Գյուղական կյանք․ «Թզի ծաղիկը»՝ առաջին բերքահավաք

Ամեն տարի Այգեձոր եւ Չինարի գյուղերից մեծ քանակությամբ թուզ է արտահանվում արտերկիր․ թուզ հավաքելն ու վաճառելը գյուղի բնակիչների հիմնական ապրուստի միջոցներից մեկն է։

Մինչև հիմնական բերքը՝ գյուղացիները հավաքում են «թզան ծաղիկը», իսկ արդեն մի քանի օրից թուզը կհասնի․․․

Թզի առաջին բերքահավաքի և բնություն-մարդ կենսական կապի մասին է պատմում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութը։




Գյուղական կյանք․Չինարի գյուղի հնձվորները

Ախր ուրիշ տեղ…
Այսքան վաստակած հոգնություն չկա:

Տեսանյութի հեղինակը Բերդի տարածաշրջանից մեր թղթակից Անահիտ Մակյանն է:




Ոգեղեն սահմանապահը՝ Խորանաշատի վանքը 800 տարեկան է (տեսանյութ, ֆոտոշարք)

Եպիսկոպոսական սբ․ Պատարագ վանքի ուխտի օրը՝ մայիսի 28-ին, աշխարհի չորս ծագերի օրհնություն իր տուն վերադարձած Խորանաշատի՝ Տավշո Ավետարանով, «Խորանաշատ 800» եռալեզու պատկերագրքի շնորհանդես և գիտաժողով, հոգևոր և ժողովրդական երգ-երաժշտություն․ մայիսի 28-30-ին Խորանաշատի վարդապետարանի 800-ամյակին նվիրված միջոցառումների մասին պատմում է Տավուշ Մեդիան։

Ոգեղեն սահմանապահը՝ Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է: Մայիսի 11-ին Երևանից մեկնարկել էր վանքի հանրահռչակման միջոցառումների շարքը։ Մայիսի 28-ին մեծաթիվ ուխտավորներ զինվորականների ուղեկցությամբ այցելեցին Խորանաշատ վանական համալիր. ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կրկին մատուցվեց սբ. Պատարագ` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։

Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է սուրբ խաչով և Խորանաշատի Ավետարանով, որը հարյուրամյակների բաժանումից հետո վերադարձավ իր տուն:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Բերդ համայնքի ազգագրական-ժողովրդական համույթները: Միջոցառումների առաջին օրը ամփոփվեց հոգևոր երաժշտությամբ․ մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի կատարումները:

Միջոցառման երկրորդ օրը Չինարի բնակավայրում կայացավ բացառիկ իրադարձություն` «Խորանաշատ 800» եռալեզու պատկերագրքի շնորհանդես և գիտաժողով, որի նպատակը գիտական և հոգևոր շրջանակներում հայտնի ճշմարտությունները՝ Խորանաշատի վանքի ժառանգությունը, Վանական վարդապետի վարքը, Խորանաշատի վանքի ճարտարապետությունը հանրայնացնելն էր: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Խորանաշատի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը:

Տոնական երկրորդ օրը եզրափակվեց «Ակունք» ազգարական երգի-պարի համույթի ելույթով: Միջոցառումներն ավարտվեցին «Զուլալի» ֆիլմի ցուցադրությամբ եւ ստեղծագործական խմբի հետ հանդիպմամբ: Միջոցառումներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «ինչպես ամեն առավոտյան Երևանում մենք աչքներս բացում ենք և տեսնում Արարատ լեռը, որը գերության մեջ է, այնպես էլ Հայաստանի հյուսիսարևելյան այս հրաշք կտորում՝ Տավուշ աշխարհում Խորանաշատն է անմիջապես սահմանի գլխին, բարեբախտաբար՝ սահմանից այս կողմ, և մայսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման օրը շատ խորհրդավոր է, որ մենք հավաքվել ենք Խորանաշատի 800-ամյակը տոնելու»։

« of 2 »

Լուսանկարները՝ Տավուշի թեմի  և Բերդի համայնքապետարանի ։

Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ․ շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։ 

Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր:  Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։ 

Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին: 

Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Խորանաշատում գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում է ստեղծվել է նաև Ավետարանի հայտնի ձեռագիրը։




Ոգեղեն սահմանապահ․ Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն

Այս տարի Տավուշը տոնում է միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:

Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ․ շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։

Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։

Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին:

Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Խորանաշատում գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում է ստեղծվել է նաև Ավետարանի հայտնի ձեռագիրը։

Վանական համալիրի 800-ամյակը նշանավորելու նպատակով մինչև մայիսի 29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում ընթացքի մեջ են և իրականացվելու են մի շարք միջոցառումներ։

Մեկնարկը տրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Խորանաշատի ձեռագրական գանձերը» ցուցադրության բացմամբ, որը կգործի մինչև մայիսի 24-ը։ Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակ բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում և 1224 թվականի հանրահայտ Խորանաշատի Ավետարանը։

Միջոցառումները կշարունակվեն մայիսի 28-ին և 29-ին։ Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում՝ վերադառնալով տուն՝ այն կենտրոնը, որտեղ ստեղծվել է։ Մայիսի 28-ին՝ ժ․ 11։00-ին, Խորանաշատի վանքում կմատուցվի եպիկոպոսական Սուրբ Պատարագ։

Պատարագից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:

Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփվի համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:

«Ժամանակին Խորանաշատը գտնվում էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք` ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մոտ 100 մ հեռավորության վրա։ Վանքից մոտ 150 մ վեր գտնվում է Վանական վարդապետի շիրիմը, որն է՛լ ավելի մոտ է սահմանագծին։

Մեզ համար շատ կարևոր է հենց մայիս 28-ը, որովհետև այդ օրը մենք այլ տեղ չենք կարող լինել, քան մեր պետության սահմանագլխին գտնվող վանքում, որը ոչ միայն հոգևոր արժեք է, ոչ միայն կրթական ու մշակութային բովանդակության կրող է, այլ նաև իր ֆիզիկական ներկայությամբ վկայում է մեր պետականության սահմանի մասին։ Այս պատճառով մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի վանքի ուխտի օր», – նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը 800-ամյակի միջոցառումներին նվիրված մալո ասուլիսին։

Միջոցառումները կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի ջանքերով և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, մի շարք այլ անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ