«Ամենաշատը սիրում եմ աշխատել». առավոտը՝ Արծվաբերդի խաղողի այգիներում

Արևածագի հետ Բերդ համայնքի Արծվաբերդի գյուղի խաղողի այգիներում սկսվում է աշխատանքի ամենաակտիվ ժամերից մեկը։ Օդը դեռ թարմ է, իսկ խաղողի տերևների վրա նստած առավոտյան ցողը տալիս է դաշտերին առանձնահատուկ փայլ։ Այգեգործները հերթական օրն են սկսում՝ շարունակելով տարվա ընթացքում չդադարող հոգատար աշխատանքը։

Տեղացիները նշում են, որ խաղողի մշակությունը այստեղ եկամտի աղբյուր է ու ավանդույթ, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ «Ամենաշատը սիրում եմ աշխատել»,- ասում է արծվաբերդցի Վիկտոր Առաքելյանը։

Արծվաբերդի խաղողի այգիները հայտնի են իրենց բազմազանությամբ և բերքատվությամբ։ Տարվա այս շրջանում իրականացվում են հիմնական խնամքի աշխատանքները՝ որթերի կապում, հողի մշակություն և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումներ։ Գյուղացիների խոսքով՝ ճիշտ խնամքը վճռորոշ դեր ունի ապագա բերքի որակի համար։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 

 




Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Բերդում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Բերդում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բերդի մշակույթի տանը կայացել է բացառիկ համերգ՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան) և մեներգիչների մասնակցությամբ։ Հայտնում են Բերդի համայնքապետարանից։

Այս տարին հոբելյանական է ոչ միայն հայկական ռադիոյի, այլև Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի համար, որը հիմնադրվելով 1926 թվականին՝ մեկ դար շարունակ պահպանել և աշխարհին է ներկայացրել հայկական հարուստ երաժշտական ավանդույթները։

Համերգը վարել են Հանրային ռադիոյի խոսնակներ Լուսինե Մուրադյանը և Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով ռադիոյի մեկդարյա պատմության կարևոր դրվագները և ձեռքբերումները։

Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր ելույթում նշել է.

«Հանրային ռադիոն բացառիկ միջոցառում է կազմակերպել՝ իր երջանկությունը, իր 100-ամյա պատմությունը բերելու ձեզ, իմ սիրելի հանդիսատես։ Ես շրջել եմ ամբողջ Հայաստանով, եղել բոլոր համերգասրահներում, բայց առաջին անգամ եմ այս քաղաքում և ապշած եմ ոչ միայն բնությամբ, այլև ձեր ջերմությամբ և հրաշք հոգով։ Շնորհակալություն, որ որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչներ՝ առաջինն եք պաշտպանում հայրենի հողն՝ իր սահմաններով»։

Ռուբեն Մաթևոսյանի, Ռիմա Սարիբեկյանի, Հրանտ Մուրադյանի, Տիրուհի Մելիքսեթյանի և նվագախմբի կատարմամբ հանդիսատեսը վայելել է հայկական մաքրամաքուր երաժշտություն՝ էստրադային, ժողովրդական, աշուղական երգեր ու ստեղծագործություններ՝ գնահատանքի և ջերմ ընդունելության արժանացնելով սիրված արտիստներին։




«Մեր հայրենիքը Տավուշ աշխարհն է». տավուշեցի փոքրիկները ներկայացրել են տարածաշրջանի մշակութային ժառանգությունը

Հունիսի 12-ին «Բերդի թիվ երեք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացել է «Մեր հայրենիքը Տավուշ աշխարհն է» խորագրով միջոցառում՝ նվիրված Տավուշի (Բերդի տարածաշրջանի) պատմությանը, ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։ Այս մասին տեղեկացնում են Բերդի համայնքապետարանից:

Մանկապարտեզի սաները ներկայացրել են Տավուշի բնաշխարհը, պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, ավանդույթները, ուտեստը, արտասանել Բերդի տարածաշրջանի բարբառով:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել մանկապարտեզի տնօրենին և մանկավարժներին: Նա կարևորել է նմանաբնույթ նախաձեռնությունների դերը հայրենաճանաչության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում։

Ելույթ են ունեցել նաև «Բերդի թիվ երեք մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լենա Բրուտյանը, նախկին տնօրեն Լուսինե Ավալյանը, մանկավարժ- մեթոդիստ Նաիրա Գյոզալյանը, Բերդի մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, մանկավարժներ, ծնողներ:

Դաստիարակչուհի Ռոզա Շառյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ երկարամյա բարեխիղճ, նվիրված և պատասխանատու աշխատանքի, սաների դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրման համար:

 




Վնասներ քամու հետևանքով

Հունիսի 11-ին՝ ժամը 19:03-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում։

Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տանիքների ծածկեր, կառուցատարրեր, տաղավարներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Կարդացեք նաև՝




Բնակիչների դիտարկումները համայնքային խնդիրների վերաբերյալ




Տավուշցիների ձայնն ուղիղ եթերում | Ժողովրդական խոսափողը Բերդում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:

Այս համատեքստում նախընտրական շրջանում իրականացնում ենք «Տավուշն է խոսում. ժողովրդական խոսափող» նախաձեռնությունը՝ հասկանալու, թե ինչն է այսօր կարևոր համայնքների համար, ինչ հարցեր ու խնդիրներ են հուզում մարդկանց և ինչպես կարելի է խթանել ավելի ակտիվ, իրազեկված ու պատասխանատու քաղաքացիական մասնակցությունը։

Այսօր՝ հունիսի 3-ին, Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում կայացավ «Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» նախաձեռնության հերթական հանդիպումը՝ բնակիչներին հնարավորություն տալով ուղիղ եթերում բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները։

Բաց հանրային հարթակում իրենց տեսակետներն ու առաջարկներն արտահայտեցին տարբեր տարիքի քաղաքացիներ։ Քաղաքացիների խոսքում հնչեցին համայնքային կյանքի, ճանապարհային ենթակառուցվածքների, զբաղվածության, կրթության, երիտասարդների ներգրավվածության, սոցիալական խնդիրների և մարզի զարգացմանն առնչվող այլ հարցեր։

Նախաձեռնության նպատակն է ստեղծել բաց երկխոսության միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն ներկայացնել իր կարծիքը, առաջարկներն ու ակնկալիքները՝ նպաստելով հանրային մասնակցության և համայնքային խնդիրների բարձրաձայնմանը։




Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո Բերդ համայնքում մեկնարկեց համայնքային «Վերջին զանգի» միջոցառումը։ Մայիսի 25-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառումը համախմբել էր համայնքի բոլոր հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին ու բնակիչներին։ Այս տարի Բերդ համայնքում դպրոցին հրաժեշտ է տվել 297 շրջանավարտ։

Տոնական միջոցառման ընթացքում համայնքի բոլոր դպրոցների շրջանավարտները հանդես եկան պարային, երաժշտական և գեղարվեստական կատարումներով՝ ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ Միջոցառումը շարունակվեց հյուրասիրությամբ և երիտասարդական ժամանցային ծրագրով։

Միասնական «Վերջին զանգ» միջոցառմամբ համայնքը շրջանավարտներին ճանապարհեց լավագույն մաղթանքներով՝ վստահ լինելով, որ այսօրվա շրջանավարտներն են վաղվա պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացիները։




Մշակութային նոր շունչ սահմանամերձ համայնքում․ Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդ համայնքի մշակութային կյանքում նորություններ կան․ սահմանամերձ համայնքում՝ Բերդի մշակույթի տանը բացվել է համայնքային պատկերասրահ, որտեղ մեկ հարկի տակ ցուցադրվում են Տավուշի մարզի արվեստագետների աշխատանքները։ Տավուշեցի նկարիչ Ռոմեո Մելիքյանի տարիներ շարունակ երազանք թվացող գաղափարն այսօր արդեն իրականություն է։

Պատկերասրահի բացման արարողությանը ներկա էին արվեստագետներ, մշակույթի գործիչներ և համայնքի բնակիչներ։ Պատկերասրահի ստեղծմամբ Բերդում մշակութային կյանքը նոր մակարդակի է բարձրանում։ Այսուհետ այստեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ և մշակութային տարբեր միջոցառումներ՝ և տեղացի արվեստագետների, և հանրապետության տարբեր մարզերից ժամանած հեղինակների մասնակցությամբ։

Նորաբաց սրահում արդեն ծրագրվում են հաջորդ ցուցահանդեսներն ու մշակութային հանդիպումները։ Արվեստագետների կարծիքով՝ պատկերասրահը նախ և առաջ վայր է որտեղ մարդիկ կարող են հանդիպել ու հաղորդակցվել արվեստին։

Նորաստեղծ պատկերասրահը կնպաստի նաև համայնքի տաղանդավոր արվեստագետների բացահայտմանն ու առաջմղմանը՝ Բերդում ձևավորելով ավելի ակտիվ և ստեղծագործ մշակութային միջավայր։




Ռայխսթագի պատերի տակ հնչած զուռնան պահվում է Բերդի թանգարանում

1945 թվականի մայիսի 9-ին Ռայխսթագի պատերի տակ հնչած ինքնաշեն զուռնան այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։

Երաժշտական գործիքը պատկանել է Թամանյան դիվիզիայի հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակից, ավագ սերժանտ Արշալույս Չիլինգարյանին՝ Տավուշի մարզի Նավուր գյուղից։

Զուռնան հնչել է Հայրենական պատերազմի հաղթանակի օրերին՝ խորհրդանշելով պատերազմի ավարտն ու խաղաղության սպասումը։ Պատերազմից հետո Արշալույս Չիլինգարյանը խնամքով պահպանել է երաժշտական գործիքը, իսկ տարիներ անց այն փոխանցել Բերդի պատմության և կենցաղի թանգարանին, որտեղ այն այսօր ներկայացվում է որպես պատերազմի տարիների հիշողություն և արժեքավոր մասունք։




Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Տավուշի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մարդկանց բազմությունն առավոտյան լուռ քայլերթով շարժվեց Հայոց Ցեղասպանության հուշակոթող՝ ի հիշատակ և ոգեկոչում մեր զոհերի։

Քայլերթին համընթաց ընթանում էր Սուրբ Պատարագը՝ Ցեղասպանության նահատակներին նվիրված բաց խորանում։

Տավուշ Մեդիայի ֆոտոշարքը Իջևանից։

Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում այսօր ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: Ժամը 10։30-ին «Սորաններ» դենդրոպարկի մուտքի հարակից տարածքից մեկնարկել է երթը դեպի հուշակոթող։

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։

Նոյեմբերյան համայնքում բնակիչները, համայնքային կառույցների ներկայացուցչները համայնքապետարանի մերձակայքից քայլերթով շարժվել են դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մատուցվել է Սուրբ պատարագ։

Լուսանկարները՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի։

Դիլիջանում քաղաքի հուշարձանի հարակից տարածքում տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։