Ավանդության համաձայն՝ 1757 թվականին Արցախի Խաչենի մելիքությունից Տավուշ է տեղափոխվել Մելիք Մխիթարը իր որդու՝ Թումանի հետ։ Այստեղից են հաշվարկում Բերդի Թումանյանների տոհմածառի արմատները։ Շուրջ 300 տարվա ընթացքում Տավուշի Թումանյանների տոհմի պատմությունը նշանակալի ու արժեքավոր իրադարձությունների հետ է աղերսվում։
Ի նշանավորումն Թումանյանների տոհմի 270-ամյակի և տոհմի հիմնադրի 300-ամյակի՝ հուլիսի 12-ին Բերդում համախմբվել էին Տավուշի, Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած Թումանյանները։ Արմատների արժևորման խորհրդանշական այս միջոցառումը մեկնարկեց Բերդի հին գերեզմանատանը՝ տոհմական դամբարանում։ Այստեղ կատարվեց հոգևոր կարգ՝ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ։ Բերդի Սուրբ Սարգիս մատուռը, որը կառուցվել է Թումանյանների ձեռքով դեռևս 19-րդ դարում, կրկին աղոթքով էր լցվել։
Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին։ Նրանք պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով ու կրթելով Թումանյանների արժանի սերունդներին։ Թումանյաններն, ապրելով Բերդում, Հայաստանի տարբեր անկյուններում, զարգացրել են գիտությունը, արվեստն ու մշակույթը։
Թումանյաններն ու տոհմի բարեկամները ներկա էին «Թումանյանների պատմությունը» և «Նշանավոր Թումանյաններ» խորագրերով միջոցառմանը։ Սա պատմական ու արժեքային հիշեցում էր բոլորին՝ հիշել և փոխանցել, թե ովքեր են իրենց նախնիները և ինչ ժառանգություն են թողել։ Նշանավոր Թումանյանների անունները՝ Ստեփան Բեգից մինչև Ստյոպա Թումանյան, Արշակ Բեյից մինչև Վիտյա Թումանյան, կենդանի պատումներ են՝ արժանապատիվ կյանքի, գիտելիքի, պայքարի և նվիրումի։ Այդ պատմությունն ուսանելի ու լավ օրինակ է՝ հատկապես երիտասարդ թումանյանների, տավուշեցիների ու հայերի համար։
Միջոցառման ամենասպասված պահը տոհմածառի հանդիսավոր բացումն էր։ Տասնյակ ճյուղերով ու անուններով զարդարված այս ծառը միավորում է սերունդներին։ Ներկաների սրտերում մեկ մաղթանք է՝ տոհմը շարունակի ծաղկել ու զորանալ։ Տոհմածառը երկար, ջանադիր ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է՝ օրվա կազմակերպիչ Արթուր Թումանյանի նվիրումով։
Տոհմերը ուժեղ են, երբ հիշողություն ունեն։ Բերդի Թումանյանները հիշում են, պահպանում են և արժևորում՝ հանուն նախնիների ու հանուն ապագա սերունդների։ Այսօր էլ Թումանյանները ապրում, արարում են՝ զարկ տալով Բերդի, Տավուշի և Հայաստանի մշակութային ու հանրային կյանքին, երկրի զարգացմանը։
Արմատների արժևորում Բերդում
Ըստ սերնդեսերունդ փոխանցված ավանդության՝ 1757թ․ Արցախի Խաչենի մելիքությունից Մելիք Մխիթարը որդու՝ Թումանի հետ տեղափոխվել է Տավուշ։ Այնուհետև Թումանը մասնակցել է այժմյան Բերդի զարգացմանը և դարձել Բերդի տանուտեր։
Բերդի Թումանյաններն աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, արդարամտությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ։ Ներկայիս Թումանյանները ոչնչով չեն զիջում իրենց ազնվական ապուպապերին և պատվով շարունակում են հայկական և տոհմական ավանդույթները՝ դաստիարակելով և կրթելով Թումանյաններին արժանի սերունդներ և հետնորդներ։
Տեղեկատվություն միջոցառման մասին
Հուլիսի 12, ժամը 11։00 – Հարգանքի տուրք Բերդի հին գերեզմանատանը գտնվող Թումանյանների տոհմական դամբարանում և հոգևոր կարգ հարակից` Թումանյանների կողմից կառուցված Սուրբ Սարգիս մատուռում։
Ժամը 13։00 – միջոցառում Բերդի «Շանս +» հանդիսությունների սրահում բաղկացած 2 մասից, «Թումանյանների պատմությունը», ապա «Նշանավոր Թումանյանները» խորագրերով։
Ժամը 16։30 – Թումանյանների տոհմածառի հանդիսավոր բացումը «Շանս +» հանդիսությունների 2-րդ սրահում։
Ժամը 18։00 – Տոնախմբություն՝ «Շանս +» հանդիսությունների 1-ին սրահում։
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ. իրազեկում
Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ներքին Կարմիրաղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։
«Բերդ» մշակույթի կենտրոնի ահազանգը
«Բերդ» մշակույթի կենտրոնը հայտնում է, որ «Տավուշ» բերդ բարձրանալը վտանգավոր է կյանքի և առողջության համար։ Ամրոցը խարխլված է, իսկ վերջին պեղումներից և տեղումներից հետո քարաթափման վտանգը զգալիորեն աճել է։
«Տավուշ» բերդը՝ կործանման եզրին։
«Տավուշ» բերդը՝ այն պատմական ամրոցը, որի անունով կոչվում է մեր ամբողջ մարզը, կանգնած է անդարձ կորստի եզրին։ Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, բայց բերդը շարունակում է մենակ մնալ։ Մի քանի տարի առաջ բերդի վերջին պահպանված հատվածում իրականացվել են հնագիտական պեղումներ։ Հողաշերտը՝ երբեմնի պաշտպանական վահանը, հեռացվել է՝ բացելով քայքայման ուղին։ Բայց հետո՝ ոչ մի ամրակայման աշխատանք չի իրականացվել։
Այսօր անձրևաջրերը մերկ քարերի միջով ներթափանցում են արագացնելով նրա մահվան ընթացքը։ Պատկան մարմիններին մշտապես բարձրաձայնում ենք. նրանք պատասխանում են՝ «մրցույթ է հայտարարվել, բայց մասնակցող չկա»։ Բայց բերդը չի սպասում։ Պատմությունը չի սպասում։ Եվ եթե այսպես շարունակվի, մեր նախնիների ժառանգած այս խորհրդանիշը պարզապես կվերանա՝ մի օր մնալով միայն նկարներում ու հուշերում։
«Հայաստանի գույները». Բերդ համայնքում հնչել են հայ ու ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները
Կայացել է Հայ-ֆրանսիական «Couleurs d’Arménie» անսամբլի համերգը: Հնչել են հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Ռադիո ֆրանս» երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեի (բարիտոն, դաշնամուր) և Աննա Գաբրիելյանի (սոպրանո) կատարմամբ։
Պատրիկ Րադըլեի և Աննա Գաբրիելյանի ոգեղեն կատարումներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և հոտնկայս ծափողջույններին: «Couleurs d’Arménie» անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։
Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։
Անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում։
Մայիսի 27-ին Երևանում՝ «Արդեան» ցուցասրահում, կայանալիք համերգի նպատակն է աջակցել Այգեձորի մշակույթի տան վերանորոգմանը։
Բերդ համայնքում «Couleurs d’Arménie» անսամբլի համերգները կայացել են Բերդի մշակույթի տան և «Մշակութամետ» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ:
Ինչու՞ այցելել «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան
Հարուստ է Բերդի թանգարանի հավաքածուն՝ հնադարից մինչև մեր օրեր։ Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների արդյունքում բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։
Թանգարանից 300 մ հեռավորության վրա կիկլոպյան «Բերդ» ամրոցն է , որտեղից այցելուները ՝ անցնելով հեքիաթային անտառը, 21-րդ դարից հայտնվում են 3-հազարամյա պատմություն ունեցող հնավայրում։
Շատ հարուստ և ինքնատիպ է ներկայացված 20-րդ դարը՝ հեղափոխություն,Երկրորդ աշխարհամարտ և մարզի բնակչության մասնակցությունը դրանց: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։
Դե, իսկ թանգարանից բացվող տեսարանը պետք է սեփական աչքերով տեսնել։
Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին
«Տավուշը հիշում է․․․» Այս խորագիրն էր կրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով՝ կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։
Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տան սաները՝ պարային և գրական-բանաստեղծական գեղեցիկ համարներով։
Բեմում իրենց ստեղծագործ աշխատանքներով հանդես եկան նաև փոքրիկները, որոնց աշխատանքների ցուցադրությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը՝ պատկերելով խաղաղության կարոտը և հայրենասիրական ոգին։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:
Հեղինակ՝ Անահիտ Մակյան
Պարի լեզուն՝ Տավշո շնչով․ մշակութային երեկո Բերդ համայնքում
Բերդ համայնքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Այսօր՝ ապրիլի 24-ին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություն է կատարել:
Բերդի համայնքապետարանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Նշենք, որ Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում այսօր ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: