Ենոքավանում և «Դիլիջան» ազգային պարկում գույքի վերադարձի վերաբերյալ դատական գործընթացներն ավարտվել են

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք:

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշված հայցերը բավարարելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ի և 24-ի վճիռները մտել են օրինական ուժի մեջ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:


Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք:

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդ Իջևան համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի մայիսի 10-ին կայացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով հաստատվել է:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության հիման վրա, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին և սեպտեմբերի 14-ին Իջևան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական շենքի՝ Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 1-ին փողոց 41 շենք 1 և 2 հասցեներում գտնվող՝ 63.4 քմ և 25.7 քմ մակերեսով տարածքների և դրանց զբաղեցրած 0.0545 հա մակերեսով հողամասի նկատմամբ:




Պարզ լճի հարակից անտառում քաղաքացի է վնասել ոտքը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։




Սեպտեմբերի 18-ին Evocabank-ը մեծ համերգով կնշի «Դիլիջան» մասնաճյուղի բացումը

Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։
Բանկից հայտնել են, որ երեկոն կսկսի DJ Jokey-ը, այնուհետեւ կշարունակի Ռեինկարնացիա խումբը։

«Այս երեկոն բանկը կազմակերպել է հատուկ ձեզ համար, որպեսզի Evoca-ի՝ Դիլիջան գալը նշվի ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ», — ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Մուտքն ազատ է։

 




Դիլիջանում միջազգային չափանիշներով նոր կրթական միջավայր է ստեղծվել․ բացվել է Apicius Armenia-ի նոր մասնաշենքը

Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի նոր մասնաշենքը։ Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված եռահարկ շենքը հագեցած է հյուրընկալության ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։

«Երբ մենք սկսեցինք ձևավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու ենթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարևոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել միջազգային հմտություններ, բացահայտել իրենց ներուժը և կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարևոր է՝ բացում ենք նոր էջ», — Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը Դիլիջանում գործում է 2025 թվականից՝ Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը միջազգային կրթական փորձը տեղայնացնում է՝ ձևավորելով մասնագետների, որոնք կարող են բավարարել Հայաստանի արագ զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի պահանջներին։

«Green Rock հիմնադրամը իր նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարաժամկետությունը։ Մենք մտածված մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական և համայնքային, որպեսզի կարողանանք կոմպլեքս զարգացում ապահովել Դիլիջանի քաղաքում։ Նույն տրամաբանությամբ, Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ ամբողջական համակարգ է, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ և անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից և աջակցելու Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանը», — նշում է  Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Ուսանողները հնարավորություն ունեն երկրորդ տարին շարունակելու Ֆլորենցիայում կամ ամբողջ կրթական ծրագիրն ավարտելու Հայաստանում։ Իսկ առաջին ուսումնական տարվա արդյունքն արդեն միջազգային փորձի մեկնարկն է․ ութ ուսանող մեկնել է Ֆլորենցիա՝ կրթությունը շարունակելու և ոլորտում նոր փորձ ձեռք բերելու համար։ Դպրոցում ուսումնական գործընթացի շուրջ 80 տոկոսն անցկացվում է իրական-գործնական աշխատանքային միջավայրում, ինչի շնորհիվ ուսանողները մասնագիտական փորձ են ձեռք բերում դեռևս ուսումնառության ընթացքում։

Այս ուսումնական տարում դպրոցն արդեն ընդունել է մի քանի տասնյակ ուսանողների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց միավորում է հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթություն ստանալու և ապագան այս ոլորտի հետ կապելու ցանկությունը։

Ծրագրի զարգացումը Դիլիջանի և ամբողջ Տավուշի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է։ Միջազգային կրթական փորձը տեղայնացնելով՝ նախաձեռնությունը նպատակ ունի նոր հնարավորություններ ստեղծել մարզի երիտասարդների համար, միաժամանակ ձևավորելով մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն ու փորձը կարող են ներդնել Տավուշի զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։

Նոր մասնաշենքի բացմամբ Դիլիջանում ընդլայնվում են նաև միջազգային կրթության հնարավորությունները՝ քաղաքը դարձնելով հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթության նոր կենտրոններից մեկը։

 

Կարդացեք նաև՝

 

 




«Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնը Դիլիջանում

«Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնը Դիլիջանում

Դիլիջանը 15-րդ անգամ հյուրընկալեց «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնակիցները ներկայացրին իրենց համայնքների մշակույթը, արհեստները, տեղական արտադրանքն ու խոհանոցը։

Փառատոնին ներկայացված էին նաև Տավուշի մարզի համայնքները։ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տաղավարներում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշին բնորոշ ձեռագործ աշխատանքներին, տեղական արտադրանքին, մթերքին ու ավանդական ուտեստներին։

Փառատոնի որոշ տաղավարներում այցելուները ոչ միայն դիտում էին վարպետների աշխատանքները, այլև հնարավորություն ունեին մասնակցելու վարպետության դասերի և սեփական ձեռքերով փորձելու տարբեր արհեստներ։

«Տարբեր էին նաև տաղավարների խոհանոցները։ Յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր իր տարածաշրջանին բնորոշ ուտեստները՝ տեղական բաղադրատոմսերով ու պատրաստման ավանդույթներով»,– նշել է փառատոնի կազմակերպիչ, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության տնօրեն Մարիա Մինասյանը։

Տավուշի համայնքների ներկայացուցիչների խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու տեղական արտադրանքը, այլև հանրությանը ճանաչելի դարձնելու համայնքների մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։

Փառատոնի այցելուները մեկ վայրում հնարավորություն ունեցան տեսնելու Հայաստանի տարբեր համայնքների արտադրանքը, ծանոթանալու ավանդական արհեստներին և համտեսելու տարբեր բնակավայրերի խոհանոցը։

«Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

Փառատոնը եզրափակվեց տարբեր անվանակարգերում հաղթող մասնակիցների պարգևատրմամբ։ Կազմակերպիչներն ու մասնակիցները պայմանավորվեցին հաջորդ տարի կրկին հանդիպել՝ շարունակելու Հայաստանի համայնքների մշակութային ու ստեղծագործ ներուժի ներկայացման ավանդույթը։




Meet Dilijan-ը մեկնարկում է «Meet Dilijan × Creators» ստեղծարար արշավը․ Ցույց տուր Դիլիջանը քո աչքերով

Meet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավ և հրավիրում դիզայներներին, արվեստագետներին, լուսանկարիչներին, ստեղծագործողներին, Դիլիջանի բնակիչներին և քաղաքի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց ներկայացնելու, թե ինչպիսին է Դիլիջանը իրենց պատկերացումներում։

Արշավի գաղափարը պարզ է․ յուրաքանչյուրն իր ձևով է տեսնում և զգում Դիլիջանը։ Յուրաքանչյուր մարդ ունի Դիլիջանի իր պատկերացումը՝ իր գույներով, պատմություններով ու հիշողություններով։ Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքներով պատասխանեն հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ է Դիլիջանը քեզ համար։ Ի՞նչ գույներով, ձևերով կամ խորհրդանիշներով կպատկերեիր այն։
  • Ստեղծիր քո լոգոն, խորհրդանիշը կամ քաղաքի մասին պատմող ցանկացած տեսողական գաղափար և կիսվիր դրանով մեզ հետ։
  • Յուրաքանչյուրն ունի Դիլիջանի իր պատկերացումը։ Ցույց տուր քոնը։

«Meet Dilijan × Creators»-ը ստեղծարար արշավ է, որը Դիլիջանի պաշտոնական ռեբրենդինգը չէ։ Արշավի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ներկայացնելու գաղափարներ, թե ինչպես են տեսնում Դիլիջանը։

«Դիլիջանը միշտ եղել է ստեղծագործ մարդկանց քաղաք։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են կոմպոզիտորներ և արվեստագետներ, իսկ այսօր քաղաքում ձևավորվում են նոր ստեղծարար համայնքներ, աշխատում են դիզայներներ ու տարբեր ոլորտների ստեղծագործողներ։ Ստեղծարարությունը Դիլիջանի բնավորության կարևոր մասն է։ Այս արշավով ուզում ենք այդ ոգին ավելի տեսանելի դարձնել և մարդկանց հնարավորություն տալ ցույց տալու, թե ինչպես են իրենք տեսնում Դիլիջանն այսօր»,- արշավի գաղափարը ներկայացնում է Meet Dilijan նախագծի ղեկավար Դիաննա Ասլանյանը։

Մրցույթի մասնակցության պայմանները

Սեպտեմբերի 1-14-ը կարող եք ներկայացնել քո աշխատանքը՝ Դիլիջանից ոգեշնչված։ Դա կարող է լինել լոգո, խորհրդանիշ կամ ցանկացած այլ տեսողական գաղափար։

Սեպտեմբերի 15-228-ը ընտրված աշխատանքներն ու դրանց հեղինակները կներկայացվեն Meet Dilijan-ի սոցիալական էջերում և հարթակում։

Այնուհետև բոլորը հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած աշխատանքների օգտին։ Մասնակիցները նաև կարող են կիսվել իրենց աշխատանքներով ընկերների և հետևորդների հետ։ Արշավի ավարտին կհայտարարվեն երեք հաղթողները։

Սա միայն մրցույթ չէ։ Meet Dilijan-ը ցանկանում է ստեղծել մի հարթակ, որտեղ Դիլիջանի հետ կապ ունեցող մարդիկ կարող են իրենց գաղափարներով ներկայացնել քաղաքը։ Հեղինակի համաձայնությամբ՝ ընտրված աշխատանքները հետագայում կարող են օգտագործվել Դիլիջանին վերաբերող հուշանվերների, մերչենդայզի կամ այլ ստեղծարար նախագծերի համար։

«Meet Dilijan × Creators»-ը կարող է դառնալ նաև շարունակական նախաձեռնություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ արվեստագետների, դիզայներների և այլ ստեղծագործող մարդկանց համար՝ մասնակցելու Դիլիջանի ներկայացմանն ու զարգացմանը։

Ո՞վքեր կարող են մասնակցել

Մասնակցել կարող են բոլորը՝ դիզայներներ, արվեստագետներ, լուսանկարիչներ, ստեղծագործողներ, Դիլիջանի բնակիչներ կամ պարզապես մարդիկ, ովքեր սիրում են քաղաքը և իրենց կապն ունեն Դիլիջանի հետ։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել քո ստեղծած լոգոն կամ տեսողական գաղափարը և կարճ պատմել, թե ինչ է այն նշանակում և ինչու ես հենց այդպես պատկերել Դիլիջանը։

Աշխատանքը պետք է լինի ամբողջությամբ քո հեղինակային ստեղծագործությունը։

Աշխատանքի հեղինակային իրավունքը պահպանվում է։ Meet Dilijan-ը կարող է ներկայացնել և տարածել աշխատանքը արշավի ընթացքում՝ նշելով հեղինակի անունը։

Եթե հետագայում որոշվի որևէ աշխատանք օգտագործել կոմերցիոն նպատակով, դրա պայմանները նախապես կքննարկվեն հեղինակի հետ։

Հաղթող աշխատանքը չի դառնալու Դիլիջանի պաշտոնական լոգոն։

Ցույց տուր քո Դիլիջանը

Դիլիջանը կարող է լինել բնություն, մշակույթ, մարդիկ, երաժշտություն, պատմություն, հիշողություններ կամ այն ապագան, որը դու պատկերացնում ես քաղաքի համար։

Մենք բոլորս Դիլիջանը տարբեր կերպ ենք տեսնում։ Հիմա ցույց տուր քոնը։

Արշավի մեկնարկ՝ սեպտեմբերի 1, 2026 թ.

Աշխատանքների ներկայացում՝ սեպտեմբերի 1–14

Քվեարկություն՝ սեպտեմբերի 15–28

Հաղթողների հայտարարում՝ սեպտեմբերի 30

Մանրամասները, մասնակցության պայմաններն ու հայտադիմումը հասանելի են Meet Dilijan-ի պաշտոնական էջերում։ Հայտերը կարող եք լրացնել այս հղումով։




Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

Դիլիջանը շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես Հայաստանի զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը։ Meet Dilijan-ի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին քաղաք է այցելել շուրջ 243 800 մարդ՝ 5,7%-ով ավելի, քան նախորդ տարի։ 2024 թվականին Դիլիջանն ընդունել էր 230 658 այցելու։

Այսպիսով, Դիլիջանն արդեն երկրորդ տարին անընդմեջ գրանցում է աճ։ 2024 թվականին քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվն աճել էր 11,1%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստան միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4,7%-ով։ 2025 թվականին Դիլիջանը կրկին գերազանցել է երկրի ընդհանուր ցուցանիշը՝ գրանցելով 5,7% աճ՝ համազգային 2,5%-ի համեմատ։

Յուրաքանչյուր երեք այցելուից մեկը արտերկրից է

Meet Dilijan-ի գնահատականների համաձայն՝ այցելուների 63,5%-ը Հայաստանի բնակիչներ են, կամ մոտավորապես 154 800 մարդ։ Եվս 36,5%-ը, այսինքն՝ շուրջ 89 000 այցելուներ, ժամանում են արտերկրից։ Այս խմբում ներառված են օտարերկրյա զբոսաշրջիկները, սփյուռքահայերը, արտերկրում բնակվող օտարերկրացիները և մշտապես արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները։

Այցելուների այս համադրությունը ցույց է տալիս, որ Դիլիջանը շարունակում է ամուր դիրք զբաղեցնել Հայաստանի ներքին զբոսաշրջության շուկայում՝ միաժամանակ գրավելով միջազգային այցելուների աճող հետաքրքրությունը։

Ճանապարհին արվող կանգառից՝ ինքնուրույն զբոսաշրջային ուղղություն

Meet Dilijan-ը նշում է, որ քաղաքն աստիճանաբար դուրս է գալիս հանգստյան օրերի կարճատև այցելության կամ Պարզ լիճ և հարակից վանքեր տանող ճանապարհին արվող կարճ կանգառի ավանդական ձևաչափից։

«Ավելի ու ավելի շատ մարդիկ են Դիլիջանն ընտրում որպես ինքնուրույն զբոսաշրջային ուղղություն և մնում այստեղ մի քանի օր։ Այսօրվա ճանապարհորդի համար կարևոր են ոչ միայն հայտնի տեսարժան վայրերը, այլև կենդանի, աշխույժ վայրում գտնվելու զգացողությունը՝ մի վայրում, որտեղ իսկապես ցանկանում ես մի փոքր ավելի երկար մնալ։

Մենք չենք ցանկանում, որ Դիլիջանը պարզապես ևս մեկ «նշում դնելու կետ» դառնա ճանապարհորդական ծրագրում։ Կարևոր է օգնել այցելուներին քաղաքն ավելի խորությամբ բացահայտել՝ որպես սեփական դիմագիծը, պատմությունները, մարդկանց ու ռիթմն ունեցող վայր։ Կայուն հետաքրքրությունն առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ ոչ միայն գալիս են լուսանկարվելու, այլև վերադառնում են և ուղղությունը խորհուրդ տալիս իրենց ընկերներին», – ասում է Meet Dilijan-ի ծրագրի ղեկավար Դիանա Ասլանյանը։

Աճի հաջորդ ուղղությունը միջազգային լսարանն է

Meet Dilijan-ը կարծում է, որ այցելուների թվի հետագա աճը մեծապես կախված կլինի Դիլիջանի միջազգային ճանաչելիության բարձրացումից և այն ապահովելուց, որ քաղաքը շարունակի մնալ այն ճանապարհորդների ուշադրության կենտրոնում, ովքեր արդեն դիտարկում են Հայաստանը որպես հանգստի ուղղություն։

Բարձրորակ զբոսաշրջային ենթակառուցվածքների, հյուրընկալության ոլորտի և տեղական նախաձեռնությունների շարունակական զարգացումը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ այս գործընթացում՝ նպաստելով Դիլիջանի նոր կերպարի ձևավորմանը՝ ոչ միայն որպես բնության գրկում հանգստի վայր, այլև որպես ինքնուրույն մշակութային և զբոսաշրջային ուղղություն։

Meet Dilijan-ի մասին․ Meet Dilijan-ը Դիլիջանի պաշտոնական զբոսաշրջային հարթակն է, որը ստեղծվել է այցելուներին ուղղության մասին տեղեկատվության մեկ վստահելի աղբյուր տրամադրելու նպատակով։

 

 




Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։32-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:




Շարամբեյանի ժառանգությունը՝ Դիլիջանի հիշողությունից դեպի նոր սերունդներ. Վարպետը 100 տարեկան կդառնար

Այս տարի լրացավ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։

Այս տարի լրացավ հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Թեպետ Հովհաննես Շարամբեյանը ծնունդով Դիլիջանից չէր, սակայն նրա կյանքի կարևորագույն մի շրջափուլը կապվեց հենց այս քաղաքի հետ։ Առողջական խնդիրների պատճառով տեղափոխվելով Դիլիջան՝ Շարամբեյանը սիրահարվեց քաղաքին, որն էլ հետագայում դարձավ նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը։

Օգոստոսի 16-ին՝ Շարամբեյանի ծննդյան օրը Դիլիջան քաղաքի Կալինինի 97 հասցեում, որտեղ տարիներ շարունակ ապրել է վարպետը, տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։

Դիլիջանցիները Շարամբեյանին մտերմիկ ու բարեկամաբար Վանիկ էին անվանում։ Շատերն այսօր էլ նրա հետ կապված ջերմ ու անմոռանալի հիշողություններ ունեն։ Իսկ նրա թողած արժեքներն ու գաղափարները կարևոր է փոխանցել հաջորդ սերունդներին՝ պահպանելով վարպետի հիշատակը և նրա ներդրումը հայկական մշակույթի զարգացման գործում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ մեծանուն արվեստագետի բրոնզե կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։

Շարամբեյանի թողած ժառանգությունը հայկական ժողովրդական մշակույթի պահպանման ու հանրահռչակման կարևորագույն էջերից է և Դիլիջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը։

 

Դիտեք նաև՝

 




Հայկական արմատների շուրջ հավաքված հազարավոր մարդիկ Դիլիջանում մասնակցեցին ARMAT Fest-ին

Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց ARMAT Fest-ը

Դիլիջանում օգոստոսի 15-ին հայկական մշակույթը հնարավոր էր տեսնել, լսել, համտեսել ու սեփական ձեռքերով ստեղծել։ Երաժշտություն, ազգային արհեստներ, տեղական բրենդներ ու հայկական խոհանոց՝ մեկ տարածքում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց ARMAT Fest-ը։ Փառատոնի անվանումը պատահական չէր ընտրված․ «Արմատն» այստեղ կապ էր անցյալի ու ներկայի, ավանդույթի ու ժամանակակից մշակույթի միջև։

Ավանդական արհեստներից մինչև ժամանակակից հայկական դիզայն․ փառատոնի տարածքում ներկայացված էին տեղական բրենդներ ու արտադրողներ։ Այստեղ  այցելուները կարող էին համտեսել ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից հայկական խոհանոցի ուտեստները։ «Արամտի» առանձնահատուկ հատվածներից մեկը հայկական ավանդական արհեստներին նվիրված վարպետության դասերն էին։ Որդան կարմիրի և ազգային տիկնիկագործության դասերի շուրջ այցելուների թիվն այնքան մեծ էր, որ մասնակիցների թիվն անցել էր հարյուրը։

Փառատոնի անցկացումը Դիլիջանում նաև քաղաքի՝ որպես զբոսաշրջային և մշակութային ուղղության զարգացման համատեքստում է։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված միջոցառումը կազմակերպվել էր նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա Համերգասրահի տարածքում։ Դիլիջանում արդեն մի քանի ամիս ապրող Արտեմի Զացեպինի համար քաղաքի գրավչությունը միայն իր սիրելի բնությունն ու լեռները չեն․ նա այստեղ վայելում է նաև մշակութային կյանքն ու այն համայնքը, որն ամեն օր նոր մարդկանց ու գաղափարների է միավորում։

Օրվա երկրորդ կեսին փառատոնի ռիթմն արդեն երաժշտական էր․ բեմում իրար հաջորդեցին Գարիկն ու Սոնան, «Լավ էլի» բենդy, «Միքայել Ոսկանյանն ու իր ընկերները»։ Այսպես ավարտվեց ARMAT Fest-ի առաջին թողարկումը՝ հաջորդ տարի վերադառնալու խոստումով։