Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին
Մարտի 20-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին նվիրված սպորտային մրցաշար։ Բերդի, Դիլիջանի, Իջևանի, Գետահովիտի և Սարիգյուղի՝ մինչև 14 տարեկան պատանիների ֆուտբոլային թիմերը մրցակցեցին միմյանց հետ։
Համլետ Այդինյանի խոսքով՝ սպորտի շնորհիվ «նախ՝ երեխաները կտրվում են փողոցից, դաստիարակվում են ֆիզիկապես», իսկ նման մրցաշարերը մեծ կարևորություն ունեն նաև սպորտային բարձր արդյունքների հասնելու համար։
Մրցաշարը կազմակերպվել էր ՀՖՖ Տավուշի մարզային ներկայացուցչության կողմից՝ Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ։ Առաջնությանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, վաստակաշատ մարզիչներ։
Մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային թիմը, 2-րդ տեղ՝ Գետահովիտի թիմը, 3-րդ տեղ՝ Սարիգյուղի թիմը։
Տավուշի մարզպետի և Իջևանի համայնքապետի կողմից Համլետ Այդինյանին հանձնվեց շնորհակալագիր Իջևանի տարածաշրջանում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Մեր՝ ավագ սերնդի հիշողություններում ընկեր Այդինյանի գործունեությունը եղել է նախ՝ որպես վոլեյբոլի մարզիկ, ապա՝ մարզիչ, միաժամանակ՝ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև երկար տարիներ նա ղեկավարել է Իջևանի տարածաշրջանային սպորտկոմիտեն։ Բնականաբար՝ այսօր մեր պատանի ֆուտբոլիստներին ֆուտբոլի միջոցով և՛ դաստիարակվելու, և՛ մարզական սխրանք գործելու հնարավորություն է տրվում»,- նշում է «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արման Չապուխյանը։