Չինչինում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Շենլիկ»․ նոր հանգստյան տուն Չինչինում՝ հանուն հայրենի գյուղի շենացման

Զբոսաշրջային նոր հասցե՝ մաքուր օդն ու խաղաղությունը գնահատողների համար։ Հուլիսի 3-ին Չինչին գյուղում իր դռները բացեց նոր հանգստյան տուն՝ «Շենլիկ» հյուրատունը։

Հյուրատան հիմնադիրները երիտասարդ ամուսիններ Գայանեն ու Ոսկանն են։ Ասում են՝ իրենց երազանքն էր հայրենի գյուղի շենացման գործում ներդրում ունենալը։

Հյուրատունը կառուցել են սեփական ուժերով և միջոցներով, տեխնիկապես աջակցել է Անկոր Արմենիա ընկերությունը։

Չինչին գյուղը հարուստ է տեսարժան և պատմամշակութային վայրերով։
Գյուղը իր յուրահատուկ բնությամբ, հյուրընկալությամբ՝ զբոսաշրջության նոր վայր կարող է լինել. հենց այս հույսով Ոսկանն ու Գայանեն կյանքի կոչեցին հյուրատան գաղափարը։

«Ամենահեշտը թողնել-փախչելն է, բայց ավելի լավ է մնալ, արարել ու օրինակ լինել ուրիշներին», – նշում է Գայանեն։

Այսօր արդեն բացման միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրատանը, ծանոթացան պայմաններին, ներկա եղան մշակութային ծրագրին ու թատերական ներկայացմանը։ Չինչինի չքնաղ բնության գրկում «Շենլիկ»-ը արդեն սպասում է իր առաջին հյուրերին։






Տավուշոտ պոեզիա․ «Անունը Հայաստան պահենք»․ Համո Սահյան

Համո Սահյանի անմահ տողերն ու Տավուշը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են՝ Չինչինի սարերից և Կապտավանքից։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:




Տավուշի թաքնված գանձերը․ Կապտավանք և Չինչին

Տավուշ TV-ի եթերում մեր պատանիները՝ Էռնեստը և Գայանեն գնում են պատմական արահետներով՝ բացահայտելու տավուշյան բնակավայրերն ու հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Այսօրվա թողարկումը Կապտավանքի և Չինչին գյուղի մասին է։