Պարզաբանում. մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են

Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի:

Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ծառայողական քննությունը շարունակվում է:




Դիլիջան համայնքում հերթական անգամ իրականացվեց Good Deeds Day նախագիծը

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի կողմից մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության վերակերտման օրը, Դիլիջան համայնքում իրականացվեց Good Deeds Day նախագիծը: Վերջինս համաշխարհային շարժում է և ուղղված է համայնքային «Բարի Գործեր»-ի իրագործմանը՝ կամավորների կողմից: 2017 թվականից ամեն տարի տոնը նշվում է Հայաստանում, որի պաշտոնական գործընկերը «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն է:

Այս տարի բարի գործերի հիմքում քաղաքային լճի շրջակայքի մաքրումն ու բարեկարգումն էր, և Խաղաղության մրցավազքի իրականացումը: Կենտրոնի շուրջ 35 կամավորների ջանքերով մաքրվեց և ավելի բարեկարգվեց քաղաքային լճի հարակից տարածքը, իսկ արդեն Խաղաղության մրցավազքին միացան համայնքի բնակիչներն ու հյուրերը:

3 տարիքային խմբերում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին քաղցր և օգտակար նվերներով: Խաղաղության մրցավազքի նպատակն է ի լուր աշխարհի բարձրաձայնել այսօր Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի մասին և խաղաղ ապրելու ու արարելու կոչ անել պետություններին։

Հայաստանը, առավել քան որևէ պետություն, գիտի պատերազմի գինն ու հետևանքները, ուստի մրցավազքի նպատակներից մեկն էլ անտարբերության վտանգի կանխումն է՝ նոր պատերազմներ չծնելու փափագով։

Ողջ օրվա ընթացքում,Կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքները ցուցադրված էին Դիլիջանի քաղաքային զբոսայգում։
Կտավների ցուցադրության թեմատիկան խաղաղությունն էր։




Ավտովթար Իջևան-Երևան մայրուղու Իջևան-Դիլիջան հատվածում

Այսօր, ժամը 20:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Երևան մայրուղու Դիլիջան-Իջևան հատվածում: Իրար են բախվել 2 ավտոքարշակ մեքենաները: Ականատեսների վկայությամբ վթարի հետևանքով տուժել է վթարի մասնակից վարորդներից մեկը, ով ոտքերի կոտրվածքներով տեղափոխվել է Երևան: Դեպքի մանրամասները ճշտվում են:




ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ




Ընթացիկ աշխատանքներ՝ Բերդ և Դիլիջան համայնքների բնակավայրերում

Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Բերդում
Իրականացվում են երկրորդային(թաղամասային) ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ:

Պառավաքարում
Իրականացվել են խմելու ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Վարագավանում
Իրականացվել են ոռոգման ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
_______
Աշխատանքներն իրականացրել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը(Վարագավանում՝ «Տավուշ» ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ):

Դրա հետ մեկտեղ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկել է բնակավայրի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների հիմնանորոգման նախագիծը:

Վերականգնվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1,5 կմ է: Նախատեսվում է տուֆապատել ճանապարհը: Այս պահին իրականացվում են հողահարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն սալարկման աշխատանքները:

Աշխատանքները կավարտվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք ավելի ուշ:

 




Դիլիջանի կենտրոնական դպրոցում ընթանում է Արվեստի շաբաթը

Դիլիջանի կնետրոնական դպրոցում արդեն երկրորդ տարին է՝ հատուկ նշվում է Արվեստի շաբաթը: Մայիսի 11-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտների՝ մի շարք առարկաներից տարբեր նախագծային աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառման սկզբում դպրոցի հյուրերը դիտեցին Դիլիջանի կնետրոնական դպրոցի տասնամյակին նվիրված տեսաֆիլմը, որը պատմում էր դպրոցի անցած ուղու, հաջողությունների, ձեռքբերումների մասին: Տեսաֆիլմի դիտմանը հաջորդեցին դպրոցի նորաստեղծ «Թռիչք» երգչախմբի երաժշտական ինքնատիպ կատարումները: Այնուհետև հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան աշակերտների նախագծերին: 

Արվեստի շաբաթը նվիրած է դպրոցի հիմնադրման 10-ամյակին, որը լրանալու է այս տարվա աշնանը: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 18-ը:




Դիլիջանում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գալա համերգը

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը տասներորդ անգամ միավորում է Հայաստանի պատանի ստեղծագործողներին: Այս տարի առաջին անգամ մրցույթը տեղի է ունենում միանգամից երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում։ Մայիսի 10-ին Երևանից մեկնարկած մրցույթի գալա համերգը տեղի ունեցավ Դիլիջանում գտնվող Էդվարդ Միրզոյանի անվան Կոմպոզիտորների տանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին մասնակցել կարող էին մինչև տասնութ տարեկան ստեղծագործողներ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի աղթոքով և օրհնությամբ մեկնարկեց մրցանակաբաշխությունը։ Միրզոյանական տոնի գալա համերգին Դիլիջանի Կոմպոզիտորների տան բեմից երգեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի սաները։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝  նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն՝ և՛ հաղթող մասնակիցներին, և՛ նրանց ուսուցիչներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:




Փլուզում Դիլիջան քաղաքում (թարմացված)

Մայիսի 3-ին, ժամը 21։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհին հարակից հենապատը (մոտ 105 քմ) փլուզվել է (մոտ 70 քմ), ինչի հետևանքով մոտ 120 խմ հողազանգված սահել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բացել են ճանապարհը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:




Հաղարծնի դպրոցի «6»-րդ դասարանի աշակերտները ամփոփեցին նախագծային աշխատանքի արդյունքները

Դիլիջան խոշորացված համայնքի, Հաղարծին գյուղական բնակավայրի դպրոցի՝ «6»-րդ դասարանի աշակերտները, <<Կերպարվեստ>> առարկայի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանի ղեկավարությամբ և «Հ․ Շարամբեյանի անվան Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի» նախաձեռնությամբ, Դիլիջանի ավագ դպրոցում ամփոփեցին նախագծային աշխատանքի արդյունքները, որի շուրջ աշխատել Էին գրեթե մեկ ուսումնական տարի։

Աշակերտները իրենց շուրջն էին համախմբել Դիլիջան համայնքի արվեստասեր հասարակությանը, մշակութային գործիչների, թանգարանի աշխատակիցների և արվեստագետների։ «6»-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին մի քանի հանրահայտ մանկական դիմանկարների պատմություններ,բացահայտեցին նկարների գաղտնիքները, նկարների միջոցով խոսեցին դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների մասին։

«6»-րդ դասարանի փոքրիկ, բայց արդեն պատրաստի արվեստաբանները արժանացան պատվոգրերի, որը հանձնեց՝ Դիլիջանի Հ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հ․ Գասպարյանը և նախագծի ղեկավար Լ․ Մանուկյանը։ Իսկ միջոցառման վերջում հյուրերը իրենց ողջույնի խոսքում կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, «Ժողովրդական արվեստների և պատմության» թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Մակվեցյանը և «Դիլիջանի Երկրագիտական թանգարան պատկերասրահի» ներկայացուցիչներ՝ տիկին Գայանեն ու գիդաշխատող Ռուզան Լալայանը կարևորեցին թանգարան դպրոց փոխայցելությունը և համագործակցության ամուր կապը ի նպաստ հայ մշակույթի պահպանման և գեղագիտական դաստիարակության գործին։

Դիլիջանի «Երկրագիտական թանգարան պատկերասրահի» գիդ աշխատող Ռուզան Լալայանը և տիկին Գայանեն գովեստի խոսքեր հնչեցրին աշակերտների կատարած աշխատանքի մասին։ Աշակերտները հրավիրվեցին թանգարան և Գևորգ Մակվեցյանի արվեստանոց, մոտիկից ծանոթանալու հայ և համաշխարհային գեղանկարիչների աշխատանքներին։ Միջոցառմանը գուսան Հայկազունու՝ «Հայեր միացեք» հայրենասիրական նոտայով Դիլիջանցի երգիչ, զբոսաշրջային և մշակութային գործիչ՝ Վաչե Գրիգորյանը համախմբվածության և միասնության կոչ անելով բոլորին երեկոն դարձրեց էլ ավելի տպավորիչ։ Դահլիճում թեւածում էր տոնական և ջերմ տրամադրություն։

Ցերեկույթի վերջում միջոցառման նախաձեռնող, կերպարվեստի ուսուցչուհի, «Ստվերներ» մանկական թատրոնի գեղ․ ղեկավար, նկարչուհի և թեյագործ՝ Լուսինե Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլորին երեկոն ջերմառատ դարձնելու, փոխշահավետ համագործակցելու համար։ Մասնակիցները հեռացան բարձր տրամադրությամբ իրենց հետ տանելով դրական և ջերմ տպավորություններ։

Հողինակ՝ Վաչե Գրիգորյան




Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Ապրիլի 29-ի վաղ առավոտից Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Համապետական միջոցառմանը մասնակցում են մարզի տարածքում գործող պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների աշխատողներ, ուսանողներ ու դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։

Առավոտից շաբաթօրյակի են դուրս եկել նաև Տավուշի մարզպետարանի աշխատակիցները։ Նրանք մաքրում ու բարեկարգում եմ մարզպետարանի շենքի շրջակայքն ու հարակից ու այգին։

Դիլիջան համայնքում շարունակվում են մաքրման, տարածքների բարեկարգման աշխատանքները:

Այս անգամ լուսանկարները Դիլիջան համայնքի բնակավայրերից, մանկապարտեզներից, դպրոցներից, թանգարանի և այլ կառույցների տարածքներից են:

Տավուշի մարզում համապետական շաբաթօրյակի շրջանակներում բարեկարգվել են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները: Բնակավայրերում նաև ծառատունկ է իրականացվել։ Շաբաթօրյակին է միացել նաև Բերդի համայնքը։