Տավուշոտ պոեզիա․ «Տեղում եմ ես»․ Համո Սահյան

Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համադրելով տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Տեղում եմ ես»․ կարդում է Հրանտ Ղազումյանը, տեսանյութում Դիլիջանի Ամֆիթատրոնն է։

Գետնով տան ինձ, թե վեր թռցնեն,

Իմ մշտական տեղում եմ ես,

Քայլերս նույն տունն են բերում,

Ինչքան  ճամփաս շեղում եմ ես,

Այրում եմ ինձ․․․ ինչ որ մնաց,

Մոխրիս  մեջ անթեղում եմ ես,

Թաղում եմ ինձ ամեն գիշեր,

Առավոտյան պեղում եմ ես։

 

Պաշարապինդ, շնորհաբաշխ,

Շնչող մի բուռ հողի համար,

Հողից ուղիղ հոգիս մտած,

Ներշնչանքի դողի համար,

Բնության պես կիրթ ու վայրի

Մի բնական տողի համար

Զրկում եմ ինձ ամեն ինչից,

Ամեն ինչում նեղում եմ ես։

 

Չեմ նկատում օրերս  չուն,

Ակնթարթ է թվում տարիս,

Տանջանքով է տեղը գտնում,

Ամեն մի բառն ամեն տաղիս,

Մթագնում եմ ամպի նման,

Որոտում եմ, կայծակ տալիս,

Ամեն ծարավ սրտի վրա,

Անձրև դառած տեղում եմ ես։






Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Կանաչով խեղդված Տավուշը և «Տավուշոտ պոեզիա»-ն՝ մեր եթերում։ Համո Սահյան․ «Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Հաղարծին վանական համալիրն է։

 

Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան

Այս շրջապատի անտարբերության

Սառուցյալ դաշտից,

Այս համատարած մտքի երաշտից,

Այս զրահակիր սնափառության

Համաճարակից,

Այս ամեն տեսակ ախտ ու վարակից

Ուզում եմ չքվել, կորչել հավիտյան:

Ուզում փրկվել

Փրկություն կոչվող այս գերությունից,

Ամենակարող այս անտերությունից:

Եվ այս տերության անտիրությունից,

Նրա վաղաժամ այս ծերությունից,

Իմ համբերատար համբերությունից,

Իմ թուլությունից, իմ թերությունից

Ուզում եմ փրկվել-չքվել հավիտյան:






Տավուշոտ պոեզիա․ «Մեր լեզուն»․ Համո Սահյան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այսօրվա «Տավուշոտ պոեզիա»-ն՝ Համո Սահյանի՝ մայրենիին նվիրված տողերով։ Համո Սահյան․ «Մեր լեզուն»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Մակարավանքն է։

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:






Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Այս տարվա առաջին ձյունն Իջևանում և մեր «Տավուշոտ պոեզիա» շարքի հերթական տեսանյութը՝ սահյանական տողերով։ Համո Սահյան․ «Սպիտակ բախտ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՍՊԻՏԱԿ ԲԱԽՏ

Մի սպիտակ բախտ է հսկում
Անշարժ երթը սար ու քարիս։
Ձյունի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Սառցի տակ ջուրն ի՞նչ է զգում,
Իրեն պատեպատ է տալիս։
Սառցի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Ջուրը երգով վա՞խն է զսպում,
Թե՞ դեռ չարած մեղքն է լալիս…
Մեղքի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Մեկ էլ ո՞վ է ինձ հետ ոստնում
Լռությունը ծլնգալիս…
Ձայնի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Հոգնած, մաշված օրը մրսում
Եվ թիկնում է պատուհանիս…
Սրտիս վրա ամպ է նստում.
Ամպի վրա ձյուն է գալիս։




Տավուշոտ պոեզիա․ «Գլուխ չեմ հանում»․ Համո Սահյան

Միասին շարունակենք վայելել աշնանային Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «գլուխ չեմ հանում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են։ Երաժշտությունը՝ Տիգրան Համասյանի։


ԳԼՈՒԽ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ

 

Ես իմ օրերից գլուխ չեմ հանում,

Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից…

Սառնամանիքին ձյունի պես հալվում,

Շոգ ու կրակին դողում եմ ցրտից։

Գլուխ չեմ հանում… իմ անտեր գլխից,

Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.

Չի զանազանում նա մուխը ծխից

Եվ բախտը գաղթից չի զանազանում։

Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից…

Տեղավորում է տիզերքն իր մեջ,

Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից

Եվ մռնչում է տիեզերքով մեկ։

Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում

Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,

Տերերից, որ դեռ սուտն են խթանում,

Եվ այս տիրական անտերությունից։

Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,

Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,

Ննջում են լույսերն օրը ցերեկով,

Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։

Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,

Թե ինչու եմ ես թափառում ոտքով

Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում

Հազար անգամ ձեր լսած աղոթքով։






Տավուշոտ պոեզիա․ «Դու»․ Պարույր Սևակ

Տավուշոտ պոեզիայով և լավ երաժշտությամբ համեմված աշնանային Տավուշ ենք ձեզ բերել։ Պարույր Սևակ․ «Դու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի և Գետահովիտի սարերն են։ 

 

ԴՈՒ 

 

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Դո՛ւ՝

        հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանում

Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում`

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`

        երկու տա՜ռ,

Դո՛ւ`

        հասարա՜կ մի դերանուն…






Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ թաքցնեմ»․ Համո Սահյան

Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համեմելով մի կաթիլ տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Ի՞նչ թաքցնեմ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Ձեր էկրաններին աշնանային Իջևանն ու սարերն են։ Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի։ 

 

Ի՞ՆՉ ԹԱՔՑՆԵՄ

Էլ բան չունեմ

Ես աշխարհից թաքցնելու:

Մինչև հիմա, որ չեմ հանգել

Էլ ինձ ո՞վ է հանգցնելու:

Վառվել եմ ես մանկուց ի վեր

Ծիծաղել եմ ու հառաչել,

Ծիծաղել եմ ու հառաչել

Ինձ գտնելու մի հարցումով.

Եվ վերջապես կամաց-կամաց

Սկսել եմ ինձ ճանաչել,

Թեկուզ՝ այսքան ուշացումով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե այլոց կարծիքներով,

Ոչ թե թևիս ու գլխիս տակ

Դրած փափուկ բարձիկներով,

Այլ՝ հոգսերի ծովն ամփոփող

Իմ ծով սրտի տարողությամբ…

Յոթ գլխանի տառապանքին

Դիմանալու կարողությամբ:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե ինչ-որ խաբված սիրով

Այլ հոգուս մեջ շառագունած

Երազներիս Կաթն Ծիրով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Այս համարձակ առավոտով,

Իմ վաստակի վարձով առատ,

Մաքուր պահած իմ հավատով,

Արյան գույնով իմ անարատ:

Սկսել եմ կամաց-կամաց

Ինձ ճանաչել ու հասկանալ,

Ինձնից անկախ պատճառներով

Գործած բոլոր մեղքերիս դեմ

Սկսել եմ կամաց-կամաց ըմբոստանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Դառնալ ներհուն,

Դառնալ խոհեմ:

Մի կաթիլ ջուր պահանջողին՝

Շատրվաններ չխոստանալ

Սկսել եմ իմ բախտի հետ

Ավելի սերտ մտերմանալ:

Սկսել եմ ավելի շատ ջերմացնել

Ու ջերմանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Բոլորի դեմ հոգիս բանալ,

Գարնանային այս ամպրոպով սրբագործել

Ու լվանալ:

Սկսել եմ երգով ,

Հոգով ու խոհելով

Հարստանալ:

Եվ վերջապես.

Սկսել եմ ես հասկանալ,

Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,

Մինչև հիմա

Որ չեմ հանգել,

Էլ ինձ ով է հանգցնելու:






Տավուշոտ պոեզիա․ «Եղբայր եմք մենք»․ Մկրտիչ Պեշիկթաշլյան

«Տավուշոտ պոեզիա» շարքում Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մենք» ստեղծագործությունն է: Կարդում է Հրանտ Ղազումյանը։ Երաժշտական հատվածները՝ Հայրիկ Մուրադյանի: 


ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՆՔ

Ի բյուր ձայնից բնության շըքեղ

Թե երգք թռչին սիրողաբար,

Մատունք կուսին ամենագեղ

Թե որ զարնեն փափուկ քընար,

Չունին ձայն մի այնքան սիրուն,

Քան զանձկալի Եղբայր անուն։

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք,

Որ մըրըրկավ էինք զատված.

Բաղդին ամեն ոխ չարանենգ

Ի մի համբույր ցրվին ի բաց.

Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն.

Քան զանձկալի Եղբայր անուն։

Երբ ալեւոր Մայրն Հայաստան

Տեսնե զորդիս յուր քովե քով,

Սըրտին խորունկ վերքըն դաԺան

Քաղցր արտասված բուԺին ցողով.

Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,

Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ լացինք մենք ի հընում․․․

Եկեք դարձյալ հար անբաԺան

Խառնենք զարտոսր եւ ըզխնդում,

Որ բազմածնունդ ըլլա մեր ջան.

Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,

Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,

Մեկտեղ թափին մեր քրտինքներ,

Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,

Որ կյանք առնուն հայոց դաշտեր.

Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,

Քան զանձկալի Եղբայր անուն։






Տավուշոտ պոեզիա․ «Մասրենի»․ Համո Սահյան

Սահյանի մասրենին Հայաստանի ու հայ ժողովրդի խորհրդանիշն է։ Համո Սահյան․ «Մասրենի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Դիտավանի չքնաղ շրջակայքն է։

ՄԱՍՐԵՆԻ

Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,

Մասրենի, վայրի մասրենի,

Կրքերիդ կրակը քեզ

Թող այդպես այրի, մասրենի…

Կանգնել ես քո բարձունքին,

Մեկուսի, մենակ, մենավոր…

Իմ երես առած դարում

Դու լքված այրի, մասրենի։






Տավուշոտ պոեզիա․ «Օրերը շատ են խառնակ»․ Համո Սահյան

Տավուշոտ պոեզիայի ժամ՝ մեր եթերում։ Համո Սահյան․ «Օրերը շատ են խառնակ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութի կադրերում կանաչ Տավուշն է։

ՕՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԽԱՌՆԱԿ

Օրերը շատ են խառնակ,
Աշխարհից բան չեմ հասկանում:
Մի աշխարհ, հազար երես,
Աստառից բան չեմ հասկանում:
Մութ խաղ են խաղում գլխիս,
Այս խաղից բան չեմ հասկանում…
Խելքի ծով մեծավորի
Չոր ճառից բան չեմ հասկանում:
Չոր ծառ է, և չորության
Պատճառից բան չեմ հասկանում:
Մեղքը շատ, խիղճը մեռած
Իմ դարից բան չեմ հասկանում: