Տավուշի տուրիզմի ակումբի այս տարվա առաջին հանդիպումը կայացել է Դիլիջանում

Դիլիջանի «Պոպոք» հյուրատանը փետրվարի 3-ին կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի 2023 թվականի առաջին հանդիպումը: Միջոցառումը կրկին մեկ հարթակում միավորել էր Տավուշի զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչներին: Հանդիպումը մեկնարկեց Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առչվող իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի ներկայացմամբ․ դրանց մասին խոսեց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության տնօրենը:

Այնուհետև Տավուշի տուրիզմի նորաստեղծ ակումբի ստեղծման ու ծավալած գործունեության մասին խոսեց «Մոդուս Քընսալթինգ» ընկերության տնօրենը: Միջոցառումը նշանավորվեց նաև Դիլիջանի «Հովազ» գինիների շնորհանդեսով:

Հանդիպմանը Տավուշ Մեդիայի ներկայացուցիչը ևս ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով մարզային մեդիայի գործունեության ամփոփ պատկերն ու խոսելով համագործակցության հնարավոր եղանակների մասին։

Հանդիպման ընթացքում ներկաները նաև ոգեշնչող, ոգևորող ու սեփական ապրանքանիշների ստեղծման պատմություններով կիսվեցին: Ընթացքում մասնակիցները ներգրավվեցին 3 աշխատանքային խմբերում. խմբային քննարկումներն ընթացան «Ստեղծագործական արդյունաբերություն ու տուրիզմ», «Դեստինացիաների կառավարման կազմակերպությունը տուրիզմում» և «Արժեշղթան տուրիզմում» թեմաներով: Միջոցառման վերջին բաղադրիչը ցանցային բլոգն էր, որով ներկա մասնակիցները միմյանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծեցին: 




Փրկարարները մարել են Դիլիջան քաղաքում բռնկված հրդեհը

Փետրվարի 7-ին, ժամը 11:37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել` 12:18-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:



Դիլիջանում կայացավ քաղաքային զբոսայգու վերակառուցման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը

Տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և զարգացման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը։ Հանդիպումը դիլիջանցիների և քաղաքի հյուրերի հետ անցկացվեց բաց քննարկման ձևաչափով: Միջոցառմանը ներկա էին տարբեր մասնագիտությունների և տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքներն ու գաղափարները հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգը մշակելիս:

Դիլիջանի քաղաքային զբոսայգին քաղաքի գլխավոր կանաչ հանրային տարածքն ու ժամանցի վայրն է: Ներկայումս այն չի համապատասխանում բարեկարգման ժամանակակից չափանիշներին։ 2022 թվականին, Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի շրջանակներում, «Իմպուլս մենեջմենթ քոմփանի ընկերությունը» և «Project Group 8» թիմի ճարտարապետները նախաձեռնեցին զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

Զբոսայգու վերակառուցման ծրագիրնը մասնակցային մեթոդի կիրառմամբ առաջին նախագիծն է Հայաստանում. բացի ճարտարապետներից, սոցիոլոգներից, անտրոպոլոգներից, դենդրոլոգներից, ջրային ինժեներներից և այլ մասնագետներից նախագծի մշակման գործընթացում ներգրավված են նաև տեղի բնակիչները։

Նախապատրաստական փուլում ճարտարապետների թիմը, համագործակցելով Socies սոցիոլոգիական կենտրոնի և Urbanista.am մեդիա հարթակի հետ, իրականացրել է 32 էքսպրես հարցազրույց այգու այցելուների, 29 անձնական և խմբային հարցազրույց դիլիջանցիների հետ, 12 ֆոկուս խմբեր և 3 քաղաքային քննարկում։ Արդյունքում հավաքագրվել է քաղաքի բնակիչների կարծիքներն ու պահանջները արտահայտող 267 հարցաթերթ։ Ընդհանուր առմամբ, զբոսայգու զարգացման հայեցակարգի մշակմանը մասնակցել է ավելի քան 600 մարդ։

Այգու այցելուների և նրանց կարիքների ուսումնասիրությունը նախնական փուլում բացահայտվել են դիլիջանցիների հինգ հիմնական պահանջները, որոնք էլ ներկայացվել են նախագծում.

  1. Զբոսայգին պետք է աշխատի ցանկացած եղանակին (անհրաժեշտ են անձրևապաշտպան ծածկեր, հարմարավետ արահետներ, ձմեռային հանգիստն ապահովող ենթակառուցվածքներ):
  2. Այգին պետք է համալրվի ստեղծագործելու և սովորելու համար հարմարավետ տարածքներով:
  3. Այգում բացակայում են ջրի հետ փոխգործակցության պայմանները (կառանման տեղեր և նավակներ, հասանելի առափնյա, կանոնակարգված ձկնորսություն):
  4. Զբոսայգում պետք է ստեղծվեն քաղաքի և անտառի միջև շփման կետեր (ելքեր դեպի արշավային արահետներ, կապ Ազգային պարկի հետ):
  5. Զբոսայգին Դիլիջանի այցեքարտն ու պատկերն է, մշակույթի, պատմության, ինքնության արտացոլանքը:

Զբոսայգու բարեկարգման ծրագիրը կմեկնարկի փուլերով և կներառի.

– արհեստական լճի գոտու բարեկարգում: Այստեղ նախատեսվում է ստեղծել հանրային տարածքներ և ենթակառուցվածքներ՝ ջրային ռեսուրսների օգտագործման համար:

– հին հյուրանոցին հարող տարածքի բարելավում, որը նախատեսված է դարձնել մշակութային խոշոր միջոցառումների անցկացման գլխավոր վայր

– առափնյայի և կենտրոնական ծառուղու բարեկարգում

-բացօթյա աշխատանքի, զբոսախնջույքների և փոքրածավալ միջոցառումների համար նախատեսված բաց տարածքի ստեղծում

– գործող խաղահրապարակի ընդլայնում և վերանորոգում

– առկա սպորտային ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև նոր սպորտային օբյեկտների գործարկում՝ բացօթյա և փակ տարածքներում:

Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և զարգացման ամբողջական ծրագիրը, սոցիոլոգիական հետազոտությունները, քաղաքային քննարկումների արդյունքները, ինչպես նաև գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ հետադարձ կապ հաստատելու ձևը հասանելի են ծրագրի պաշտոնական կայքում:

Ծրագրի նախաձեռնողներ՝ «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերություն, Դիլիջանի քաղաքային զբոսայգու թիմ:

Ծրագրի մշակում՝ «Project Group 8»:

Մեդիա գործընկեր՝ «Urbanista.am»:




«Հրուշակագործության» անվճար դասընթաց Դիլիջանում

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Հրուշակագործության» անվճար դասընթաց, որն իրականացվելու է Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցությամբ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն տնային և արտադրական պայմաններում թխվածքաբլիթների, մրգային դեսերտների, եփովի խմորների և այլ արտադրատեսակների պատրաստման տեխնոլոգիաներին։

Ո՞վ կարող է մասնակցել․

Դիլիջանի և հարակից բնակավայրերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր զբաղվում են հրուշակագործությամբ կամ մտադիր են աշխատել այդ բնագավառում։

  • Մեկնարկը՝ 2023թ-ի փետրվար 15
  • Տևողությունը՝ 1 ամիս
  • Մասնակցությունն՝ անվճար
  • Վայրը՝ քաղաք Դիլիջան, Դիլիջանի պետական քոլեջ
  • Ձևաչափը՝ լսարանային

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 10-ը ներառյալ լրացնեն հետևյալ հղումով առցանց հայտաձևը՝ http://bitly.ws/zxEc

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում:




Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հարգելի՛ սպառող.

Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ veolia.am կայքից հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tCbkHa, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տելեգրամյան ալիքում՝ https://bit.ly/3cMZzrV




Ընդունելության օր գյուղական բնակավայրերում

Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:

Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:

Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:

Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Ներսիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` Աղավնավանքի դպրոցի գազամատակարարման խնդիրը լուծելու համար:

Հանդիպումները գյուղական բնակավայրերի բնակիչների հետ շարունակական են լինելու:




Զորակոչը Տավուշում շարունակվում է

2023թ.-ի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հունվարի 25-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին խաղաղ ծառայություն են մաղթել Տավուշ բնակավայրի վարչական ղեկավար Թաթուլ Արզումանյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը:

Հերթական զորակոչն է անցկացվել նաև Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:




Դիլիջանում խոցելի խմբերի համար ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն կգործի

2021 թվական մարտից Հայաստանի համայնքների միությունը նախաձեռնել էր «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը։ Նախագծի իրականացման արդյունքում Դիլիջանում ստեղծվել է սոցիալական ձեռնարկատիրության մոդելի վրա հիմնված հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի անձանց համար նախատեսված ուսումնական կենտրոն, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելը և նրանց զբաղվածությանն օժանդակելը: Հունվարի 19-ին տեղի ունեցավ ծրագրի փակման արարողությունը։

Փակման արարողությանը մասնակցեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի ու ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրին աջակցել են Ճապոնիայի կառավարությունը, Հայաստանի համայնքների միությունն ու մասնավոր անձիք։

Կենտրոնի կայուն գործունեության հիմքում կից գործող լվացքատունն է, որի աշխատակիցները նույնպես լինելու են խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ Լվացքատան գործունեությունից գոյացած հասույթն ուղղվելու է ուսումնական կենտրոնի պահպանմանը, ծրագրի, մասնավորապես՝ ծրագրի շահառու խմբերի համար դասընթացների կազմակերպմանը, դրանց շարունակականության և կայունության ապահովմանը։ 

2023 թվականից նախատեսվում է խոցելի խմբերի ներկայացուցիչների վերապատրաստումների մեկնարկը «Սոցիալական ձեռնակատիրություն», «Ստարտափ գաղափարի զարգացում», «Բիզնես մոդելի մշակում», «Բիզնեսի կառավարում» և այլ ծրագրերով։ Քառամսյա վերապատրաստումներից հետո սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին ծրագրի շահառուները հնարավորություն են ստանալու նաև երկամսյա խորհրդատվություն ստանալ ոլորտի փորձագետներից։ Կատարված ու կատարվելիք աշխատանքները ուղղակիորեն նպաստելու են ծրագրին մասնակից խոցելի խմբերի անձանց աշխատաշուկայում ինտեգրմանը և սեփական բիզնես մոդելի զարգացմանն օժանդակմանը՝ նպաստելով նրանց զբաղվածության խնդրի լուծմանը։




ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները 2023թ․ հունվարի 24-ին կայցելեն Տավուշի մարզ

Այցի շրջանակներում Դիլիջանի քաղաքապետարանում ժամը 15:00 տեղի կունենա հանդիպում մարզի զբոսաշրջության մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, կքննարկվեն մարզում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հնարավորություններն ու մարտահրավերները։

Հանդիպմանը մասնակցելու և մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով +374 11 597 293։




Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները: