Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Բարեկամավանն ահազանգում է

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցը գրում է․

«Դպրոցն ապրում է, երբ շունչ կա սահմանում…
Այսօր մեր համայնքը կանգնած է լրջագույն վտանգի առաջ՝ փակման եզրին է Բարեկամավանի դպրոցը։ Դպրոց, որը ոչ միայն կրթության օջախ է, այլև համայնքի հոգին։ Այն միակ լույսն է, որ փայլում է մեր սահմանին՝ ապացուցելով, որ հայրենիքը չի լքվել, որ հայ մարդը ապրում, արարում, սովորում ու սովորեցնում է։ Փակել դպրոցը՝ նշանակում է փակել մի ամբողջ պատմություն, ապագա ու երազանքներ»։

Բարեկամավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 1000 մետր։ 1930-ական թվականներին գյուղի բնակչությունը կազմում էր շուրջ 900 մարդ, իսկ այսօր Բարեկամավանում 150 մարդ է ապրում։


 

«Տավշո աշխարհում, բարձրաբերձ լեռների մեջ, այնտեղ, որտեղ հողն ու երկինքը ձուլվում են, հպարտ կանգնած է Բարեկամավանի դպրոցը։ Սա պարզապես շենք չէ՝ քարերով ու պատերով կառուցված. սա գիտելիքի ջահն է, որ լուսավորում է սերունդների ճանապարհը, ուժ է տալիս համայնքին ու պահպանում գյուղի շունչը։

Այս դպրոցում ամեն դասասենյակ պատմություն ունի՝ լի երազանքներով, հաջողություններով ու անկոտրում կամքով։ Այստեղ աշակերտները միայն տառերը չեն սովորում, այլև հայրենիքի սիրո դասերը, որովհետև սահմանին գիտելիքը ոչ միայն ուժ է, այլև զենք։

Դպրոցի պատերից ներս անցյալի ու ապագայի ձայները խառնվում են իրար. առաջին ուսուցիչների խորհուրդներն ու նոր սերնդի նպատակները միաձուլվում են այստեղ։ Եվ քանի դեռ այս դպրոցում ծիծաղում են երեխաները, արձագանքում են զանգերը, և ուսուցիչները ջանասիրաբար փոխանցում են իրենց գիտելիքը, Բարեկամավանը կապրի, կշնչի ու կշարունակի իր պատմությունը գրել․․․»

Բարեկամավանի միջնակարգ դպրոց

 

Կարդացեք նաև՝




Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Բարեկամավան

Սահմանամերձ բնակավայրեր Բարեկամավան

Ճանապարհը տանում է դեպի Բարեկամավան․ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1000 մետր հեռավորությամբ գտնվող Բարեկամավանում այսօր մոտ 150 մարդ է ապրում։  Գյուղական անխռով լռությունը մեր նկարահանման պահին մերթընդմերթ ընդմիջում էին «Արջուկն» իր հաչոցով ու գյուղամիջի շինարարական աղմուկը։ Այստեղ ջրի, էլէեկտրաէներգիայի, ճանապարհների, գազի ու ենթակառուցվածքների խնդիրներից զատ՝ սահմանային ու անվտանգային խնդիրն է առաջին տեղում, և ըստ գյուղացիների դա է հիմնական պատճառը, որ նախկինում 1500 բնակիչ ունեցող գյուղի մարդկանց թիվը նվազել է առնվազն 10 անգամ։

Գյուղամեջում գտնվող փակ խանութները, դատարկ փողոցներն ու փակ տների հողատարածքներում ծառերի չհավաքած բերքը Բարեկամավանի «ծերացող գյուղ» լինելու մասին են վկայում։ Գյուղի դպրոցում վերջին շրջանում աշխուժություն կա՝ Արցախից 5 աշակերտ են միացել բարեկամավանցի դպրոցականներին։ Դպրոցն այժմ 20 աշակերտ ունի։ Դպրոցի պատերին իրազեկման պաստառներ են՝ առաջին օգնության, արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների մասին, որոնց Բարեկամավանում տիրապետում են բոլորը՝ անկախ տարիքից։ Բազմաթիվ նյութական կարիքներ ունեցող դպրոցը նաև աշակերտների կարիք ունի։ Ընդարձակ դասասենյակները վկայում են, որ ոչ վաղ անցյալում դպրոցը աշակերտական մեծ հոսք է ունեցել։

Այս տարի դպրոցը 4 շրջանավարտ է ունենալու․ Դիանան պատրաստվում է իրավաբան դառնալ․ նա ցանկանում է իրավական դաշտում բարձրաձայնել սեփական գյուղի խնդիրներն ու կարիքները։ Նրանց առօրյան գրեթե անփոփոխ է․ առավոտյան դպրոցն է, հետո գյուղի եկեղեցու բակում հավաքվելը ու ընտանիքին օգնելը։

Բարեկամավանում հիմա խաղաղ է, վերջին տարիներին այստեղ կրակոցներ չեն լսվել, սակայն գյուղի պատկերը տխուր ու մտահոգիչ է։ Բարեկամավանը դատարկվում է։ Գյուղի միակ երիտասարդը՝ Գագիկը, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Բարեկամավան։ Տխրությամբ, բայց հույսով նա պատմում է գյուղի անտեսված լինելու պատճառների մասին։

Բնակչության հիմնական մտահոգությունը օր-օրի խորացող սոցիալական ծանր իրավիճակն է։ Խորհրդային տարիներին գյուղացիները զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, իսկ հիմա չեն անում ոչինչ միայն մտահոգիչ պատճառաբանությամբ՝ հողերի մեծ մասը հակառակորդի դիտարկման տակ են, մյուս մասն էլ՝ ականապատ է: Ջուրն այնքան քիչ է, որ նույնիսկ տնամերձ հողերին չի հերիքում և դրանք անմշակ են մնում: Բարեկամավանը ուշադրության ու «բարեկամության» խիստ կարիք ունի․ հարցն այստեղ կարծես թե հռետորական չէ՝ ինչպես սահմանապահ բնակչությանը պահել գյուղում։ Բոլորիս աչքի առաջ, խաղաղ ու հանգիստ, երբեմնի մարդաշատ Բարեկամավանի բնակչությունը ծերանում ու նոսրանում է։




Տոնական օր՝ սահմանապահ Բարեկամավանի փոքրիկների համար

Օրերս Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ այցելեց սահմանապահ Բարեկամավան:
Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը ավանդաբար կատարում է այսպիսի այցեր ամառային և ձմեռային արձակուրդներին, որը միտված է բարեկամավանցի երեխաներին հասանելի դարձնել մշակութային իրադարձությունները և ակտիվացնել նրանց կենսակերպը: Այս անգամ երեխաներին սպասվում էին ինտերակտիվ խաղեր և փոքրիկ նվերներ:

Հանդիպումն ավարտվեց բարձր տրամադրությամբ և մոտ ապագայում նորից հանդիպելու հույսով: Սահմանապահ Բարեկամավանում տոնական օրվա մասին պատմում է Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։