Տավուշոտ պոեզիա․ «Պատահական անցորդին»․ Եղիշե Չարենց

Չարենցյան մի քանի անմահ տող ենք ավելացնում Բերդավանի հայտնի բերդի չքնաղ տեսարանին։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …




Տավուշոտ պոեզիա․ «Մանչս»․ Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանի հեղինակային «Մանչս» երգը՝ Հրանտ Ղազումյանի մեկնաբանությամբ։ Տեսանյութի կադրերում Իջևանն է՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

ՄԱՆՉՍ

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Տանի մեր ծով սարերին, կարոտ հոգիս զովանա,
Մոռցած քարին ճեղք է բացվել, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Մըր տուն թողել ենք անտեր:

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցնէ – Ապո, քամին ուր կերթա
Մոռցած քարին, ըսեմ մանչիս, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ, հոն է տունը մեր:

Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ, քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս, կարոտ հոգիս զովանա,
Ծով սարերի փայլը տեսնիմ մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի մեզի գրկե, տանի տուն: