Տավուշոտ պոեզիա․ «Անունը Հայաստան պահենք»․ Համո Սահյան

Համո Սահյանի անմահ տողերն ու Տավուշը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են՝ Չինչինի սարերից և Կապտավանքից։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:




Մակարդակով կոֆե «Զուլալի»-ի անձնակազմի հետ

Այս տեսանյութում մենք ապացուցում ենք, որ մակարդակով կոֆեն կարող է լինել նաևա ռանց սուրճի։ Տավուշի բարբառով մեր հայրենակիցներին ողջունում են Նարինե Աբգարյանը և Հերմինե Ստեփանյանը։

Տավուշահամ ու Տավուշի բարբառով․ Հրանտ Ղազումյանի արտահերթ «Մակարդակով կոֆե»-ն՝ «Զուլալի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ։

Տավուշում մշակութային հրավառություն էր․ Բերդում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի տավուշյան պրեմիերան։ Դե, իսկ էլ ինչ մշակութային իրադարձություն առանց մեզ․․․




Մակարդակով կոֆե Իրական Տավուշում՝ Վարդուհի Պողոսյանի հետ

Տավուշյան կոլորիտ, լավ տրամադրություն, ջերմագին ընդունելություն, տավուշահամ զրույցներ․ այս ամենը և ավելին կգտնեք Տավուշ գյուղում։

Վարդուհի Պողոսյանն է, ով իր կենսախնդությամբ և հյուրասիրությամբ անտարբեր չի թողնում և ոչ ոքի․ բարի գալուստ Իրական Տավուշ։

Սուրճի մրուրի մեջ բախտը փնտրելու փոխարեն «Մակարդակով կոֆե» շարքում ամուր ընտանիքի և սիրուն ու երջանիկ կյանքի գաղտնիքները սովորում ենք մեծերից։




Սահմանապահ Արծվաբերդում տոնել են Տյառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղում փետրվարի 13-ի երեկոյան նախատոնակով ազդարարվեց Տյառնընդառաջի տոնի սկիզբը։ Համայնքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ կատարվեց նորապսակների օրհնության կարգ, Տեր Հայրը նորապսակ զույգերին հորդորեց ապրել Աստծո եւ միմյանց սիրով, հաստատուն պահել հավատն առ Աստված և լինել անդավաճան։

«Այսօր ազդարարվում է մեր եկեղեցական, ազգային ամենակարևոր տոներից մեկի՝ Տյառնընդառաջի սկիզբը։ Եվ այսօր մենք էլ մեր ժողովրդով դուրս ենք եկել ընդառաջ մեր Տիրոջը, որովհետև բոլորս այսօր Աստծո օրհնության կարիքն ունենք, բոլորս Փրկչի կարիքն ունենք, և բոլորս ուզում ենք, որ մեր հոգիներում, մեր սրտերում, մեր ընտանիքներում և մեր հայրենիքում ընդունենք Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին», – տոնի խորհուրդն այսպես է մեկնաբանում Տեր Արամը։

Ինչպես ամեն տարի՝ օրհնության կարգին Արծվաբերդում հաջորդեցին ավանդական խարույկն ու տոնախմբությունը։

«Միջոցառումը կազմակերպվել է Արծվաբերդում, որովհետև արծվաբերդցիները ամենամյա կտրվածքով պարտադիր նշում են այս տոնը և ամբողջ տարին սպասում են այս գեղեցիկ տոնակատարությանը։ Վերջին երկու տարիներին որոշակի դադար եղավ, բայց այսօր, ինչպես նշեց Տեր Հայրը, արծվաբերդցիները ուժ են գտել՝ միավորվելու այս տոնի շուրջ և միասին նշելու։ Նմանատիպ միջոցառումները շատ ենք կարևորում Բերդ համայնքի բոլոր գյուղերում, որպեսզի օր առաջ սկսենք այս խորը սթրեսային վիճակից դուրս գալ», – նշում է Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը։




Սրտալի զրից․ Բերդ, Իրական Տավուշ

«Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական «արտագնա» թողարկումը Բերդի տարածաշրջանից է:


Այս թողարկման մեջ դիտեք․ ընտանիք կազմելու՝ «վախտն ա»-ին հաջորդող փուլի մասին՝ հարսի տուն քյնալ, խոսք մյանալ, աղջիկ փախցնել և շատ ավելին: Այս ամենը համեմել ենք Վարդուհի տատի հետ տավուշահամ զրույցներով ու… Համո Սահյանով: