Բերդ քաղաքում հայտնաբերված միջին բրոնզեդարյան խեցեղենը շուրջ 4000 տարվա պատմություն ունի

Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն:

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել:

Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները:

Իսկ այսօր պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Նրա գնահատմամբ՝ «Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով: Կարող ենք փաստել, որ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում միշտ ապրել են մեր նախնիները»:

Այս պահի դրությամբ հայտնաբեվել են 5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝ մեծ քանակությամբ ոսկորներ:

«Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարտյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- հավելել է Աշոտ Փիլիպոսյանը:

Գտածոները կհամալրեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանը:

Նյութը` Բերդի համայնքապետարանի:

Կարդացեք նաև՝




Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում՝ շինարարական աշխատանքների ընթացքում

Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն:

Ասում են՝ երկու երանի մի տեղում չի լինում: Արի ու տես՝ այդպես էլ է լինում: Բերդ համայնքի Եղիշեի փողոցում: Իսկ եղելությունն այպիսինն է: Բանվորները սովորական շինարարական աշխատանքներ էին իրականացնում, երբ նկատեցին անսովոր բան. հողի տակ հնության բեկորներ էին երևում:

Ինչ՞ անել: Դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է «դեպքի վայր» ու բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերում բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:

Թանգարանի տնօրենը գտածոների մասին տեղեկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, վերջինս էլ դիմել է Բերդի համայնքապետարանին՝ տվյալ հատվածում շինաշխատանքները դադարեցնելու համար: Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը: Գտածո-գեղեցկուհիներն անվտանգ վայրում են: Վերականգնումից հետո հավանաբար կհամալրեն Բերդի թանգարանի հնագիտական նյութը:
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:

Ասում եք՝ երկու երանի մի տեղում չի՞ լինում…

Նյութի աղբյուր՝ ARTnews




Բերդ համայնքում նշեցին Տեղական ինքնակառավարման օրը

1996 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեցան Հայաստանի համար․ հենց այդ օրը մեր երկրում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները և նոյեմբերի 10-ը համարվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում կազմակերպվել «Տերն ու ծառան» խորագրով միջոցառումը, որը միտված էր ընդգծելու համայնքային ծառայողների կարևոր դերը և արժևորելու նրանց կատարած աշխատանքը։

«Միջոցառման ընթացքում Բերդ համայնքի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքին տասնամյակներով ծառայած աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ կանգնած են եղել բնակիչների ամենօրյա խնդիրների կողքին։ Շնոհակալագրեր հանձնվեցին տեղական ինքնակառավարման համակարգում 10 և ավելի, ինչպես նաև 20 և ավելի տարվա ծառայության համար», – նշում է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ հանդես եկան Բերդ համայնքի մշակութային խմբերը՝ պարային և երգարվեստի գեղեցիկ կատարումներով։

Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում, ձևավորվելով 1996 թվականին, դեռ շարունակում է իր կայացման և ամրապնդման ուղին։ 1995 թվականի համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց տեղական ինքնակառավարումը՝ որպես իշխանության ինքնուրույն և ժողովրդին առավել մոտ օղակ։




Բերդ համայնքում մեկնարկել է երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը

Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը արդեն մեկնարկել է։

«Սիրելի՛ երիտասարդ, եթե դու՝

  • 16-35 տարեկան ես,
  • Բերդ համայնքի 17 բնակավայրերից մեկի բնակիչ ես,
  • հավատում ես, որ կարող ես դառնալ փոփոխության շարժիչ ուժ,
  • նախաձեռնող ես և պատրաստ համայնքիդ զարգացմանը մասնակցելուն,
  • ցանկանում ես նպաստել խնդիրների և դրանց լուծման արդյունավետ ուղիների բացահայտմանը,
  • ուզում ես ներգրավվել համայնքային ռազմավարությունների մշակման գործընթացներում,
  • և պատրաստ ես քո ներդրումն ունենալ մեր ապագայի կերտման գործում —
    ապա սա հենց քո՛ հնարավորությունն է։

Միացի՛ր, արտահայտի՛ր քո կարծիքը, առաջարկի՛ր լուծումներ և դարձի՛ր այն փոփոխության մասնակիցը, որին սպասում ենք բոլորս։
Քո ձայնը կարևոր է, քո մասնակցությունը՝ անհրաժեշտ», – նշված է Բերդի համայնքապետարանի հայտարարության մեջ։

Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 20

Գրանցվելու համար զանգահարել՝ 093 04 54 63




ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Բերդ համայնքում գտնվող՝ «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ

2025 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի և 16.6 քմ մակերեսով շինության նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անշարժ գույքերը պետությանը վերադարձնելու վերաբերյալ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը Վարչական դատարանի կողմից հաստատվել էր 2025 թվականի հունիսի 19-ին:




ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին. կա 11 վիրավոր

Հոկտեմբերի 24-ին`ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Մեքենաների բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Վթարի հետևանքով կա 11 վիրավոր:

«Այսօր Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր», – հայտնում են Առողջապահության նախարարությունից:




Բերդ քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար․ հայտարարություն

«Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 07:00-ից, Բերդ–Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ շինարարական աշխատանքների իրականացման պատճառով։

Խնդրում ենք օգտվել շրջանցիկ ճանապարհից», – տեղեկացնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Ճանապարհի մասնակի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։




Մովսես գյուղի զրույցները

Ամալյա Ավալյան, Ռուզաննա Բադալյան, Ամալյա Սահակյան, Վիկտորյա Այվազյան, Լիլիթ Պապյան, Մովսես գյուղ, Բերդ




Մեր սիրուն գյուղը՝ Վերին Կարմիրաղբյուրը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Լիլիա Պողոսյան, Վերին Կարմիրաղբյուր, Բերդ