Թիկունքից հայացքով դեպի բանակային դիրքեր․ բանակի օրն սահմանամերձ Արծվաբերդում

Թիկունքից հայացքով դեպի բանակային դիրքեր․ բանակի օրն սահմանամերձ Արծվաբերդում։

Հայոց բանակը 34 տարեկան է։ Օրվա առթիվ Տավուշի մարզի համայնքներում անցկացվել են տոնական միջոցառումներ։ Սահմանամերձ գյուղերում բանակի օրն առանձնակի կարևորություն ունի: Սահմանապահ տավուշցիները լավ գիտեն բանակի դերն ու արժեքը։ Այստեղ կյանքը նաև ծառայություն է Հայրենիքին։ Բանակի օրվա առթիվ Արծվաբերդի մշակույթի տանը հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը, երիտասարդները՝ միասին ևս մեկ անգամ խաղաղություն ու անվտանգ ծառայություն մաղթելու զինծառայողներին։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բեմում էին Արծվաբերդի պատանիներն ու երիտասարդները։

Արծվաբերդում գյուղական առօրյան սկսվում է դիրքեր մեկնող զինծառայողների աղմուկից։ Իսկ գյուղի բնակիչներն այստեղ, հենց սահմանին, կրթում են իրենց զավակներին, տուն են կառուցում, մշակում այգիները՝ վստահեցնելով, որ ամուր թիկունք են իրենց տղաների համար։

Սահմանին ապրող մարդիկ լավ գիտեն բանակի օրվա խորհուրդը․ նրանք ամեն օր թիկունքից հայացքով դեպի դիրքեր են նայում՝ հայցելով խաղաղ երկինք ու անվտանգություն։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 




«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը»․ սահմանամերձ Բերդավանում տոնվեց Բանակի օրը

Սահմանամերձ Բերդավան բնակավայրի Գեղագիտական կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում, հունվարի 27-ին տոնվեց Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հայրենասիրությունն առաջին հերթին ծլարձակում է սահմանից․ բանակի տոնը, նախորդ տարիներին ևս մեծ շուքով  է նշվել գյուղում, բերդավանցիները ասում են, որ այն իրենց ամենասիրելի տոնն է։

Հայրենասիրական այս միջոցառմանը բերդավանցիներին էին միացել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի զինվորականներն ու զինծառայողները։

Հայոց բանակի՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխավորի դերն ու նշանակությունը հատկապես զգալի է առաջնագծի հարևանությամբ գտնվող Բերդավանում։ Այս հանգամանքով պայմանավորված, այդուհանդերձ, Բերդավանը ևս անմասն չի մնացել ցավոտ ու անվերադարձ կորուստներից, որոնք, այժմ առաջ շարժվելու և հաղթանակներ կերտելու միակ հզոր ուժն են դարձել:

Բերդավանցի երեխաններն ու պատանիները իրենց սրտի ջերմությունն ու անկեղծ բարեմաղթանքներն են ուղղել Հայոց բանակի զինծառայողներին: Միջոցառումը հագեցած էր ազգային, հայրենասիրական երգերով ու պարերով։