«Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք…» կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսլիքով» գրքի քննարկում-շնորհանդեսը

Հուլիսի 17-ին կայացել է Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսլիքով» գրքի բաց քննարկում-շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված զինծառայողների հարազատները, մշակույթի գործիչներ, այլ հյուրեր:
Հանդիպումը մեկնարկել է Տերունական աղոթքով:
Ներկայացնելով «Ավետյաց երկրի տեսլիքով» գրքի գեղարվեստական արժեքն ու նշանակությունը՝ վերլուծական զեկույցներով հանդես են եկել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, անվանի մանկավարժ, մտավորական Ալբերտ Պապյանը, Բերդի ավագ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Լուսինե Թումանյանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը:
Գրքի մասին իր խոհերն է ներկայացրել Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ գիրքը հեղինակելու և հայրենանվեր գործունեության համար. «Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, մեզ համար պատիվ է լինել Ձեր՝ հայրենիքի հոգսերով մշտապես ապրող ազգանվեր հայի, հոգևորականի, փիլիսոփայի, մարդկային բոլոր առաքինություններով օժտված մարդու ժամանակակիցը»:
«Ավետյաց երկրի տեսլիքով» գրքում հրապարակագրության և զրույցների տեսքով բարձրաձայնվում են այսօրվա կարևոր խնդիրներն ու հաճախ տրվում դրանց հաղթահարման բանալիները:
___________
Նախաբանում նշված է «…Սիրելի՛ ընթերցող, հուսամ՝ քեզ համար ևս այս գիրքը հետաքրքիր ճանապարհորդության, խորհելու և մտորելու առիթ կլինի՝ միշտ վառ պահելով Ավետյաց Երկրի Տեսլիքը՝ կառուցելու այնպիսի երկիր, որը կդառնա մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկութան ու անսպառ ուրախության ՄԵԾ ՏՈՒՆԸ: Ցանկանում եմ մեր այս խոսքը ամփոփել մեծն Թումանյանի մարգարեական շնչով, որն ինձ համար հնչում է որպես աղոթք և կյանքի բանաձև՝ հուսամ նաև քեզ համար:
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին։
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք…




Էրիկա Խաչատրյան․ քանոնահարուհի

Տավուշեցի շնորհալի երեխաներին շարունակեք դիտել ՏավուշTV-ի եթերում

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Էրիկա Խաչատրյանին, ով նվագում է Խաչատուր Ավետիյանի «Անընդհատ շարժում» ստեղծագործությունը։

Ի դեպ՝ Էրիկան համահայկական ու միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր է։ 

Հիշեցնենք, որ Ձեր շնորհալի երեխան ևս կարող է հայտնվել մեր եթերում․ պարզապես ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին։ Նախնական ընտրությունն անցնելու դեպքում այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։




Ամառային զորակոչ 2023թ. ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլսի 6-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Զորակոչիկներին խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը,Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Արամ Նիգոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը, զորակոչիկների հարազատները:
Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք:




Իրազեկում

Հունիսի 29-ին, Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Աշխատանքներով պայմանավորված ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ավտոճանապարհը փակ է լինելու։




Անկեղծ զրույց՝ այգեձորցի տիկին Ջուլիետայի հետ

«Կյանքն էնքան շուտ փոխվեց, որ չհասկացանք՝ ինչ կատարվեց․․․»

Այգեձորցի Ջուլետիա Սարգսյանը պատմում է իր կյանքի հարուստ փորձի մասին՝ դժվարություններով, փորձություններով, ուրախ ու տխուր ակնթարթներով հանդերձ։

 Մենք «միանում ենք» անկեղծ զրույցին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութով:




Այգեձորում Մշակույթի տան նախաձեռնությամբ նշվել է Համբարձման տոնը

Այս տարվա մայիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Համբարձման տոնը: Այգեձորի Մշակույթի տան նախաձեռնությամբ, հավատարիմ մնալով ավանդույթներին նշել են Համբարձման տոնը` մասնակից դարձնելով գյուղի փոքրերին ու մեծահասակներին: 

Այգեձորում Համբարձման տոնախմբության մասին Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում:




Խոսք ու զրույց․ Աստղիկ Հակոբյան

Մեր եթերում կրկին խոսք ու զրույցի ժամ էր, իսկ տաղավարում մեզ հետ էր Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Սոցիալական աշխատանքի ոլորտից՝ քաղաքականություն, ընտանիքից՝ հանրային գործունեություն․ տիկին Հակոբյանի հետ խոսել ենք իր կյանքի ճանապարհի կարևոր որոշումների, արժեքներից ծնվող գործունեության, և, իհարկե, Տավուշը սիրելու մասին։ 

Մեր հյուրն ընդգծում է՝ ցանկացած իրավիճակում լավատեսությունն է լուծումներ փնտրելու իր շարժիչ ուժը․ «Ուզում եմ լավ բան անել․ այդ լավ բանի միտումն է, որ մղում է ինձ ցանկացած ասպարեզում նույն տեղում չմնալ»։

Մաղթում ենք ձեզ բարի դիտում և հրավիրում՝ գրելու մեկնաբանություններում, թե հաջորդիվ ում կցանկանայիք տեսնել Տավուշ ՀԸ տաղավարում։




Անվճար հետազոտություններ Բերդում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և գործընկեր մասնագետների կողմից

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկ օրում անվճար հետազոտվել են ավելի քան 450 տավուշցիներ։

Մայիսի 27-ին ՈՒԱԿ-ի և գործընկեր այլ ԲԿ-ների մասնագետները Բերդում էին: Մեկ օրում 10-ից ավելի մասնագետներ հետազոտեցին և նեղ մասնագիտական խորհրդատվություններ տրամադրեցին Բերդի և հարակից տարածքների բնակիչներին:

Անցկացվեցին կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիկ, ինչպես նաև դուպլեքս հետազոտություններ:

Հետամուտ լինելով երկրի քաղաքացիների կանոնավոր հետազոտվելուն և հաշվի առնելով որոշ բնակիչների՝ մայրաքաղաք գալու բարդությունները՝ ՈՒԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է անվճար հետազոտություններ հատկապես սահմանամերձ մարզերում։

Կենտրոնի կողմից անցկացվող ակցիաները պարբերաբար են:




Բերդ համայնքում անցկացվել են երրորդ «Մարդիգյան մրցումները»

Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է միջկրթօջախային սպորտային մրցաշար՝ Բերդ համայնքի 16 միջնակարգ և ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների շուրջ 80 աշակերտի մասնակցությամբ՝ նվիրված Մարդիգյան ընտանիքին։

Մարդիգյան սպորտային խաղերը Բերդի տարածաշրջանում իրականացվում են արդեն երրորդ անգամ: Մրցումների նպատակն է ձևավորել առողջ ապրելակերպ երիտասարդների շրջանում, արդար մրցակցային մթնոլորտ դպրոցականների միջև, ինչպես նաև նոր կապեր և ընկերություն, թիմային աշխատանք ու թիմային պատկանելություն:

Աշակերտներն իրենց ուժերը փորձել են 5 մարզաձևում`
Հեռացատկ (աղջիկներ)
Սեղմումներ մարմնամարզական նստարանից (աղջիկներ)
Ձգումներ պտտաձողից (տղաներ)
Կշռաքարի բարձրացում (տղաներ)
Հրաձգություն (տղաներ և աղջիկներ)

Թիմային հաշվարկով առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, երկրորդ և երրորդ հորիզոնականները` Բերդի ավագ և Այգեձորի միջնակարգ դպրոցները:

Լավագույն 3 տեղերը զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, նվերներով, մրցավարները` շնորհակալագրերով և նվերներով: Բերդի ավագ դպրոցն արժանացել է շնորհակալագրի` համագործակցելու և սպորտային խաղերի կազմակերպմանն աջակցելու համար:




Ընթացիկ աշխատանքներ՝ Բերդ և Դիլիջան համայնքների բնակավայրերում

Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Բերդում
Իրականացվում են երկրորդային(թաղամասային) ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ:

Պառավաքարում
Իրականացվել են խմելու ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Վարագավանում
Իրականացվել են ոռոգման ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
_______
Աշխատանքներն իրականացրել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը(Վարագավանում՝ «Տավուշ» ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ):

Դրա հետ մեկտեղ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկել է բնակավայրի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների հիմնանորոգման նախագիծը:

Վերականգնվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1,5 կմ է: Նախատեսվում է տուֆապատել ճանապարհը: Այս պահին իրականացվում են հողահարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն սալարկման աշխատանքները:

Աշխատանքները կավարտվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք ավելի ուշ: