«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի միջոցառումը Իջևանում էր

Ներքին գործերի նախարարության «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումը դեկտեմբերի 1-ին Իջևանում էր։ Ոստիկանության նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո ներքին գործերի նախարարի, Տավուշի մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ մի խումբ քաղաքացիներ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանի կենտրոնական հրապարակ։ Իր ելույթում  Ներքին գործերի նախարարը նշեց, որ Պարեկային ծառայության կազմավորումը Հայաստանում կարևոր ձեռքբերում էր, և այս ծառայությունը հետագայում պետք է զարգանա։

Հանրային իրազեկման արշավը մինչ այս իրականացվել է մայրաքաղաքում, Լոռու և Արագածոտնի մարզերում, Տավուշից հետո հաջորդ կանգառը Գեղարքունիքն է։ Մայոր Ալիխանյանը հանրապետության առաջին կին դասակի հրամանատարն է, ով իր ծառայությունն իրականացնում է Դիլիջանում։ Նա իր փորձառությունն էր կիսում հայրենակիցների հետ։

Իրազեկման արշավի ժամանակ Տավուշի մարզային գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործվող  տեխնիկական միջոցները։ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում  ուսուցման ընդունելության դիմումներն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։

 




Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։  




Աղասյանների ընտանիքը Չինարիում զբաղվում է մեղվաբուծությամբ

Չինարի գյուղում Աղասյանների ընտանիքը զբաղվում է  մեղվաբուծությամբ։ Մեղրի ստացումը նրանց ամենաքաղցր գործերից է: Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։




Հուշապատի բացման և խաչքարի օրհնության արարողություններ` Արծվաբերդ գյուղում

Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով. Հոկտեմբերի 27-ին Արծվաբերդ գյուղում կայացավ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված արծվաբերդցիների հիշատակին նվիրված պուրակի, հուշապատի բացման և խաչքարի օծման արարողությունը։ Պուրակը կառուցվել է Արծվաբերդի նախկին վարչական ղեկավար Օնիկ Բալյանի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ արծվաբերդցի Տիգրան Բեկյանի բարերարությամբ։ Խաչքարի օծման արարողությունը կայացավ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ։
Արծվաբերդցիները վստահ են՝ խաչքարի տեղադրումը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար։ Արարողության ավարտին ներկաները խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։ Անկախությունից ի վեր Արցախի պաշտպանության համար Արծվաբերդից զոհվել է 19 հայորդի։




«Երիտասարդ քաղաքացի». Տավուշ Մեդիայի նոր նախագիծը

Տավուշ Մեդիան մեկնարկում է «Երիտասարդ քաղաքացի» ծրագիրը, որի նպատակներն են երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մասին իրազեկվածության բարձրացումը, երիտասարդների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների միջև երկխոսությունների և քննարկումների համար հարթակի ստեղծումը և մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններում երիտասարդների մասնակցության աճը։

«Երիտասարդ քաղաքացի» նախագծի շրջանակներում կազմակերպվելու է պանելային քննարկում, որի համար պետք են թեմաներ և մասնակիցներ ընտրվեն։ Շատ կարևոր է, թե ովքեր կմասնակցեն քննարկմանը և ինչ հարցեր կառաջադրեն։

Ցանկանում ենք Ձեզ հետ միասին ճշտել, թե ովքեր կարող են մասնակցել այդ քննարկմանը, ինչ հարցեր են հուզում երիտասարդությանը, և արդյունավետ ու օգտակար քննարկում կազմակերպելու համար, խնդրում ենք լրացնել նշված հարցումը:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnpg1hkv4ZKb-EzTGpeOvj2oyD7_XWLT5K7SLIRblXuPJ1_A/viewform?usp=pp_url

 




Այգեձոր գյուղում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը

Կարտոֆիլի բերքահավաք Այգեձորում:

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան:




Նոր «դասարան-ակումբ»՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի դասարան-ակումբի բացման արարողությունը: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը: Ծրագրի շահառու ուսուցիչներ Արևիկ Մելիքյանը և Մարինե Առաքելյանը ներկայացրեցին դասարան- ակումբում սպասվող միջոցառումների մանրամասները:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է մարզային «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագիրը, որի արդյունքում Գեղարքունիքի և Տավուշի մարզի չորս դպրոցներում բացվելու են մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ:

Ծրագիրը ընթացքում տեղի են ունեցել վերլուծական մտքի զարգացման, մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքների վերաբերյալ դասընթացներ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ստացել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելո՝ իրագործելու համար մեդիագրագիտության զարգացման ուղղությամբ իրենց ծրագրային գաղափարները։




Միջոցառումներ` նվիրված նահատակված չորաթանցիների հիշատակին

Օգոստոսի 4-ին Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին նվիրված Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում կայացել են միջոցառումներ՝ Չորաթանի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ բարերար՝ ծնունդով Չորաթանից Սերգեյ Ուդումյանի աջակցությամբ:
Առավոտյան գյուղի կենտրոնում գտնվող նահատակված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվել. Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի կողմից կատարվել է նահատակված հայորդիների հիշատակի ոգեկոչման արարողությունը։

Հայաստանի ու Արցախի տարեգրության մեջ՝ որպես հայրենիքի պաշտպաններ են հիշվում չորաթանցի Մելիքսեթ Ասատրյանը, Յուրա Ուդումյանը, Արթուր Ուդումյանը, Մանվել Պապյանը, Արման Ուդումյանը ու Վահե Ուդումյանը: Նրանք անկախությունից ի վեր մղված մարտերում կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը:

Ոգեկոչման արարողությանը հաջորդել է ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցել են Բերդի, Չինարիի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի, Նորաշենի մեծահասակների և երիտասարդների թիմերը։
Միջոցառման վերջում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Ուդումյանը պարգևատրվել է պատվոգրով՝ մշտապես համայնքի կողքին լինելու և հայրենի գյուղի խնդիրների լուծմանն աջակցելու համար։




«Հայկական Կինոդարը» գալիս է Տավուշի մարզ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում Տավուշ Մեդիայի լավագույն գործընկերներից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայկական Կինոդար» նախագծով գալիս է Տավուշի մարզ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է գոստոսի 6-ից 10-ը Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:

Մուտքն ազատ է․
Օգոստոսի 6, ժամը 16:00, 18:00՝ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տուն
Օգոստոսի 7, ժամը 17:00, 19:00՝ Բերդի մշակույթի տուն
Օգոստոսի 8, ժամը 20:00՝ Իջևանի «Շատրվանների հրապարակ» Ա․ Մելիքբեկյան փողոց՝ բացօթյա ցուցադրություն
Օգոստոսի 9, ժամը 13:00՝ Հաղարծինի մշակույթի տուն
Օգոստոսի 9, ժամը 17:00՝ Դիլիջանի N զորամաս
Օգոստոսի 10, ժամը 13:00՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: