ՃՏՊ Դիլիջան քաղաքում. կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 10:53-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կալինինի փողոցի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ե., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ե.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




«Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը Դիլիջանում

«Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը հունիսի 17-ին Դիլիջանում հյուրընկալել էր Հայաստանի ու Վրաստանի մի քանի տասնյակ ներկայացուցիչների, ովքեր եկել էին ներկայացնելու իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստն ու արհեստագործական աշխատանքները: Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն էր, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:

Մշակութային խոհարարական փառատոնի միտքը առաջացել է 2019 թվականին, սակայն առկա խնդիրները՝ համավարակն ու պատերազմը թույլ չեն տվել այն իրականացնել: Այս տարվանից սկսած «Միմինո» փառատոնը կլինի ամենամյա: Փառատոնը հաջորդ տարի այս ժամանակահատվածում կանցկացվի Վրաստանում՝ Թելավ քաղաքում, որտեղ ևս նկարահանվել են տեսարաններ «Միմինո» ֆիլմից:

Հայ–վրացական առաջին փառատոնի անցկացման վայրը Դիլիջան քաղաքն է ընտրվել, քանի որ ըստ «Միմինո» կինոնկարի սցենարի՝ ծնունդով այստեղից էր ֆիլմում վարորդի կերպարը դերակատարող Ռուբիկը՝ Մհեր Մկրտչյանը:

Դիլիջանի կենտրոնական հրապարակը լցվել էր հայ և վրացական խոհանոցների հրապուրիչ բուրմունքներով, տաղավարներում ներկայացված էր հայկական ու վրացական գինիները, ազգային ուտեստներն ու արվեստի աշխատանքները:

Փառատոնի մասնակիցները նաև տեղում պատրաստեցին ուտեստներ, այն ներկայացնելով փառատոնի մրցութային հանձնաժողովին: Վերջում ամփոփելով արդյունքները մրցույթի հաղթողներին շնորհվեցին պարգևներ՝ «Լավագույն համ»,  «Լավագույն տեսք» ու «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում:

Միջոցառման ողջ ընթացքը համեմված էր հայկական և վրացական ավանդական և ժամանակակից երաժշտությամբ, երգերով ու պարերով։

«Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը իրականացվեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ:




Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:




Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է

Հարգելի՛ քաղաքացիներ, Հունիսի 7-ից մինչև հունիսի 9-ը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու Դիլիջան քաղաքի Կալինինի 4-րդ նրբանցք 2 հասցեից մինչև Կալինինի 4-րդ նրբանցք 16/1 հասցեն: Ճանապարհը կարող եք շրջանցել Գետափնյա փողոցով:




Ընթացքի մեջ են մայթերի բազրիքների՝ նորով փոխարինման և թեքահարթակների կառուցման աշխատանքները

Բերդ քաղաքի կենտրոնական հատվածներում մայթերի բազրիքների՝ նորով փոխարինման և թեքահարթակների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ:
__________________
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսված են այլ աշխատանքներ ևս:

  • Հիմնովին վերանորոգել Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգին, կառուցել(սալիկապատել) նոր ճեմուղիներ, լուսավորության նոր համակարգ, տեղադրել նստարաններ և աղբամաններ:
  • Կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումից հետո հատուկ նախատեսված տարածքում տեղադրել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
  • Զբոսայգու՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի հարակից հատվածում տեղադրել մարզասարքեր՝ նախատեսված պատանիների համար:
  • Հիմնովին վերանորոգել Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգին, կառուցել լուսավորության համակարգ, տեղադրել նոր խաղասարքեր, նստարաններ, աղբամաններ:
  • Վերանորոգել Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բազրիքները, աստիճանավանդակներին տեղադրել նոր բազրիքներ, մայթերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և մանկասայլակների անխոչընդոտ տեղաշարժին:
  • Վերանորոգել Մաշտոցի փողոցից դեպի Մաշտոցի 84 ա շենքի մուտք տանող հատվածը:
  • Տարբեր հատվածներում կառուցել նոր հենապատեր:




Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի հիմնադրման օրվանից անցել է 35 տարի

Այսօր կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված սիրելի դպրոցի 35-ամյակին: Աշակերտներն ուսուցիչների նվագակցությամբ ներկայացրին Կոմիտասի, Ռախմանինովի, Այնաուդիի, Խաչատուր Ավետիսյանի և այլ երգահանների հայտնի ստեղծագործությունները:

Միջոցառման հյուրերն էին Դիլիջան համայնքի ղեկավարը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցները, Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մ. Ապրեսյանը, Խոհարարների միության նախագահ Ս․ Մամուլյանը, հանրակրթական դպրոցի տնօրենները, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դիլիջանի համայնքապետարանը սիրով շնորհավորում է Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցին՝ հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ: Թող ձեր հաջողություններն անսպառ լինեն, միտքը՝ ստեղծագործ, ելույթները մեծ բեմերում՝ շարունակական:




Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են Դատախազությունից։

Երեկ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել էր։

Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Հիշեցնենք, որ նա «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում ծեծել էր 16-ամյա անչափահասի։




Ավտոճանապարհային պատահար Երևան-Իջևան Մայրուղու Դիլիջան- Թեղուտ հատվածում (Թարմացված)

Հունիսի 2-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 5 մ) և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:




Պարզաբանում. մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են

Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի:

Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ծառայողական քննությունը շարունակվում է:




Դիլիջան համայնքում հերթական անգամ իրականացվեց Good Deeds Day նախագիծը

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի կողմից մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության վերակերտման օրը, Դիլիջան համայնքում իրականացվեց Good Deeds Day նախագիծը: Վերջինս համաշխարհային շարժում է և ուղղված է համայնքային «Բարի Գործեր»-ի իրագործմանը՝ կամավորների կողմից: 2017 թվականից ամեն տարի տոնը նշվում է Հայաստանում, որի պաշտոնական գործընկերը «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն է:

Այս տարի բարի գործերի հիմքում քաղաքային լճի շրջակայքի մաքրումն ու բարեկարգումն էր, և Խաղաղության մրցավազքի իրականացումը: Կենտրոնի շուրջ 35 կամավորների ջանքերով մաքրվեց և ավելի բարեկարգվեց քաղաքային լճի հարակից տարածքը, իսկ արդեն Խաղաղության մրցավազքին միացան համայնքի բնակիչներն ու հյուրերը:

3 տարիքային խմբերում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին քաղցր և օգտակար նվերներով: Խաղաղության մրցավազքի նպատակն է ի լուր աշխարհի բարձրաձայնել այսօր Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի մասին և խաղաղ ապրելու ու արարելու կոչ անել պետություններին։

Հայաստանը, առավել քան որևէ պետություն, գիտի պատերազմի գինն ու հետևանքները, ուստի մրցավազքի նպատակներից մեկն էլ անտարբերության վտանգի կանխումն է՝ նոր պատերազմներ չծնելու փափագով։

Ողջ օրվա ընթացքում,Կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքները ցուցադրված էին Դիլիջանի քաղաքային զբոսայգում։
Կտավների ցուցադրության թեմատիկան խաղաղությունն էր։