Տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական միջոցառում

Հուլիսի 9-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ 2022-2023 շրջանավարտների ավարտական միջոցառումը: 

Ավարտական հանդիսությունը մի հարկի տակ էր կրկին հավաքել դպրոցի ներկա և նախորդ շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև հյուրերի, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով ոգևորեցին ավագ դպրոց մուտք գործելու պատրաստվող շրջանավարտներին։ 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: «Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է, որը համադրում է համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումներն ու հայ դպրության լավագույն ավանդույթները:






«Այբ» կրթական հիմնադրամը՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ի հետ համատեղ իրականացնում է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր ծրագիր

Նախագծային ուսուցում․ մեկնարկում է ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիրը

Հայաստանի 6 մարզի 33 համայնքում մեկնարկում է 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր։ Դրա նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջովին յուրացնելու նախագծային ուսուցումը, որը, ըստ հանրակրթական պետական չափորոշչի, 2023 թ.-ից դառնալու է ուսուցիչների աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Ծրագրի շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան նաև փորձառու մենտորների աջակցությամբ աշակերտների հետ մշակելու և իրագործելու իրենց իսկ համայնքների կլիմայական խնդիրների լուծմանը միտված նախագծեր։ Արդյունքում ուսուցիչները համապատասխան նախագծով կկարողանան մասնակցել միջհամայնքային մրցույթի և հաղթելու դեպքում ստանալ աջակցություն՝ կյանքի կոչելու նախագիծը:

Մասնակցող մարզերն են՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք։ Համայնքների ցանկը և գրանցման լինկը գտնել այստեղ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։