Դիլիջանում կայացավ Diamond Challenge երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը

Diamond Challenge»երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում: Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած լավագույն 10 թիմերն ընտրող հանձնաժողովին ներկայացրին իրենց բիզնես գաղափարները։ Հաղթող թիմը հնարավորություն ստացավ մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին՝ ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում։

Diamond Challenge-ը եզակի հնարավորություն է ընձեռում դեռահասներին զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները՝  տալով նրանց սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։ Մրցույթը ստեղծվել է ձեռնարկատիրական գործունեության հիմնաքար հանդիսացող Horn ձեռնարկության կողմից, որը հիմնվել է ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում:

Դիլիջանի համայնքային կենտրոնը հանդիսանում է Diamond Challenge միջազգային մրցույթի պաշտոնական գործընկերը։

Մրցույթում հաղթող ճանաչվեց TouReality թիմը, որն առաջարկում է տուրիստական ծառայություններ նորարարական VR սարքավորումների միջոցով։ Օգտվելով առաջարկվող ծառայությունից՝ մարդիկ հնարավորություն կունենան խնայել գումար և ժամանակ։ Պրոդուկտը հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ այլևս չեն կարողանում ճանապարհորդել։