Տեառնընդառաջի տոնը նշվեց Տավուշի մարզում

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տոնը ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում․ այն ապրող ու շարունակվող ավանդույթ է, որը դարերից եկող խորհուրդն է փոխանցում նոր սերունդներին։ Տեառնընդառաջը կենտրոնանում է նորապսակների շուրջ՝ կարևորելով հայկական մշակույթում նորաստեղծ ընտանիքի հանդեպ համընդհանուր հոգատարությունն ու աջակցությունը։ Այն նոր կյանքի, հույսի և ընտանեկան ջերմության խորհրդանիշ է։ Տավուշում ընտանիքի արժեքը նույնքան հիմնարար է, որքան անվտանգ ու խաղաղ հայրենիքը։

Տոնի առթիվ Արծվաբերդի մշակույթի տան բակում հավաքվել էին գյուղի բնակիչները։ Տոնական խարույկի շուրջ հատկապես ուշադրության կենտրոնում էին նորապսակ զույգերը։

Ավանդույթի համաձայն՝ երիտասարդ զույգերը պտտվում են կրակի շուրջը և ձեռք-ձեռքի տված ցատկում խարույկի վրայով՝ հավատալով, որ կրակի մաքրող ու լուսավոր ուժը իրենց ընտանիքներին կբերի ջերմություն, ամրություն և երջանկություն։ Միջոցառման ընթացքում հնչեցին տոնական երգեր, իսկ երիտասարդները հանդես եկան ազգային պարերով՝ խարույկի շուրջ ստեղծելով միասնականության ու ոգևորության մթնոլորտ։ Օրվա խորհուրդը սահմանամերձ համայնքներում կրկնակի արժեք է ստանում։ Այստեղ ապրող մարդիկ առավել խորությամբ են գիտակցում, որ ամուր ընտանիքն ուժեղ ու կայուն պետության հիմքն է։

Տեառնընդառաջի խարույկի լույսի ներքո նորապսակները միմյանց խոստացան սիրել ու պահպանել իրենց ընտանիքները, իսկ համագյուղացիները նրանց մաղթեցին խաղաղություն, համերաշխություն և լույսով լի ճանապարհ։

Բերդ համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։

 
Տավուշի մարզի համայնքներում Տեառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ:

Լուսանկարները՝ Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարաններից։

Տեսանյութը՝ Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։




Խաղաղություն և անվտանգություն՝ կանանց ակտիվ մասնակցությամբ․ աշխատաժողով՝ Տավուշի մարզում

Համայնքներում առկա խնդիրները երբեմն տեսանելի են բոլորին, սակայն դրանց համակարգված վերլուծությունն ու առաջնահերթությունների հստակ սահմանումը հաճախ բացակայում են։ Այս նպատակով Տավուշի մարզում «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատաժողով, որը համախմբել էր մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև Եվրոպական միության դիտորդական առաքելություն Հայաստանում ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին առաքելության մանդատը և գործունեության հիմնական ուղղությունները։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները յուրաքանչյուրն իր համայնքի օրինակով իրականացրին խնդիրների քարտեզագրում՝ առանձնացնելով սոցիալական, ենթակառուցվածքային և հատկապես անվտանգության ու խաղաղաշինական ոլորտներում առկա մարտահրավերները։ Խմբային քննարկումների արդյունքում սահմանվեցին առաջնահերթությունները և վերհանվեցին այն խնդիրները, որոնք համայնքներում պահանջում են հրատապ լուծում։

Քննարկումների մասնակիցները կարևորեցին նաև կանանց ներգրավվածությունը անվտանգային գործընթացներում՝ ընդգծելով, որ համայնքային զարգացման և կայունության ապահովման գործում նրանց մասնակցությունը պետք է լինի հետևողական և համակարգված։

Տեղական խնդիրների լուծումը սկսվում է հենց համայնքներից՝ մարդկանց ակտիվ մասնակցությունից, պատասխանատվության զգացումից և համատեղ աշխատանքի պատրաստակամությունից։

 




Սահմանամերձ Արծվաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզում բացվեց նոր` 5-րդ խումբը

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզում բացվեց նոր` 5-րդ խումբը

«Նոր խումբ, նոր ժպիտներ». սահմանամերձ Արծվաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզում բացվեց նոր` 5-րդ խումբը։ Մանկապարտեզի նոր խմբի բացման միջոցառման առաջին հյուրերը խմբի երեխաներն են, ովքեր հյուրերին դիմավորեցին երաժշտությամբ ու գունագեղ զարդարանքով:

Միջոցառմանը մասնակցում էին ծնողներն ու գյուղի բնակիչները՝ մեկ անգամ ևս ընդգծելով մանկապարտեզի դերն երեխաների զարգացման ու կրթության գործում: Մանկապարտեզը նախ և առաջ կրթական կենտրոն է, նաև երեխաների համար երկրորդ տուն՝ ուր նրանք սովորում են, խաղում, ընկերանում։

Երեխաները հանդես եկան երգերով ու պարերով՝ ուրախացնելով ներկաներին, փոխանցելով հեքիաթային ու անկեղծ տրամադրություն:

Արծվաբերդի մի քանի տասնյակ փոքրիկներ գյուղի այս գունեղ անկյունում միասին սովորում են, բացահայտում կյանքի գունեղ կողմերը, ձևավորում նոր կարողություններ:

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյան։




Ալբերտ Պապյանի «Տավուշի բառաշխարհի բառարան» գրքի շնորհանդեսը Բերդի թիվ 4 դպրոցում

Ալբերտ Պապյանի «Տավուշի բառաշխարհի բառարան» գրքի շնորհանդեսը Բերդի թիվ 4 դպրոցում

Փետրվարի 4-ին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ մտավորական Ալբերտ Պապյանի «Տավուշի բառաշխարհի բառարան» գրքի շնորհանդեսը։ Խորհրդանշական է, որ միջոցառումը կազմակերպվել էր հենց այն կրթօջախում, որը տարիներ առաջ հիմնադրել էր Ալբերտ Պապյանը․ դպրոց, որտեղ մինչ օրս պահպանվում ու շարունակվում են նրա գաղափարներն ու հիշատակը։

Շնորհանդեսը համախմբել էր գրողի ընկերներին, հարազատներին, նախկին աշակերտներին և բազմաթիվ հյուրերի։

Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Ալբերտ Պապյանի ստեղծագործություններից, ներկայացվեցին ընկերների և աշակերտների հուշապատումները։ Ներկաներին ներկայացվեց նաև գրքի ստեղծման ճանապարհը՝ գաղափարից մինչև իրագործում։

«Տավուշի բառաշխարհի բառարան»-ը կարևոր մշակութային առաքելություն ունի․ այն ամփոփում և պահպանման է արժանացնում Տավուշի բարբառային բառերը, առած-ասացվածքները, դարձվածքներն ու թևավոր խոսքերը՝ փոխանցելով դրանք գալիք սերունդներին։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։




Թիկունքից հայացքով դեպի բանակային դիրքեր․ բանակի օրն սահմանամերձ Արծվաբերդում

Թիկունքից հայացքով դեպի բանակային դիրքեր․ բանակի օրն սահմանամերձ Արծվաբերդում։

Հայոց բանակը 34 տարեկան է։ Օրվա առթիվ Տավուշի մարզի համայնքներում անցկացվել են տոնական միջոցառումներ։ Սահմանամերձ գյուղերում բանակի օրն առանձնակի կարևորություն ունի: Սահմանապահ տավուշցիները լավ գիտեն բանակի դերն ու արժեքը։ Այստեղ կյանքը նաև ծառայություն է Հայրենիքին։ Բանակի օրվա առթիվ Արծվաբերդի մշակույթի տանը հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը, երիտասարդները՝ միասին ևս մեկ անգամ խաղաղություն ու անվտանգ ծառայություն մաղթելու զինծառայողներին։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բեմում էին Արծվաբերդի պատանիներն ու երիտասարդները։

Արծվաբերդում գյուղական առօրյան սկսվում է դիրքեր մեկնող զինծառայողների աղմուկից։ Իսկ գյուղի բնակիչներն այստեղ, հենց սահմանին, կրթում են իրենց զավակներին, տուն են կառուցում, մշակում այգիները՝ վստահեցնելով, որ ամուր թիկունք են իրենց տղաների համար։

Սահմանին ապրող մարդիկ լավ գիտեն բանակի օրվա խորհուրդը․ նրանք ամեն օր թիկունքից հայացքով դեպի դիրքեր են նայում՝ հայցելով խաղաղ երկինք ու անվտանգություն։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 




Տավուշի մարզում հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզի համայնքներում տեղի ունեցան հիշատակի և խոնարհման միջոցառումներ։

Իջևանում քաղաքացիները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրում, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։

Դիլիջանում հիշատակի և խոնարհման միջոցառումը կազմակերպվել էր Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Քաղաքի հուշարձանի հարակից տարածքում քաղաքացիները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկների խոնարհման արարողությամբ։

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։

Բերդ համայնքում  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հայորդիների հիշատակին։

Միջոցառման ընթացքում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն աղոթք է բարձրացրել նահատակների հոգիների հանգստության համար։

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։




Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանն ու իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը։

Մասնակցային բյուջետավորումը հանրային քննարկման և որոշումների կայացման մեխանիզմ է, որը հանդիսանում է մասնակցային ժողովրդավարության կարևոր գործիք։ Այն նպաստում է համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ թույլ տալով քաղաքացիներին ներգրավվել հանրային ռեսուրսների բաշխման գործընթացում և ազդեցություն ունենալ իրենց կյանքի որակի վրա։

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների համար իրական հնարավորություն է իրենց ձայնը լսելի դարձնելու և գաղափարները կյանքի կոչելու։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է հանդես գալ ծրագիր-առաջարկով կամ մասնակցել քվեարկությանը՝ աջակցելով իր համար առավել կարևոր և օգտակար նախագծի իրականացմանը։

Գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում հաստատվել է մասնակցային բյուջետավորման միջոցառումների իրականացման համապատասխան ժամանակացույցը։

Համայնքի բնակիչները կարող են իրենց առաջարկները ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ տվյալ համայնքի պաշտոնական կայքի միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով՝ դիմելով համայնքապետարան կամ իրենց բնակավայրի վարչական կենտրոն։ Թղթային հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, որի վրա նշվում են առաջարկի հեղինակի անունը, ազգանունը (կամ կազմակերպության անվանումը) և հասցեն։

Ներկայացված բոլոր առաջարկները պետք է համապատասխանեն մասնակցային բյուջետավորման գործընթացով սահմանված չափորոշիչներին, որոնց նպատակն է ապահովել ծրագրերի իրագործելիությունը, հանրային նշանակությունն ու համայնքի զարգացմանը նպաստող բնույթը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը կարևոր քայլ է Տավուշի մարզի համայնքներում քաղաքացիների ակտիվ մասնակցության, թափանցիկ կառավարման և համայնքային կայուն զարգացման ուղղությամբ։

Իջևան

Դիլիջան

Բերդ

Նոյեմբերյան




Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ

Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ

Հունվարի 20-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Տավուշի մարզում շարունակվում է 2026 թվականի ձմեռային զորակոչը

Տավուշի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը։ Հունվարի 12-ին Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան համայնքներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների հերթական խումբը։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու համայնքի բնակիչները։ Նրանք զորակոչիկներին մաղթեցին խաղաղ ու արժանապատիվ ծառայություն, ամուր կամք, առողջություն և անվտանգ վերադարձ՝ վստահ լինելով, որ տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը։

Տավուշ Մեդիայի ֆոտոշարքը՝ Իջևանից։

 

Բերդ համայնքից լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։

Կարդացեք նաև՝

 




«Տավուշյան LEADER»․ համայնքային գաղափարները՝ տեսանելի հարթակում

Բերդ քաղաքում անցկացվեց «Տավուշյան LEADER» ֆորումը, իր ներսում համախմբելով  համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի հեղինակներին և տեղական դերակատարներին։ Միջոցառման նպատակն էր նախ՝ խրախուսել լավագույն նախաձեռնությունները, նաև՝ բարձրացնել դրամաշնորհառու ծրագրերի և դրանց հեղինակների ճանաչելիությունը Տավուշի մարզում։ LEADER ծրագրի առանցքում տեղական բնակչության ակտիվ մասնակցությունն է, սոցիալ-տնտեսական կենսունակության ապահովումը և համայնքային խնդիրների լուծումը՝ ներքևից վեր մոտեցմամբ։

Միջոցառման ընթացքում հնչող խոսքերում կարևորելով ծրագրի բազմավեկտոր ուղղությունները, ընդգծվեց նաև, որ նման հարթակները հնարավորություն են խթանելու համագործակցությունը տարբեր դերակատարների միջև՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարզից մարզ։

Ֆորումի ընթացքում մրցույթին մասնակցող դրամաշնորհառուները ներկայացրին իրենց ծրագրերը՝ մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և փոքր ձեռնարկատիրության ոլորտներից։ Ներկայացումները միտված էին մրցութային գնահատմանը, ապա նաև ծրագրերի հանրայնացմանն ու փորձի փոխանակմանը։

Մրցանակաբաշխության ավարտին ամփոփվեցին արդյունքները և հայտարարվեցին հաղթողները հինգ անվանակարգերում՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Ամենաստեղծագործական թիմ», «Լավագույն համագործակցություն», «Կայուն գաղափար» և «Ժողովրդական ընտրություն»։ Այսօրինակ միջոցառումները տեղական նախաձեռնությունների տեսանելիության բարձրացմանն նպաստում, նոր համագործակցությունների ձևավորմանը և համայնքային զարգացման շարունակականությանը։

Տեղական զարգացումը սկսվում է համայնքում ձևավորված գաղափարներից․ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբը դարձել է այդ գաղափարները համագործակցության վերածելու հարթակը։