Տավուշոտ պոեզիա․«Աշխարհին բան չպատահի»․ Համո Սահյան
Իջևանյան պատկերները՝ համեմված Տավուշոտ պոեզիայով։ Համո Սահյան․ «Աշխարհին բան չպատահի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։
Եկողները թող չիմանան
Սոված օրեր ու սև տարի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Ծաղկեն դաշտերն ամեն գարնան,
Կյանքը մնա միշտ պատանի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Չըորոտա ոչ մի դռան
Մարտագլխիկն աղետալի,
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Թող ազգերի կամքն անվարան
Մահվան բերանը պատռի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։