Կիրանցում ճանապարհը փակ է, իսկ Բաղանիսում սահման են գծում

Արդեն 10-րդ օրն է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը։ Բնակիչները իրենց բողոքն են արտահայտում սահմանազատման դեմ։ Բագրատ Սրբազանը կրկին հիշեցնում է՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Այս օրերին Կիրանցի բնակիչների կողքին են նաև հանրապետության այլ շրջանների քաղաքացիները։

Լուրջ դժվարությամբ շարունակում ենք ճանապարհը Կիրանցից դեպի Ոսկեպար, ապա՝ Բաղանիս։ Բաղանիսում առօրյան սովորականի նման չէ․ վերջին շրջանում գյուղ շատ են այցելում լրատվամիջոցներ, որոնք ըստ բնակիչների խանգարում են իրենց։ Մարդիկ, թեպետ առկա իրողություններին, ապրում են իրենց սովորական կյանքով՝ խնամում այգին, ջուր բերում, հավաքվում ու զրուցում։

Բաղանիսի գյուղացիների համար իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, մարդիկ խճճվում են տարբեր տեղերից իրենց հասնող տեղեկատվական հոսքերի մեջ։

Այսօր Բաղանիսում սահման են գծում, բայց մարդկանց հիշողություններից չի հեռանում ավելի քան 35 տարվա սահմանային կյանքը, որը հաճախ անհանգիստ էր, թեժ ու վտանգավոր։




Էլեկտրական շչակի գործարկում Բաղանիսում

Հուլիսի 20-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հացի արարումը Բաղանիսում

Գյուղացու համար հաց թխելը վերածվում է հատուկ ծիսակատարության, իսկ տաք հացի բույրը անտարբեր չի թողնում ոչ մեկին։

Անահիտ տատը բոլորին հրավիրում է Բաղանիս` վայելելու տաք հաց ու պանիր, շնչել թարմ օդ և զգալ կյանքի գրավչությունը` բնությանը միաձուլված։

Տավուշ Մեդիայի թղթակից Վերա Սահակյանը Բաղանիսից փռում թխված տաք հացի համը և հոտն է բերել մեզ:






Գյուղական կյանք․ Աշնանային բերքահավաքը Բաղանիսում

Աշունը գյուղում ամբողջ տարվա աշխատանքի պտուղները հավաքելու, պահեստավորելու և վայելելու եղանակն է։

Հասած խաղողի հյութեղ բույրը խառնվում է թարմ ընկույզի, տաք կարտոֆիլի, եգիպտացորենի ու թթուների տեսակ-տեսակ գույն ու բույրերին՝ իսկական աշնան համ ու հոտ ստեղծելով։ 

Գյուղացու երազանքը մեկն է՝ բերքը վայելել խաղաղ պայմաններում․․․

Տեսանյութում սահմանապահ Բաղանիսի աշնանային առօրյան է։

Հեղինակ՝ Վերա Սահակյան։




Գյուղական կյանք․Բաղանիսում ապրող մի ընտանիքի առօրյա

Գյուղում ամենաթանկ ու գեղեցիկ պահերը սեփական տան խաղաղության մեջ՝ հողի ու ծառի հետ, ընտանեկան երջանկությամբ վայելած վայրկյաններն են :

Բաղանիսում ապրող մի ընտանիքի այդպիսի առօրյայի մասին է պատմում Գյուղական Կյանք շարքի մեր այսօրվա տեսանյութը։

Տեսանյութի հեղինակ՝ Վերա Սահակյան, Տավուշ Մեդիա-յի թղթակից սահմանապահ Բաղանիսից։






Ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Կիրակնօրյա Պատարագ, ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Տավուշ TV-ն պատմում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում։

Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է «զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված»: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի բոլոր համայնքներում։ Մեր նկարահանող խումբը եղել է Մակարավանքում, որտեղ հավաքվել էին Աչաջուր գյուղի և շրջակա համայնքների պատանիներն ու երեխաները՝ միասին Պատարագի մասնակցելու։ Տոնը շարունակվել է վանքի բակում ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։

Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցները ներկա են եղել Զատկի տոնակատարությանը Ոսկեվանի սբ․ Գայանե եկեղեցու բակում։ Զատկական միջոցառումը կազմակերպել էին Ոսկեվանի Մշակույթի կենտրոնը, Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցների սաները։

Բերդ համայնքում Հարության տոնն ամենամեծ շուքով նշվել է Բերդ քաղաքում՝ սբ․ Հովհաննես եկեղեցու բակում։ Պատարագից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ Բերդ համայնքի 17 բնակավայրերը, ինչպես նաև Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը առանձին տաղավարներով ներկայացրել են Զատկի խորհուրդը, զատկական ավանդույթներն ու ուտեստները:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս։