Բերդ համայնքի բնակիչ Արուսյակ Մելիքյանը 100 տարեկան է

Բերդ համայնքի ղեկավարի խորհրդականներ Սամվել Հովսեփյանը և Լեռնիկ Բաբայանն այցելել են Բերդ քաղաքի բնակչուհի Արուսյակ Մելիքյանի տուն՝ շնորհավորելու նրան ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի նախաձեռնությամբ՝ նրանք համայնքի անունից ծաղիկներ և նվեր (դրամային) են հանձնել հոբելյարին՝ մաղթելով նրան քաջառողջություն, Մելիքյանների ընտանիքին՝ հաջողություններ և ձեռքբերումներ:

100-ամյա Արուսյակ Մելիքյանը ծնվել է 1924 թ.-ի փետրվարի 6-ին, Բերդում: Շուրջ չորս տասնամյակ աշխատել է շրջանային «Այգաբաց» թերթում՝ որպես գրաշար և սրբագրիչ:

Ունի հինգ զավակ, տասնմեկ թոռ, վեց ծոռ, երկու թոռան թոռ (կուռ):




ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Բ I «Աշխարհացոյց»

Մեծ Հայքի V դարի վարչաքաղաքական բաժանումը ներկայացնող «Աշխարհացոյց»-ում Տուհք (Տավուշ) գավառը ներկայացված է Տուչքատակ ընթերցմամբ՝ իբրև Ուտիք աշխարհի հինգերորդ գավառ։ Տուչքատակը գրչական աղավաղման հետևանք է։ Իրականում գավառը կոչվել է Տուս-Քուստակ (քուստակ պարսկերեն գավառ է նշանակում)։

Այդ անվանաձևն առաջացել է հետևյալ կերպ։ Հայերենում տեղանունն ուղղական հոլովի փոխարեն հայցական հոլովով ներկայացվելը սովորական երևույթ է։ Դրա օրինակներից է Տուհք-Տուսը։ Սկզբում Տուհ ցեղանունից առաջացած այդ գավառանունը եղել է Տուհք, այնուհետև այն օգտագործվել է ուղղականին փոխարինած հայցական հոլովով և դարձել Տուհս։ Հետագայում Տուհսի դժվար արտասանելի «հ» հագագն օրինաչափորեն սղվել է և, ի վերջո, Տուհք-ը վերածվել է հեշտ արտաբերվող ու հնչեղ Տուս-ի։

Հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին Տուսն իբրև բնակավայրի անուն օգտագործել է երկիցս՝ 850-ական թթ. երկրորդ կեսի իրադարձությունների հետ կապված։ Փոխարենը 918 և 921 թթ. տեղի ունեցած երկու դեպքի անդրադառնալիս նա օգտագործել է Տավշո ձոր և Տավշո ամրոց բառակապակցությունները՝  Տավուշն օգտագործելով իբրև գավառանուն։ Հետևաբար այդ ընթացքում Տուսն իբրև գավառանուն իր տեղը զիջել էր Տուս→Տաուս→Տաուշ→Տավուշ հնչյունափոխության արգասիք Տավուշին։

Տուս բնակավայրը նախկին Տավուշի շրջանի (այժմ՝ Բերդ համայնք) Տավուշ գյուղն է։ Այն իբրև գյուղանուն պահպանվել է առնվազն մինչև XVII դ.։ Այդ է վկայում XIII դ. գործած նշանավոր Հովհաննես արքեպիսկոպոսի Տուեցի հորջորջումը։ Այդ գյուղը 1630-1645 թթ. այնտեղ ընդօրինակված հինգ ձեռագրերի հիշատակարաններում վկայվում է Թավուզ անվամբ։

Ինչ վերաբերում է Տավուշ գավառանվանը, ապա այն նույն հիշատակարաններում հանդես է գալիս Տայուշ, իսկ 1679 թ. Մեծ Ղարամուրատ գյուղի Հարանց անապատ վանքում գրչագրված մի ձեռագրի հիշատակարանում՝ Տավուշ ընթերցմամբ։ Սակայն՝ XVIII դ. սկզբներից Տավուշ գավառը սկսում է կոչվել այնտեղ բնակեցված թյուրքական Շամսանդիլու ցեղի անունով։

 




ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ա I Տուհք, Տուսք, Տուհաց Գավառ, Տավուշ

     Մովսես Խորենացու շնորհիվ մեզ հասած «Վարդգես մանկան վեպ» համարվող հնգատող չափածո զրույցը բանահյուսական մարգարիտ լինելուց զատ Տավուշ գավառի վաղ շրջանի պատմության եզակի ու շատ կարևոր աղբյուր է։ Այդ զրույցի համաձայն ոմն Վարդգես, որը նաև մանուկ էր (այսինքն՝ հերոս, քաջ, կտրիճ երիտասարդ էր) Տուհաց (Տավուշ) գավառից գնում է Արտիմեդ քաղաք՝ Երվանդ արքայի մոտ խնամախոսության։ Պատմահայրը զրույցին կից անմիջապես հայտնում է, որ խոսքը Երվանդ Ա Սակավակյաց (Ք. Ա. 570-ական թթ.) արքայի մասին է և, որ նա Վարդգես մանուկին չմերժելով` նրան կնության է տալիս իր քրոջը։

      Շարունակության մեջ Մովսես Խորենացին նշում է, որ դրանից հետո Վարդգես մանուկը Արտիմեդի հարևանությամբ կառուցում է Վարդգեսավան բնակավայրը, որը հետագայում Վաղարշ Ա (117-140) թագավորն` ամրացնելով, կոչում է Վաղարշապատ։

     Վերոգրյալից պարզվում է, որ Տավուշ գավառի սկզբնական` չհնչյունափոխված, անվանաձևը եղել է Տուհք։ Այն զրույցում օգտագործվել է սեռական հոլովով և նշանակել է տուհերի գավառ։ Ուրեմն գավառն իր անունը ստացել է այնտեղ ապրող տուհ ցեղի անունից։

     Այդ ցեղը հայտնի է եղել ոչ միայն Մովսես Խորենացուն, այլև V դարի մեկ այլ նշանավոր հեղինակի՝ Դավիթ Քերականին։ Այսպիսով, ի հեճուկս պատմության ադրբեջանական կեղծարարների, Տավուշ գավառն ի սկզբանե բնակեցված է եղել հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցած հայկական տուհ ցեղով։ Բացի այդ, այն ոչ միայն Երվանդունիների համահայկական թագավորության անբաժան մասն է եղել, այլև Ք. Ա. VII դարի առաջին կեսին մեր երկրի կյանքում զգալի դեր է խաղացել։ Զրույցին պատմահոր հավելածից նաև պարզվում է, որ հայոց հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատի համար, որի 2700-ամյակը շուքով նշվեց 2015 թ., հիմք է ծառայել Վարդգես մանուկի կառուցած Վարդգեսավան բնակավայրը։




Արցախից Տավուշ. պսակադրություն Խորանաշատի վանքում

Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուրեցի Տիգրանի և Մարիամի պսակադրությունը կայացել է Սբ. Խորանաշատի վանքում:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ:

Խորանաշատը գտնվում է Բերդի տարածաշրջանում` Չինարի գյուղից հյուսիս-արևելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ:

8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:

 

2022 թվականին լրացավ Խորանաշատի վանքի 800 ամյակը. մայիսի 11-ին Երևանից մեկնարկել էր վանքի հանրահռչակման միջոցառումների շարքը, իսկ արդեն մայիսի 28-ին մեծաթիվ ուխտավորներ զինվորականների ուղեկցությամբ այցելեցին Խորանաշատ վանական համալիր, անցկացվեցին մի շարք միջոցառումներ




Դժվարանցանելի ճանապարհները Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է:

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Մոտենում է նոր ցիկլոն, սպասվում է ձյուն. Եղանակը Տավուշում

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Տավուշի նախալեռներում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Տավուշում, Լոռիում և Սյունիքում 14-16 աստիճանով:




«Բանակը մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը». շարունակվում է զինված ուժերի համալրման գործընթացը

Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

«Սիրելի’ զորակոչիկներ, ծնողներ, հարազատներ, ողջունում եմ բոլորիդ։ Զորակոչիկների հարգելի’ ծնողներ, երախտապարտ եմ ձեզ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար։ Բանակը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը։ Սիրելի’ տղաներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Վստահ եմ, որ արժանապատվորեն եք իրականացնելու ձեր ծառայությունը։ Թո՛ղ մայրերի աղոթքն ու Աստծո օրհնությունը ձեզ հետ լինեն։ Խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը և վերադառնաք` շենացնելու ձեր տունն ու համայնքը։ Աստված պահապան բոլորիդ։ Փա’ռք մեր բանակին»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Զորակոչիկներին իր բարեմաղթանքն է հղել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:

 




Ներկայացվել է Բերդ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը. հանրային լսում

Ներկայացվել է Բերդ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը. հանրային լսում

Հունվարի 15-ին Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային լսում, որի ընթացքում հանգամանորեն ներկայացվել է Բերդ խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը:

Հանդիպմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, ոլորտային պատասխանատուները, համայնքապետարանի, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, ներկայացուցիչներ՝ համայնքում գործող հասարակական կազմակերպություններից:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին մասնակցության համար և արդյունավետ աշխատանք է մաղթել:

Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է Բերդ խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը:

Ըստ ոլորտների` հանգամանորեն ներկայացվել են համայնքի բնակավայրերում իրականացվելիք աշխատանքները, համայնքի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը, ռազմավարությունը և տեսլականը:

Ծրագիրն արժանացել է ներկաների հավանությանը:




«Եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ». Բերդ համայնքի զորակոչիկները մեկնեցին ծառայության

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:
Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է  հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին. «Մեր հայրենիքը  սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր,  տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և,  համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ:  …Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը  հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը,  և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն:  Սիրելի՛ մայրեր,  իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր  զավակները խաղաղ պայմաններում  ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:




Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։