Azdarar.mdi.am կայքով անանուն խորհրդատվություն

Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, և Դուք չգիտեք ում դիմել, azdarar.mdi.am հարթակը ձեզ համար է։ Այն անվճար հիմունքներով ձեզ հնարավորություն է տալիս աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն հայտ ներկայացնել մասնագիտացված իրավաբանին, որը կպատասխանի՝ խորհուրդներ տալով հնարավոր գործողությունների վերաբերյալ։

Կայքում մասնագետի հետ անանուն քննարկումը կարող եք շարունակել այնքան ժամանակ, մինչև ձեր խնդիրը կկարգավորվի։

Մանրամասները՝ կից տեսանյութում․






Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնը շուտով կբացի իր դռները

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում շուտով իր դռները կբացի Կողբի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը;

Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ Հայաստանում ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։

Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելու համար ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարձր մոտիվացիայով, ճկուն և հավատարիմ անհատի, ով պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա գործունեության համար, կհամակարգի  Թումոյի կրթական ծրագրի և գործունեության իրականացումը՝ կապի մեջ լինելով Երևանի գլխավոր գրասենյակի հետ: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 




Ինչ արտոնություններ ունեն ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերի արտոնությունների ցանկը:

Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝

  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։  Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո.
  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.
  • մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն.
  • երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ.
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է.
  • եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը.
  • գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։



Աշխատանքի մարզային տոնավաճառ Իջևանում

Մայիսի 6-ին EU4Youth «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում Կանաչ արահետ ՀԿ-ն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ Իջևանում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին մոտ 40 կազմակերպություններ, որոնք Տավուշի մարզի երիտասարդներին առաջարկեցին աշխատանքի տեղավորման տարբեր առաջարկեցին աշխատանքի տեղավորման տարբեր հնարավորություններ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ զբաղվածություն, պրակտիկա, սեզոնային աշխատանք և այլն: Ավելի քան 300 երիտասարդներ Տավուշի մարզի տարբեր քաղաքներից և համայնքներից հնարավորություն ստացան մասնակցել աշխատանքի տոնավաճառին:

Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև` հնարավորություն ընձեռնելով նրանց իրենց ինքնակենսագրականները թողնել նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների:

Ծրագիրը, որը իրականացնում են Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցը (Վրաստան) և Կանաչ Արահետ ՀԿ-ն (Հայաստան) նպատակ ունի բացահայտել ձեռնարկատիրական ներուժը առավել խոցելի համայնքներում և խթանել ձեռներեցության հնարավորությունները երիտասարդների շրջանում: