Մ-6 ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:




Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում 30 մարտական հաշվարկ, 324 փրկարար ծառայողներ։ Տարհանվել են 77 քաղաքացիներ։ Աշխատանքները շարունակվում են։


ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։