Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։  




Աղասյանների ընտանիքը Չինարիում զբաղվում է մեղվաբուծությամբ

Չինարի գյուղում Աղասյանների ընտանիքը զբաղվում է  մեղվաբուծությամբ։ Մեղրի ստացումը նրանց ամենաքաղցր գործերից է: Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Հուշապատի բացման և խաչքարի օրհնության արարողություններ` Արծվաբերդ գյուղում

Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով. Հոկտեմբերի 27-ին Արծվաբերդ գյուղում կայացավ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված արծվաբերդցիների հիշատակին նվիրված պուրակի, հուշապատի բացման և խաչքարի օծման արարողությունը։ Պուրակը կառուցվել է Արծվաբերդի նախկին վարչական ղեկավար Օնիկ Բալյանի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ արծվաբերդցի Տիգրան Բեկյանի բարերարությամբ։ Խաչքարի օծման արարողությունը կայացավ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ։
Արծվաբերդցիները վստահ են՝ խաչքարի տեղադրումը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար։ Արարողության ավարտին ներկաները խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։ Անկախությունից ի վեր Արցախի պաշտպանության համար Արծվաբերդից զոհվել է 19 հայորդի։




«Երիտասարդ քաղաքացի». Տավուշ Մեդիայի նոր նախագիծը

Տավուշ Մեդիան մեկնարկում է «Երիտասարդ քաղաքացի» ծրագիրը, որի նպատակներն են երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մասին իրազեկվածության բարձրացումը, երիտասարդների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների միջև երկխոսությունների և քննարկումների համար հարթակի ստեղծումը և մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններում երիտասարդների մասնակցության աճը։

«Երիտասարդ քաղաքացի» նախագծի շրջանակներում կազմակերպվելու է պանելային քննարկում, որի համար պետք են թեմաներ և մասնակիցներ ընտրվեն։ Շատ կարևոր է, թե ովքեր կմասնակցեն քննարկմանը և ինչ հարցեր կառաջադրեն։

Ցանկանում ենք Ձեզ հետ միասին ճշտել, թե ովքեր կարող են մասնակցել այդ քննարկմանը, ինչ հարցեր են հուզում երիտասարդությանը, և արդյունավետ ու օգտակար քննարկում կազմակերպելու համար, խնդրում ենք լրացնել նշված հարցումը:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnpg1hkv4ZKb-EzTGpeOvj2oyD7_XWLT5K7SLIRblXuPJ1_A/viewform?usp=pp_url

 




Այգեձոր գյուղում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը

Կարտոֆիլի բերքահավաք Այգեձորում:

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան:




Նոր «դասարան-ակումբ»՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի դասարան-ակումբի բացման արարողությունը: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը: Ծրագրի շահառու ուսուցիչներ Արևիկ Մելիքյանը և Մարինե Առաքելյանը ներկայացրեցին դասարան- ակումբում սպասվող միջոցառումների մանրամասները:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է մարզային «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագիրը, որի արդյունքում Գեղարքունիքի և Տավուշի մարզի չորս դպրոցներում բացվելու են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ:

Ծրագիրը ընթացքում տեղի են ունեցել վերլուծական մտքի զարգացման, մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքների վերաբերյալ դասընթացներ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ստացել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելո՝ իրագործելու համար մեդիագրագիտության զարգացման ուղղությամբ իրենց ծրագրային գաղափարները։




Միջոցառումներ` նվիրված նահատակված չորաթանցիների հիշատակին

Օգոստոսի 4-ին Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին նվիրված Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում կայացել են միջոցառումներ՝ Չորաթանի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ բարերար՝ ծնունդով Չորաթանից Սերգեյ Ուդումյանի աջակցությամբ:
Առավոտյան գյուղի կենտրոնում գտնվող նահատակված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվել. Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի կողմից կատարվել է նահատակված հայորդիների հիշատակի ոգեկոչման արարողությունը։

Հայաստանի ու Արցախի տարեգրության մեջ՝ որպես հայրենիքի պաշտպաններ են հիշվում չորաթանցի Մելիքսեթ Ասատրյանը, Յուրա Ուդումյանը, Արթուր Ուդումյանը, Մանվել Պապյանը, Արման Ուդումյանը ու Վահե Ուդումյանը: Նրանք անկախությունից ի վեր մղված մարտերում կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը:

Ոգեկոչման արարողությանը հաջորդել է ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցել են Բերդի, Չինարիի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի, Նորաշենի մեծահասակների և երիտասարդների թիմերը։
Միջոցառման վերջում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Ուդումյանը պարգևատրվել է պատվոգրով՝ մշտապես համայնքի կողքին լինելու և հայրենի գյուղի խնդիրների լուծմանն աջակցելու համար։




«Հայկական Կինոդարը» գալիս է Տավուշի մարզ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում Տավուշ Մեդիայի լավագույն գործընկերներից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայկական Կինոդար» նախագծով գալիս է Տավուշի մարզ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է գոստոսի 6-ից 10-ը Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:

Մուտքն ազատ է․
Օգոստոսի 6, ժամը 16:00, 18:00՝ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տուն
Օգոստոսի 7, ժամը 17:00, 19:00՝ Բերդի մշակույթի տուն
Օգոստոսի 8, ժամը 20:00՝ Իջևանի «Շատրվանների հրապարակ» Ա․ Մելիքբեկյան փողոց՝ բացօթյա ցուցադրություն
Օգոստոսի 9, ժամը 13:00՝ Հաղարծինի մշակույթի տուն
Օգոստոսի 9, ժամը 17:00՝ Դիլիջանի N զորամաս
Օգոստոսի 10, ժամը 13:00՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:




«Աղստևի հովիտ» Տեղական ակտիվ խմբի նոր գրասենյակը Ազատամուտ գյուղում

Գյուղական բնակավայրերը զարգացելու նպատակով «LEADER» ծրագրի շրջանակում ստեղծված «Աղստևի հովիտ» Տեղական ակտիվ խումբը այսուհետ ունի նոր հարմարավետ գրասենյակ Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում։ Հուլիսի 25-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբը հիմնվել է Եվրոպական միության «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակում․ այս ծրագիրը ավելի քան 30 տարի է Եվրոպական երկրների գյուղական համայնքներում հաջողությամբ կիրառվող «LEADER» նախագծի մեթոդաբանությամբ է, որը փորձնական կարգով իրականացվում է Հայասատանի Տավուշի, Լուռու և Շիրակի մարզերի փոքր ու սակավ ռեսուրսներ ունեցող բնակավայրերում։

«Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակում ստեղծվել է 5 Տեղական ակտիվ խումբ, որում ընդգրկված են պետական, մասնավոր ու քաղհասարակության ներկայացուցիչները, ովքեր ներառական զարգացման սկզբունքով մշակել են խմբի գործունեության ռազմավարությունը։

Ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության կողմից՝ Տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ։ Նպատակը բնակչության ակտիվ ներգրավումն է զարգացման գործընթացներում, ստեղծելով տեղական օժանդող ենթակառուցվածքներ։

Տավուշի մարզում, ծրագրի աջակցությամբ նմանատիպ 3 գրասենյակ կլինի՝ «Աղստևի հովիտը»՝ Ազատամուտ բնակավայրում, «Ծիլի ծովը»՝ Բերդ համայնքում, իսկ «Գանձորը» Այրում բնակավայրում, որոնք հնարավորություն կտան հաջողությամբ իրականացնել նախապես մշակած ռազմավարությունը, ապահովել բնակավայրերի զարգացմանն ու կենսունակությանը միտված նորարար ու արդյունքահեն նախաձեռնությունները։




Հուշամրցաշար՝ հուլիսյան մարտերում զոհված տղաների հիշատակին

Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Բերդի համայնքապետարանի աջակցությամբ հուլիսի 25-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ ընդհանուր մենամարտերի հուշամրցաշար` նվիրված 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում  նահատակված հայորդիների հիշատակին։ Հուշամրցաշարին մասնակցում էին Տավուշի ու Արմավիրի մարզի 20 պատանի մարզիկները:

Բերդ համայնքում սպորտային կյանքը ակտիվ և աշխույժ է. հ ամայնքի ղեկավարի խոսքով մարզաձևը համախմբող նշանակություն ունի:

Հայաստանի Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան նմանօրինակ միջոցառումներ հաճախ է կազմակերպում և կազմակերպելու ինչպես Տավուշում, այնպես էլ հանրապետության այլ մարզերում:

Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Բերդի համայնքապետարանի աջակցությամբ հուլիսի 25-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցավ ընդհանուր մենամարտերի հուշամրցաշար` նվիրված 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում  նահատակված հայորդիների հիշատակին։