Հրդեհ ավտոմեքենայում

Փետրվարի 24-ին, ժամը 13։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։




Դիլիջանի ոլորանները դարձել են դժվարանցանելի

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




«Ապագայի Դիլիջանը»․ համայնքային ֆորում՝ 115 մասնակիցներով

Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ոլորտային զարգացման ու պլանավորման հեռանկարները քննարկվեցին ս․թ․ փետրվարի 16-ին կայացած «Ապագայի Դիլիջանը» խորագրով համայնքային ֆորումում։ Համայնքային ֆորումի նպատակն էր նպաստել համայնքի զարգացման ընդհանրական տեսլականի ձևավորմանը՝ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսության միջոցով։ Հարթակը նաև նպաստում է համայնքի ներգրավվածությանը և ընդհնաուր պատասխանատվության բարձրացմանը համայնքային խնդիրների լուծման համատեքստում, ինչպես նաև օգնում է ապահովելու բնակչի կարծիքի ներառմանը և մասնակցայնությանը որոշումների կայացման գործընթացներում։

Ֆորումին ներկա էին 115 մասնակից տեղական ինքնակավառարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից, կրթական հաստատություններից, ակտիվ խմբերից, համայնքային ենթակայության կառույցներից, բիզնես միջավայրից, գործընկեր Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամից։

Ֆորումը բացեց և մասնակիցներին ողջունեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը՝ նշելով, որ համայնքի տարբեր դերակատարների միջև երկխոսության կայացումը խթանում է հանրային խնդիրների, տեսլականի շուրջ բազմակարծիք միջավայրի ձևավորմանը և լուծումների համար համատեղ ճանապարհների նախանշմանը։  Համայնքի զարգացման տեսլականի և դրա սահմանման ապագայակենտրոն մոտեցուների վերաբերյալ ելույթ ունեցավ փորձագետ Արշավիր Ղուկասյանը։

Ֆորումում քննարկումներն ընթացան թեմատիկ հինգ խմբերում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն, միջավայր (հանրային տարածքներ), սոցիալական հարցեր։ Յուրաքանչյուր խումբ քննարկեց միայն մեկ թեմային առնչվող հարցեր և զարգացման մոտեցումներ, որոնք խմբերի կողմից ընդհանրացված կարգով ներկայացվեցին ֆորումի եզրափակիչ հատվածում։  Ֆորումում հնչած կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն փորձագետների կողմից և դրանց հիման վրա կպատրաստվի առաջարկությունների փաթեթ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու նպատակով, որպեսզի դրանք տեղ գտնեն համայնքի տարեկան աշխատանքային պլանում կամ զարգացման այլ փաստաթղթերում։

«Ապագայի Դիլիջանը» համայնքային ֆորումն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։






«Տուն Արմենի» հյուրատանն այսուհետ կգործի նոր՝ Workation համաշխատանքային տարածքը

Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը փետրվարի 14-ին տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականություն է դարձել «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվորպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի ընդարձակ տարածք` նախատեսված գրեթե 20 անձի համար: Համաշխատանքային տարածքը հագեցած է տեխնիկական ու աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Տարածքը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման, վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար, ինչից կարող են օգվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը:

Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ տնակներ: Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:






«Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին փորձարկումը՝ Դիլիջանում

Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին հարցաթերթի փորձարկման նպատակով «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում Տավուշի աշխատանքային խմբի սովորողների մասնակցությամբ փետրվարի 9-ին Դիլիջանի ավագ դպրոցում կայացավ հանդիպում՝ Տավուշի մարզի 4 հանրակրթական դպրոցների աշակերտների ու հասարակագիտություն առարկայի ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում ներկայացվեցին ծրագիրը ու երիտասարդության դրական զարգացման հայեցակարգը, որից հետո քննարկման ֆորմատով ընթացիկ կրթական չափորոշիչային բարեփոխումների համատեքստում ուսուցիչներն ու աշակերտները կիսվեցին իրենց դիտարկումներով, դիտողություններով ու առաջարկներով։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, կստեղծի հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության արդյունավետ մեխանիզմներ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, այն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ գործընկերությամբ։






Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում



Հարգելի քաղաքացիներ,
Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։
Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։
Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։
Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։



Մակարդակով կոֆե նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ

Արվեստը, Դիլիջանն ու հին և նոր ժամանակները․ այս անգամ Հրանտ Ղազումյանն ու մեր թիմն այցելել են Դիլիջան՝ նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ մակարդակով կոֆե խմելու։

Հասմիկի հետ զրույցն իր մանկության Դիլիջանի, մարզում արվեստ արարելու, դասավանդելու, երեխաների հետ աշխատելու և անդադար սովորելու մասին է։ 

«Դիլիջանն ինձ համար երևի թե լռությունն է։ Բոլորս գիտենք, որ ժամը 7-ից հետո Դիլիջանում անհատակ լռություն է, և դա շատ հետաքրքիր է նրանով, որ դու քեզ հետ մենակ ես մնում․․․Ստեղծագործական առումով նման վայրում ամենալավ պայմաններն են»։






Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Տավուշի տուրիզմի ակումբի այս տարվա առաջին հանդիպումը կայացել է Դիլիջանում

Դիլիջանի «Պոպոք» հյուրատանը փետրվարի 3-ին կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի 2023 թվականի առաջին հանդիպումը: Միջոցառումը կրկին մեկ հարթակում միավորել էր Տավուշի զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչներին: Հանդիպումը մեկնարկեց Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առչվող իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի ներկայացմամբ․ դրանց մասին խոսեց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության տնօրենը:

Այնուհետև Տավուշի տուրիզմի նորաստեղծ ակումբի ստեղծման ու ծավալած գործունեության մասին խոսեց «Մոդուս Քընսալթինգ» ընկերության տնօրենը: Միջոցառումը նշանավորվեց նաև Դիլիջանի «Հովազ» գինիների շնորհանդեսով:

Հանդիպմանը Տավուշ Մեդիայի ներկայացուցիչը ևս ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով մարզային մեդիայի գործունեության ամփոփ պատկերն ու խոսելով համագործակցության հնարավոր եղանակների մասին։

Հանդիպման ընթացքում ներկաները նաև ոգեշնչող, ոգևորող ու սեփական ապրանքանիշների ստեղծման պատմություններով կիսվեցին: Ընթացքում մասնակիցները ներգրավվեցին 3 աշխատանքային խմբերում. խմբային քննարկումներն ընթացան «Ստեղծագործական արդյունաբերություն ու տուրիզմ», «Դեստինացիաների կառավարման կազմակերպությունը տուրիզմում» և «Արժեշղթան տուրիզմում» թեմաներով: Միջոցառման վերջին բաղադրիչը ցանցային բլոգն էր, որով ներկա մասնակիցները միմյանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծեցին: