Տավուշի մարզի Բերդ քաղաքում մայիսի 1-ին տեղի ունեցան երկու աննախադեպ մշակութային իրադարձություններ․ երկար դադարից հետո իր դռները բացեց «Արևաբերդ» կինոթատրոնը, որի վերաբացումն ազդարարվեց «Զուլալի» ֆիլմի տավուշյան ցուցադրությամբ։
«Արևաբերդ» կինոթատրոնի վերաբացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց արձակագիր Նարինե Աբգարյանին և ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանին։
«Զուլալի» վեպի հեղինակի՝ Նարինե Աբգարյանի խոսքերով, նման միջոցառումներ հատկապես սահմանամերձ գոտում պետք է հաճախ կրկնվեն․ «Պրեմիերային ես ներկա եմ եղել և՛ Երևանում, և՛ Բերդում։ Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ շատ հուզվել եմ, որովհետև հայրենակցի խոսքը և քննադատությունը միշտ շատ կարևոր բան է յուրաքանչյուր արվեստագետ մարդու համար»։
«Այն փաստը, որ «Զուլալի»-ն արդեն ցուցադրվեց Բերդում, ինձ համար կյանքում շատ կարևոր կետ է, որից հետ այլ կերպ պիտի ապրեմ, ստեղծագործել․․․ Կինոն ի վերջ պիտի մուտք գործի Տավուշ և կինոն պիտի տավուշեցուն հասու լինի։ Այն գնահատականները, որ դեռ պիտի հնչեն տավուշեցիներից, ինձ համար՝ որպես ստեղծագործող մարդու, շատ կարևոր են»,- այսպես է տավուշյան ցուցադրությունից իր տպավորությունների մասին պատմում ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Օրդյանը։
«Զուլալի» ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականին, սակայն ֆիլմը շատ դժվար ու երկար ճանապարհ է անցել՝ հաղթահարելով համավարակը, ֆինանսական դժվարություններն ու պատերազմը։
Ֆիլմը գրքից շատ չի հեռացել․ պահպանվել են բարբառային զրույցները։ Բոլոր նկարահանումները Տավուշի Նավուր և Այգեձոր գյուղերում են իրականացվել։ Ֆիլմում ցույց է տրվում գյուղական նիստուկացը՝ թե ինչպես են ջերմ ու ազնիվ հարևանությունն ու հարաբերությունները փոխում յուրաքանչյուրի իրականությունը։
Ֆիլմի գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը և Արտյոմ Մելիքյանը։
«Իրականում՝ Բերդի պրեմիերային մենք ավելի էինք սպասում, քան Երևանի ցուցադրությանը, որովհետև այն բոլոր ապրումները, որ մենք ունեցել ենք Բերդում նկարահանումների ժամանակ և այն մեծ օգնությունը, որ տեսել ենք Բերդի ամբողջ ժողովրդի կողմից, ուղղակի անպատմելի մի բան էր, և կարծես մի տեսակ ուզում էինք մեր շնորհակալությունը հայտնել դրա համար․ այս ցուցադրությունը այդ շնորհակալության ընդամենը մի փոքրիկ մասն էր։ Այնպես որ՝ շնորհավորում եմ մեզ, որ մենք ունեցանք այս հնարավորությունը՝ Բերդում ցուցադրելու մեր սիրելի «Զուլալին»,- նշում է Զուլալիի դերակատար Հերմինե Ստեփանյանը։