Բերդավանում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը

Օրերս Բերդավանի գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը:

Ներկայացման դերասանական կազմում աշակերտներն են, որոնք մարմնավորում են ականավոր հայ կանանց, ներկայացնում նրանց կյանքն ու գործունեությունը:

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի ռեպորտաժում։






«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթին Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած տեսահոլովակը

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Համաձայն մրցութային կանոնների՝ Բերդավանի միջնակարգ դպրոցը ներկայացնում է 1 րոպե տևողությամբ տեսանյութ։

Դերերում`  Մանե և Միլենա Ղազարյաններ




Բերդավանցի մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքները

Նոր տարվա նախաշեմին՝ սահմանապահ Բերդավանից․ մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքներն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Լիլիթ Դավթյանի տեսախցիկը։






Աննախադեպ ֆուտբոլային հանդիպում Բերդավանում՝ պապիկների ու թոռնիկների միջև

«Պապը և թոռը»․ սերունդների համերաշխությունը Բերդավանում ՝ աննախադեպ ու ջերմ ֆուտբոլային հանդիպմամբ։

Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել էին Բերդավանի գեղագիտական կենտրոնն ու Բերդավանում գործող «Փյունիկ» ֆուտբոլային թիմը։ Ներկաների խոսքով՝ հանդիպումը հաճելի էմոցիաներ փոխանցեց ոչ միայն խաղացողներին, այլ նաև երկրպագուներին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, և լավագույն խաղացողները թե՛ պապիկների, թե՛ թոռների թիմերից ստացան պատվոգրեր։

Պատմում է Բերդավանից մեր թղթակից Լիլիթ Դավթյանը։






Ուսուցչի օրը Բերդավանի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրն էր։ Այս տարի Բերդավանի միջնակարգ դպրոցի սաները կազմակերպել էին բացօթյա միջոցառում՝ նվիրված այս տոնին։ 

«Ջանք ու եռանդ չէինք խնայել, որ ուսուցիչները բավականություն ստանան իրենց օրվանից», – ասում է դպրոցի աշակերտուհի Թինա Խոջայանը։

Պատմում է Բերդավանից մեր թղթակից Լիլիթ Դավթյանը։






Բերդավանում կայացավ աղջիկների ֆուտբոլային հերթական ճամբարը

Բերդավանում արդեն երկրորդ տարին անընդմեջ տեղի ունեցավ աղջիկների ֆուտբոլային ճամբար, որն այս անգամ իրականացվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդական և կամավորական զարգացում» ծրագրի շրջանակներում ամռան վերջին օրերին անցկացվեց «Աղջիկների ֆուտբոլը Բերդավանում» հնգօրյա ուսումնամարզական, բակային ճամբարը, որի ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ առողջ ապրելակերպի մասին և ձեռք բերեցին ֆուտբոլային տեսական և գործնական հմտություններ։

Ճամբարը տեղում իրագործել ու կազմակերպել էր բերդավանցի Հասմիկ Ղազարյանը՝ Բերդավանի կամավորների աջակցությամբ։






Մարզական առօրյան Բերդավանում

Բերդավանից մեր երիտասարդ գործընկերները պատմում են իրենց համայնքում մարզական առօրյայի մասին։

Մայիսի 6-ին Բերդավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ արագ շախմատի մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված 1991 թ․ «Օղակ» գործողության ընթացքում Ոսկեպարում ընկածների հիշատակին։

Մայիսի 10-ին Բերդավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գագիկ Ազատյանի հիշատակին նվիրված բազկամարտի՝ արդեն ավանդույթ դարձած մրցաշարը։






Ավանդական Վարդավառ․ «Ջանգյուլում» փառատոնը՝ Նոյեմբերյանի սարերում

Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և ժամանց Նոյեմբերյանի սարերում. հուլիսի 23-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ջանգյուլում» փառատոնը:

Նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկին մասնակցելու հնարավորությունն այս տարի հենց Վարդավառի օրերին էր՝ հուլիսի 23-24-ին։

«Ջանգյուլում» փառատոնի նպատակն է վերականգնել ու պահպանել տարածաշրջանի ավանդույթները և իրագործել Վարդավառին բնորոշ սիրված ու սպասված տոնակատարությունները՝ դրանց ողջ մանրամասնությամբ, հմայքով ու մշակութային արժեքով։

«Ջանգյուլումը ծիսական՝ վիճակ-գուշակություն խաղ է, որի արմատները հին հայկական ժամանակներից են գալիս։ Ավանդույթը մեր տարածաշրջանում պահպանվել է՝ Վարդավառի, մեր ասած՝ Վարդևորի օրերին նշելու տեսքով։ Դա իմ մանկության օրերում տարվա ամենասիրելի ու սպասված պահն էր՝ երբ պիտի սարվորները հավաքվեին, գյուղից մեր մեծերը գային, ու մենք բոլորս խաղային Գյուլում՝ տեսնելու, թե այդ տարի մեզ համար ինչ է գուշակվելու»,- ասում է փառատոնի կազմակերպիչ «Բերդավան» հիմնադրամից Տիգրանուհի Զուրաբյանը։

«Բերդավան» հիմնադրամն արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում է իր առջև դրված նպատակներից մեկը՝ ակտիվացնել ու զարգացնել Նոյեմբերյան համայնքի կյանքն ու առօրյան, նպաստել համայնքի բարեկարգմանն ու տարածել մշակութային արժեքները։

Փառատոնի առաջին օրը հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր՝ ազգային երգ ու պարով, որից հետո տրվեց «Ջանգյուլում» խաղի մեկնարկը։ Օրը հագեցած էր նաև մշակութային ու ժամանցային ծրագրերով․ մասնակիցները քայլարշավ կատարեցին դեպի Մշկավանք։ Հյուրերը հնարավորություն ստացան մասնակցելու պարուսուցման, ձիավարության և այլ վարպետաց դասերի։

Փառատոնի երկրորդ օրն սկսվեց «Ջանգյուլում» խաղի շարունակությամբ, տոնական ուտելիքների պատրաստմամբ, և իհարկե, ավանդական ջրոցիով։




«Կենաց կավ»-ից մինչև համայնքային պարի համույթ․ սահմանապահ Բերդավանն ապրում է արվեստով ու մշակույթով

Գործող խմբակների, դրանց պատմության և մշակութային առօրյա եռուզեռի մասին պատմում է Բերդավանից մեր թղթակից Վիկտորիա Թորոսյանը։






Տավուշոտ պոեզիա․ «Պատահական անցորդին»․ Եղիշե Չարենց

Չարենցյան մի քանի անմահ տող ենք ավելացնում Բերդավանի հայտնի բերդի չքնաղ տեսարանին։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …