Պարեկները Բերդ քաղաքում ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա:

Վարորդը մոտ 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ապօրինի ծառահատում է արել Նավուրի անտառպետության հանդամասից:

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Ոստիկանները բացահայտել են Բերդի համայնքապետարանի տերմինալից կատարված գողությունը

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին Տավուշի մարզի պարեկները ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Տրանսպորտային միջոցի սրահում ատրճանակ և դանակներ են եղել։ Մեքենան և վարորդը տեղափոխվել են տարածքային քննչական բաժին։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ին: Նրանք Նոյեմբերյանի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրացան կար:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են Նոյեմբերյանի բաժին:Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:




Ալբերտ Պապյանի ստեղծագործություններին նվիրված միջոցառում

Փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրը Բերդի համայնքային մշակույթի տանը նախաձեռնվում է Ալբերտ Պապյանի ստեղծագործություններին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը կմասնակցեն Բերդ համայնքի ընթերցասեր երիտասարդներ։ Ցանկացողները կարող են միանալ, նախապես դիմելով Բերդի մշակույթի տուն։

 




Բերդի «Սորաններ» դենդրոպարկում բարձրացվել է Հայոց Եռագույնը

Հունվարի 27-ին, Բանակի օրվա և ՀՀ ԶՈւ կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կայացել է ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն:

Տավուշ TV-ի նկարահանող խումբը ներկա է եղել արարողությանը․ ձեզ ենք ներկայացնում տեղից մեր Տավուշյան ռեպորտաժը։ 




Զորակոչը Տավուշում շարունակվում է

2023թ.-ի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հունվարի 25-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին խաղաղ ծառայություն են մաղթել Տավուշ բնակավայրի վարչական ղեկավար Թաթուլ Արզումանյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը:

Հերթական զորակոչն է անցկացվել նաև Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:




Հանդիպում Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի, Տավուշ Մեդիայի և Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում շարունակվում են տարածաշրջանային հանդիպումները. հունվարի 21-ին կայացավ հանդիպում Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը: Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները:

Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: Հադիպումները կազմակերպվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում, արդեն կայացել է Իջևանում, Դիլիջանում և Բերդում։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:




Հողաշերտի փլվածք Բերդ քաղաքում

Հունվարի 20-ին, ժամը 14:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։




Տավուշի համը. Ամանորյա եռուզեռ

Տավուշի Համը շարքում այս անգամ Գոհար Քոսակյանը ներկայացնում է Ամանորյա եռուզեռը` անուշ խոսք ու զրույցով։




«Թո՛ղ մայրերի աղոթքն ու Աստծո օրհնությունը հովանի լինեն ձեզ». Բերդ համայնքում մեկնարկել է 2023թ.-ի ձմեռային զորակոչը

Այսօր՝ հունվարի 11-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2023թ.-ի ձմեռային զորակոչը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:

Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետի պաշտոնակատար, մայոր Արմեն Կարապետյանը, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մասնավորապես ասել է. «Թո՛ղ մայրերի աղոթքն ու Աստծո օրհնությունը հովանի լինեն ձեզ: Խաղաղ, անփորձանք ծառայություն իրականցնեք, վերադառնաք և շենացնեք ձեր օջախներն ու մեր համայնքը»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել նաև Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազայանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը:

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:




Դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռի և Տավուշ մարզերում» ծրագրի շրջանակներում «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը հրավիրում է ներկայացնել դրամաշնորհային մրցույթի հայտ՝ Բերդ համայնքի Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում տեղական զարգացման նախաձեռ­նութ­յունների իրականացման համար։

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադ­րել վերոնշյալ բնակավայրերում գրանցված և/կամ փաստացի գործող քաղաքա­ցիա­կան հասարակության, գործարար և հանրային ոլորտի ներկայացուցիչներին՝ զարգաց­ման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։

Ծրագրերը անպայման պետք է համապատասխանեն «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի 2022-2026թթ․ Ռազմավարական առաջնահերթություններին՝ աջակցություն տեղական գյուղմթերք արտադրող գյուղացիական փոքր տնտեսություններին/կոոպերատիվներին, ժամանցի և հանգստի կազմակերպման նորարար ենթակառուցվածքների ստեղծմանը/զարգացմանը, գիտակրթական և փորձացուցադրական գաղափարների տարածմանը, սոցիալական ներառականություն ապահովող, բնապահպանական խնդիրներ լուծող նախաձեռնություններին, ագրո, գաստրո, բուժական և արկածային տուրիզմի զարգացմանը(առավել մանրամասն՝ տե՛ս կցված ՈՒղեցույցում):

Ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը մինչև 2023թ-ի հունվարի 23-ը, ժ․ 18:00 (Երևանի ժամանակով): Վերջնաժամկետից դուրս ստացված հայտերը չեն դիտարկվի։ Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով, որի ստացումից հետո ուղարկվում է հաստատող ծանուցում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտադիմումի ձևը լրացնել՝ ներբեռնելով այս հավելվածները՝

https://drive.google.com/drive/folders/15W3j3pQsxbZjWBIXs5p_kltbkp1eY4cZ?usp=share_link