Այգեհովիտում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Այգեհովիտում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։




Սրվեղի վանք | Այգեհովիտ

Սրվեղի վանքը 13-րդ դարում կառուցված վանք է, որը գտնվում է Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղում՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին։


Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:




Այգեհովիտ։ Սրվեղի վանք

· Սրվեղի վանք

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կիլոմետր հարավ արեվմուտք՝ սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգեվոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի եվ տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Պահպանվել են ջրատար կավե խողովակներ: Վանքի ջուրը բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից` մոտակա լեռներից:

Գլխավոր եկեղեցին՝  Սուրբ  Նշանը,  գմբեթավոր դահլիճ տիպի է: Պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի ճակատին զետեղված կիսաեղծ արձանագրության մեջ հիշատակվում է Սուրբ Նշան անունը: Կառուցման թվականը հայտնի չէ, ենթադրվում է` XII-XIII դարեր: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ եվ արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։
 Եկեղեցին բազմիցս նորոգվել է: Ամբողջովին վերանորոգվել են արեվելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արեվմտյան դռան շրջանակը, անկյունային հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաեվ գմբեթը:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Այգեհովիտցի Վաղինակ Թամրազյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Մարտի 24-ին Մոսկվայում ընթացող EBP բռնցքամարտի առաջնությունում այգեհովիտցի Վաղինակ Թամրազյանը, ով IBA վարկածով աշխարհի չեմպիոն է, հաղթանակ տոնեց Բրենդոն Դենեսի հետ մենամարտում և նվաճեց EBP վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։




Այգեհովիտում նշել են Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այգեհովիտ գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցում գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Կարապետյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագը:




Այգեհովիտում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Այգեհովիտ․ սահմանամերձ գյուղի գարնանամուտը




Հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին այսօր երեխա է ծնվել

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ գյուղերի ճանապարհին այսօր աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել։ «Վարդապետյան» ընտանեկան բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրել են․ «Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը»։ Փոքրիկը ծնվել է 3300գրամ կշռով, 51 սմ հասակով։

Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենան տեղափոխել է Իջևանի բժշկական կենտրոն։ «Վարդապետյան» ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Կորյուն Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ իրեն օգնելու համար։ «Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր», – գրված է բժշկական կենտրոնի էջում։




Սամվել Գևորգյանը՝ ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Օրերս Այգեհովիտի գյուղամեջը սովորականից ավելի մարդաշատ էր. գյուղի մանուկներն ու մեծերը, ծանոթ անծանոթները եկել էին դիմավորելու վերջերս իրենց հպարտության զգացում պարգևած 17 ամյա Սամվել Գևորգյանին, ով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Հայկական, ազգային հնչյունների ուղեկցությամբ պատանի ըմբիշ Սամվելին համայնքի անունից հանձնեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր` նշելով, որ այս նվաճումը ոչ միայն Այգեհովիտ գյուղին է, այլև Տավուշի, Հայաստանի նվաճումը: Սամվել Գևորգյանը խոստանում է շարունակել քրտնաջան աշխատանքը` հանուն նոր արդյունքի, նոր հաղթանակի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Թուրքիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը հաղթանակ տանելով 3 գոտեմարտերում, անցել է կիսաեզրափակիչ փուլ` պայքարելով և Հայրենիք բերելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:




Այգեհովիտում խաչքար է տեղադրվել՝ Հայրենիքը պաշտպանելիս նահատակված համագյուղացիների հիշատակին

Հայաստանի երրորդ Հանրապետության տարեգրության ընթացքում  Հայրենքը անձնվիրաբար պաշտպանելիս նահատակված այգեհովիտցիների հիշատակին Այգեհովիտում խաչքար է տեղադրվել: Նախաձեռնողն ու աջակիցը ծնունդով այգեհովիտից  ռուսաստանաբնակ բարերար Արսեն Սիմոնյանն է: Ապրիլի 18-ին  գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Կարապետյանի ձեռամբ դպրոցի բակում կայացավ Խաչքարի օծման արարողությունը։ 

Խաչքարի օծման արարարողությանը հաջորդեց գյուղի դպրոցի աշակերտների հայրենասիրական միջոցառումը: Տեղացիները վստահ են, որ  դպրոցի բակում տեղադրված խաչքարը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար:

Բարերար Արսեն Սիմոնյանը մշտապես աջակցում  է իր ծննդավայրի՝ Այգեհովիտ գյուղի խնդիրների լուծմանը ու գյուղի զարգացմանը, և խաչքարի տեղադրման նախաձեռնությունն էլ իր հայրենանվեր գործունեության հերթական դրսևորումն է:

Միջոցառման ավարտին Ազատամարտիկների միության պատվոգրով պարգևատրվեց  բարերար Արսեն Սիմոնյանը, պատվոգրեր տրվեցին  նաև հանուն Հայրենիքի պաշտպանության զոհված տղաների ընտանիքներին: