Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:




Ադրբեջանի կողմից կրակ է բացվել հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել:




Ադրբեջանական կողմը կրակ է բացել Չինարի գյուղի ու Վերին Շորժայի ուղղությամբ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։




«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը»․ սահմանամերձ Բերդավանում տոնվեց Բանակի օրը

Սահմանամերձ Բերդավան բնակավայրի Գեղագիտական կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում, հունվարի 27-ին տոնվեց Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հայրենասիրությունն առաջին հերթին ծլարձակում է սահմանից․ բանակի տոնը, նախորդ տարիներին ևս մեծ շուքով  է նշվել գյուղում, բերդավանցիները ասում են, որ այն իրենց ամենասիրելի տոնն է։

Հայրենասիրական այս միջոցառմանը բերդավանցիներին էին միացել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի զինվորականներն ու զինծառայողները։

Հայոց բանակի՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխավորի դերն ու նշանակությունը հատկապես զգալի է առաջնագծի հարևանությամբ գտնվող Բերդավանում։ Այս հանգամանքով պայմանավորված, այդուհանդերձ, Բերդավանը ևս անմասն չի մնացել ցավոտ ու անվերադարձ կորուստներից, որոնք, այժմ առաջ շարժվելու և հաղթանակներ կերտելու միակ հզոր ուժն են դարձել:

Բերդավանցի երեխաններն ու պատանիները իրենց սրտի ջերմությունն ու անկեղծ բարեմաղթանքներն են ուղղել Հայոց բանակի զինծառայողներին: Միջոցառումը հագեցած էր ազգային, հայրենասիրական երգերով ու պարերով։




«Բանակը մեր ուժն է, հպարտությունը, արժանապատվությունը»․ Իջևանում նշեցին Հայոց բանակի օրը

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի կազմավորումը: Արդեն 32-րդ տարին է՝ Հայկական բանակը անցնելով փորձություններով, շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին Իջևանի քաղաքային Մշակույթի տունը նախաձեռնել էր միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհած տղաների։

Հայրենիքի պաշտպանության գործը անմնացորդ նվիրումով իրականացնելու համար Իջևանի համայնքապետի կողմից շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու զինծառայողներ։
Միջոցառմանը ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, բանակի կերտած հաղթական ու փառապանծ դրվագները, ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով հանդես եկան Իջևանի կրթամշակույթային կառույցների սաները:




«Բանակը մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը». շարունակվում է զինված ուժերի համալրման գործընթացը

Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

«Սիրելի’ զորակոչիկներ, ծնողներ, հարազատներ, ողջունում եմ բոլորիդ։ Զորակոչիկների հարգելի’ ծնողներ, երախտապարտ եմ ձեզ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար։ Բանակը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը։ Սիրելի’ տղաներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Վստահ եմ, որ արժանապատվորեն եք իրականացնելու ձեր ծառայությունը։ Թո՛ղ մայրերի աղոթքն ու Աստծո օրհնությունը ձեզ հետ լինեն։ Խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը և վերադառնաք` շենացնելու ձեր տունն ու համայնքը։ Աստված պահապան բոլորիդ։ Փա’ռք մեր բանակին»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Զորակոչիկներին իր բարեմաղթանքն է հղել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:

 




Մեկ տարի առաջ զոհվեց Պավլիկը՝ «Հավերժ չեմպիոնը»

Աչաջուր գյուղից Պավել Աբազյանը հավերժի ճամփան բռնեց 1 տարի առաջ՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նա ընտանիքի միակ որդին էր։ Պավլիկը մինչ ծառայության գնալը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, զուգահեռաբար զբաղվել է կարատեով՝ ավելի քան տասը տարի։

Նրա մարզիչը պատմում է, որ Պավլիկը մի շարք միջազգային մրցույթներերի հաղթող էր, նա ոչ միայն իր լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ «Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ», – ասում է մարզիչը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։




Տավուշում շարունակվում է 2024 թվականի ձմեռային զորակոչը

Հունվարի 17-ին զորակոչիկների հերթական խումբը Իջևանից մեկնեց պարտադիր զինվորական ծառայության․ զորակոչիկները շուտով համալրելու են մեր բանակի շարքերը՝ պատվով ծառայելու, հայրենիքը պաշտպանելու ամուր կամքով ու վճռականությամբ:
Բարի ծառայություն, տղե՛րք ջան:




«Եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ». Բերդ համայնքի զորակոչիկները մեկնեցին ծառայության

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:
Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է  հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին. «Մեր հայրենիքը  սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր,  տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և,  համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ:  …Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը  հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը,  և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն:  Սիրելի՛ մայրեր,  իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր  զավակները խաղաղ պայմաններում  ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:




Տավուշի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

2024 թվականի հունվարի 8-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Իջևան համայնքի զորակոչիկների առաջին խումբը:

Արժանապատիվ և խաղաղ ծառայություն ենք մաղթում, տղե՛րք: