի էլեկտրամատակարարումը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությո…




«Տանիք»․ արծվաբերդցի Դուրյանների ընտանեկան հյուրատունն իր տանիքի տակ անմոռանալի հանգիստ է խոստանում

Նոր զբոսաշրջային հասցե՝ Տավուշում․ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում գտնվող «Տանիք» հյուրատունը սպասում է իր հյուրերին։ Արծվաբերդում բնակվող Դուրյանների ընտանիքը գյուղական բնակելի տան տանիքում հյուրատուն է ստեղծել՝ որտեղ կարելի է վայելել Տավուշի ինքնատիպ բնությունն ու գյուղական կյանքը։ Հունիսի 3-ին հյուրատան պաշտոնական բացման օրն էր, որի առթիվ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհներքի արարողությունը։

Արարողությանը հաջորդեց ազգային, մշակութային երգ ու պարը՝ «Շուշիկի» բենդի և «Բեկոր» ազգագրական պարի խմբի կատարմամբ։ Այսնուհետև հյուրերը շրջեցին հյուրատան տարածքում․ բացման միջոցառումը «Մեր սրտի գյուղը» խորագիրն էր կրում, որի շրջանակում հյուրերը մասնակից եղան նաև ավանդական ու հենց տավուշյան խոհանոցին հատուկ ուտեստների պատրաստմանը։ Փռան հաց, Շամշադինյան սալի, դիլիմ, խնոցու հարում ու ոչ միայն․ Տանիքի հյուրերի գյուղական ժամանցը ապահովված է։

Ամենահետաքրքիր բացահայտումների ու ամենավառ տպավորությունների վայրը հենց գյուղն է, և հյուրատան նպատակը մարդկանց գյուղական կյանքին ու կենցաղին սիրահար դարձնելն է։

Հյուրատունը ներառում է 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ և խոհանոց։ Տանիքի հյուրերին բացի գիշերակացը առաջարկվում է նաև քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերը կծանոթանան գյուղական ավանդական ուտելիքներին, կմասնակցեն գյուղական մթերքների պատրաստմանը:

«Տանիք» հյուրատան ստեղծմանը աջակցել է Բերդի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Հյուրատունը ապահովված է բոլոր հարմարություններով, որեպսզի հյուրերը վերադառնան լավագույն տպավորություններով։ 

Սիրո համադրությամբ, յուրահատուկ բնությամբ ու հյուրընկալությամբ Արծվաբերդը զբոսաշրջության նոր վայր կդառնա։ Տանիքը խոստանում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի ու սպասված հասցեն։




Զատկի տոնն արծվաբերդցի մանուկների աչքերով․ Գյուղական կյանք

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ․․․

Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանի տեսանյութում Զատկի տոնն է՝ այնպես, ինչպես որ այն կա արծվաբերդցի մանուկների աչքերով։