Բերդավանի անցյալը, ներկան ու արժեքները՝ գյուղի համար գրված հիմներգում

Բերդավանի անցյալը, ներկան ու արժեքները՝ գյուղի համար գրված հիմներգում

Բերդավանի պատմությունը, մարդկանց ազնվությունն ու հարեհասությունը, գյուղի բնության գրավչությունն ու հայրենասիրական ոգին ամբողջացվել են գյուղի համար գրված հիմներգում։ Ստեղծագործության հեղինակը վաստակաշատ մանկավարժ, Բերդավանի բնակիչ Սամսոն Խոջոյանն է, որի նախաձեռնությամբ և ջանքերով էլ ստեղծվել է գյուղի հիմնը։

Երաժշտության հեղինակը Նաիրա Ներսիսյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Գևորգ Հակոբյանը։ Հիմներգում արտացոլված են սահմանապահ գյուղի անցած ճանապարհը, նրա դիմագրաված դժվարությունները, հայրենիքին տված անվանի զավակներն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։

«Ապրիր հավերժ, մեր Բերդավան» կրկներգը հնչում է որպես սիրո և հավատարմության խոստում հայրենի գյուղին։ Երգի տողերում Բերդավանը ներկայացվում է որպես լեռների գոգում ծվարած, կենսունակ ու ամուր բնակավայր, որը, հաղթահարելով ժամանակի փորձությունները, շարունակում է պահպանել իր ոգին և արժեքները։ Հիմներգը կոչված է միավորելու տարբեր սերունդներին, ամրապնդելու համայնքային ինքնությունն ու նորովի արժևորելու հայրենի օջախի հանդեպ սերն ու նվիրվածությունը։




Սահմանի կողքին, ընտրության շեմին․ սպասումները Բերդավանում

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն Ադրբեջանի հետ ունի շուրջ 8 կիլոմետր երկարությամբ սահմանագիծ։ Մոտ 3000 բնակիչ ունեցող բնակավայրում առօրյան ընթանում է գյուղական սովորական հոգսերի ու սահմանամերձ կյանքին բնորոշ զգոնության պայմաններում։ Այստեղ, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ գյուղերում, լուծման կարոտ խնդիրներ կան։

Բերդավանի ամենացավոտ հարցերից մեկը շարունակում է մնալ զբաղվածությունը։ Աշխատատեղերի պակասը, հատկապես երիտասարդների համար, շատերին ստիպում է ապագան գյուղից դուրս փնտրել։ Միաժամանակ, թեև սահմանին հարաբերական անդորր է, անվտանգային թեման շարունակում է մնալ բերդավանցիների առօրյայի կարևոր բաղադրիչը։

Նախընտրական շրջանում Բերդավանը հայտնվել է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Ընտրապայքարի մասնակիցները հաճախ են այցելել Բերդավան, ներկայացրել իրենց ծրագրերը, խոստումներ տվել և փորձել շահել բերդավանցիների վստահությունը։

Բնակիչների համար առաջնայինը շարունակում են մնալ առօրյա խնդիրները։ Գյուղացիները նշում են, որ տարիների ընթացքում նվազել է տնտեսությունների թիվը, սահմանափակվել են զբաղվածության հնարավորությունները, ինչն իր ազդեցությունն է թողել համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։

Առաջիկա ընտրությունների ֆոնին բերդավանցիները մեկ ակնկալիք ունեն՝ ընտրություններից հետո խոստումները չմնան միայն քարոզարշավի շրջանակում։ Իսկ թե քաղաքական ուժերից ով կկարողանա համոզել սահմանամերձ գյուղի բնակիչներին, պարզ կդառնա ընտրության օրը։




Ուխտագնություն դեպի Բերդավանի Սուրբ Նշան սրբավայր

Ուխտագնություն դեպի Բերդավանի Սուրբ Նշան սրբավայր

Մայիսի 31-ի առավոտյան Բերդավանի բնակիչներն ու գյուղի հյուրերը ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Նշան եկեղեցի։  Բերդավանի ամրոցի հարևանությամբ գտնվող սրբավայր հասած ուխտավորները մասնակցեցին սուրբ պատարագի։

Վեմ քարի վրա Տեր Կորյուն քահանան մատուցեց Սուրբ Պատարագ։ Բաց երկնքի տակ հնչող աղոթքներն ու շարականները առանձնահատուկ մթնոլորտ էին ստեղծել։ Սուրբ Նշան եկեղեցին Բերդավանի կարևոր պատմաճարտարապետական հուշարձաններից է։ Ժամանակի ընթացքում վնասված ու կիսավեր դարձած կառույցը շարունակում է մնալ գյուղի հոգևոր ու պատմական հիշողության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Սրբավայրի պահպանության գործում մեծ է նաև բերդավանցիների ներդրումը։ Գյուղացիների ջանքերով տարածքը պարբերաբար մաքրվում և բարեկարգվում է ։

Չնայած իր հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ակտիվ երիտասարդական ու մշակութային կյանքին և զբոսաշրջային զգալի ներուժին՝ Բերդավանը մինչ օրս գործող եկեղեցի չունի։ Այս հանգամանքը հաճախ են բարձրաձայնում բերդավանցիները, ովքեր կարևորում են գյուղում գործող եկեղեցու առկայությունը՝ որպես և հոգևոր, և համայնքային կյանքի կարևոր կենտրոն։

Նպատակ կա ուխտագնությունը վերածել գեղեցիկ ավանդույթի և տարվա ընթացքում ավելի հաճախ այցելել սրբավայր․ պահպանել սրբավայրի նկատմամբ հոգածությունը և նոր շունչ հաղորդել գյուղի հոգևոր կյանքին։ Միաժամանակ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ուշադրություն հրավիրել Բերդավանի պատմամշակութային ժառանգության պահպանման և արժևորման կարևորության վրա։

 




Հրդեհ Բերդավան գյուղում. կանխվել է հրդեհի տարածումը

Ապրիլի 28-ին, ժամը 10:26-ին ՆԳՆ Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 34-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի ննջասենյակում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 10:55-ին: Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ:




Բերդավանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բերդավան գյուղում մարտի 4-ին արձանագրված և սոցիալական ցանցերում մեծ արձագանք գտած դեպքի առթիվ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել է հաղորդում․ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը): Մյուս կողմի հաղորդման հիման վրա եւս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը)։ Երկու վարույթով կատարվում է նախաքննություն։ Այս մասին Տավուշ Մեդիային հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։




Բերդավանում նշվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը

«80 տարին բնության կողմից մեծ զիջողություն է արված մարդուն։ Պետք է, որ այս շնորհը լավագույն ձևով օգտագործվի։ Իհարկե, մարդ չպետք է մտածի աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածն ունայնություն է…»․ Ավետիք Իսահակյանի այս խոսքերն այսօր էլ հնչում են նույն ուժով՝ մարմնավորելով նրա թողած անգնահատելի ժառանգությունը։

Հայ գրականության մեծերից՝ Ավետիք Իսահակյանը, իսկապես արժեքավորը թողեց աշխարհում։ Ժամանակի փորձությունը միայն ավելի պայծառ է դարձնում նրա պոեզիայի մարգարիտները․ յուրաքանչյուր նոր սերունդ բացահայտում է Իսահակյանի մշտադալար տողերի շերտերը, նրա երկերի արժեքները։

« of 10 »

Վարպետի ծնունդից անցել է մեկուկես դար։ Այդ ժամանակը նրան կանգնեցրել է ժողովրդական մեծ պատվանդանի վրա՝ որպես անզուգական հայրենասեր, վեհ բանաստեղծ և համաժողովրդական Վարպետ։

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը Բերդավանում կազմակերպվել էր Գեղագիտական կենտրոնի աշխատակազմի և Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խոջոյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսը տեղափոխվեց մեծ գրողի ապրած ժամանակաշրջան, հաղորդվեց նրա արվեստի անգին գոհարներին, դիտեց նաև «Աամենապիտանի բանը» ներկայացումը։

Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ բարձր արվեստով հանդես գալու և միջոցառումը հագեցած ու հիշարժան դարձնելու համար։

 




Բերդավանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Բերդավանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Օգոստոսի 25-ին, ժամը 00։11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:




Հրդեհ Բերդավան գյուղում. այրվել է վագոն-տնակ

Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է վագոն-տնակը։




Բերդավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» վիպակը՝ Բերդավանի պատանիների ներկայացմամբ

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակում ծանոթ ու անծանոթ, պատմական ու արդիական բազմաթիվ խնդիրներ բովանդակավորվում են նորովի։

Հրանտ Մաթևոսյանի «Ծառեր» վիպակը՝ Բերդավանի պատանիների ներկայացմամբ, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում էր։

Հեղինակ՝ է Հրանուշ Անանյան։