«Եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ». Բերդ համայնքի զորակոչիկները մեկնեցին ծառայության

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:
Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է  հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին. «Մեր հայրենիքը  սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր,  տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և,  համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ:  …Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը  հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը,  և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն:  Սիրելի՛ մայրեր,  իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր  զավակները խաղաղ պայմաններում  ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:




Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։




Ամանորյա տրամադրություն Այգեձորի մանկապարտեզում

Մեր թղթակից Անահիտ Մակյանն այգեձորցի փոքրիկների հետ զրուցել է Ձմեռ Պապիկի, երազանքների ու ամանորյա նվերների մասին։
Ամանորյա տրամադրություն Այգեձորի մանկապարտեզում։




Փրկարար ծառայությունը՝ ճանապարհների մասին․ կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Սպիտակի  և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Մերկասառույց է նաև Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար  ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ կրթության հիմնահարցեր

Կրթության ոլորտի հիմնահարցերը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։

ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Արևիկ Մելիքյանի, Այգեպարի դպրոցի ուսուցչուհի Տաթև Գրիգորյանի և Կոթիի դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիա Ազիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա անվտանգային խնդիրները, որոնք հետևանքներ են թողնում կրթության որակի ու հասանելիության վրա։

Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր դիտարկումներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Միջոցառում՝ ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի ծննդյան 100-ամյակին

Բերդի համայնքային մշակույթի տանը դեկտեմբերի 16-ին մեծ շուքով նշվեց ականավոր պետական գործիչ Հրանտ Ավագյանի 100-ամյակը:  Մինչ միջոցառման սկսվելը Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան նախասրահում բացվեց Հրանտ Ավագյանի և Ավագյան գերդաստանի լուսանկարների ցուցահանդեսը. այն երկու տարի գործել է «Բերդ»  պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանում, և դիտել է շուրջ 4000 այցելու:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը վարեց
ասմունքողների հանրապետական մրցույթների դափնեկիր, «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ,  պահեստազորի  գնդապետ Սիմոն Եսայանը։ Միջոցառման ընթացքում Սիմոն Եսայանը ներկայացրեց Հրանտ Ավագյանի և նրա  եղբայրների` ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Ավագյանի կյանքը և գործունեությունը, նշանակալի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով ելույթ են ունեցել Նարեկ Բալդրյանը, «Բերդ» պատանեկան երգչախումբը, «Տավուշ» պարի համույթը:
Միջոցառումն իրականացվեց Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Բերդի համայնքային մշակույթի տան, «Բերդ»  պատմամշակութային արգելոցի, Բերդի պատմության  և  կենցաղի թանգարանի, «Բերդ մշակույթի կենտրոն»  ՀԿ-ի և  Ավագյան ընտանիքի համագործակցությամբ:

Հրանտ Ավագյանը ծնվել է 1922թ.-ին ԽորհրդայինՀայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Հայրը` Արշակ Հովհաննեսի Ավագյանը, հայտնի մեղվաբույծ էր, մայրը` Սաթենիկ Հովհաննեսի Տեր-Բադալյանցը, Մովսեսի ծխական դպրոցի և եկեղեցու հիմնադիր, Ներսիսյան դպրոցն ավարտած քահանա Սարգիս Տեր-Բադալյանցի թոռնուհին։ 1965թ. Հրանտ Ավագյանը նշանակվում է Շամշադինի շրջանի շրջկոմի առաջին քարտուղար: Տարածաշրջանի զարգացման գործում մեծ է Հրանտ Ավագյանի ներդրումը, նրա ժամանակ սկսել են գործել մի շարք արտադրական ձեռնարկություններ, կառուցվել են ճանապարհներ, հատկապես Միափորի գեղատեսիլ լանջերով սարի ճանապարհը, քանի որ մինչ այդ ճանապարհն անցնում էր Ադրբեջանով: Այդ նույն ժամանակահատվածում գազը և հեռախոսակապը հասավ տարածաշրջան, կառուցվեց Բերդի Սորաններ դենդրոպարկը:




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը՝ Իջևանի «Վերնատանը»

Տավուշի նկարիչների աշխատանքները կրկին ցուցադրվում են Իջևանի «Վերնատանը»․ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը՝ նկարիչների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր տարեվերջյան միասնական ցուցահանդես՝ մեկ հարկի տակ միավորելով Տավուշի ստեղծագործող նկարիչներին։
Տավուշի նորաստեղծ նկարիչների միությունը գրեթե 5 տարիների ընթացքում կարողացել է աշխուժացնել Տավուշի մշակութային դաշտը, որը նաև հնարավորություն է տվել արվեստի ոլորտում գտնել նոր անուններ։
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 տավուշցիների արվեստի գործերը, որոնցում  հիմնականում Տավշո բնաշխարհն է՝ իր երփներանգ ներկապնակով։
Ցուցահանդեսը «Վերնատուն» պակերասրահում այցելուների առջև բաց կլինի 1 ամիս շարունակ։




«Ծիլի Ծով» Տեղական ակտիվ խմբի գրասենյակը Տավուշ գյուղում

Նոր գրասենյակ` Տավուշի մարզի Տավուշ գյուղում․ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի գրասենյակն է։ Շուրջ 30 տարի եվրոպական երկրներում հաջողությամբ կիրառվող LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ ստեղծված այս գրասենյակը եկել է օգնության տավուշցիներին՝ զարգացնելու սեփական բնակավայրերը։ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբը Հայաստանում ստեղծված 8 խմբերից մեկն է, որը ելնելով տեղական ակտիվ խմբի բնակավայրերի կարիքներից ու զարգացման առանջնահերթություններից, իրագործելու է կայուն զարգացմանը միտված նախաձեռնությունները։

Հիմնարար արժեքների ստեղծման, բնակավայրերի սոցիալ-տնտեսական կենսունակության ապահովման, մասնակցային ներգրավվածությանը խանգարող տեղական խնդիրների լուծման համար գրասենյակը շուտով կընդունի ծրագրեր՝  հենց տեղի բնակիչներից։ LEADER ծրագրի նպատակն է տեղական դերակատարներին ու բնակչությանը ակտիվորեն ներգարվվել զարգացման գործում, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարելավել համապատասխան կառույցների կարողությունները։

Եվրոպական միության ֆինասավորմամբ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի կողմից այս ամռանը նման գրասենյակներ բացվեցին նաև Իջևանում և Նոյեմբերյանում․ «Աղստևի հովիտը»՝ Ազատամուտ գյուղում, իսկ «Գանձորը»՝ Այրումում։ Այս գրասենյակները հնարավորություն են ընձեռում տեղական ակտիվ խմբերին հաջողությամբ իրականացնել իրենց ռազմավարական ծրագրերը, մշակել ու իրագործել խմբերում ընդգրկված բնակավայրերի զարգացմանն ու կենսունակությանը միտված նորարար ու արդյունքահեն միջոցառումներն ու նախաձեռնություննեը։ Բացման միջոցառմանը հայկական-ազգային տրամադրություն հաղորդեցին «Բերդ» մշակույթի կենտրոնի սաները՝  իրենց  երաժշտական ու պարային կատարումներով։

 

 




«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի միջոցառումը Իջևանում էր

Ներքին գործերի նախարարության «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումը դեկտեմբերի 1-ին Իջևանում էր։ Ոստիկանության նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո ներքին գործերի նախարարի, Տավուշի մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ մի խումբ քաղաքացիներ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանի կենտրոնական հրապարակ։ Իր ելույթում  Ներքին գործերի նախարարը նշեց, որ Պարեկային ծառայության կազմավորումը Հայաստանում կարևոր ձեռքբերում էր, և այս ծառայությունը հետագայում պետք է զարգանա։

Հանրային իրազեկման արշավը մինչ այս իրականացվել է մայրաքաղաքում, Լոռու և Արագածոտնի մարզերում, Տավուշից հետո հաջորդ կանգառը Գեղարքունիքն է։ Մայոր Ալիխանյանը հանրապետության առաջին կին դասակի հրամանատարն է, ով իր ծառայությունն իրականացնում է Դիլիջանում։ Նա իր փորձառությունն էր կիսում հայրենակիցների հետ։

Իրազեկման արշավի ժամանակ Տավուշի մարզային գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործվող  տեխնիկական միջոցները։ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում  ուսուցման ընդունելության դիմումներն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։

 




Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։