Դիլիջանը՝ երիտասարդության միջազգային օրվա ռիթմով

Դիլիջանը՝ երիտասարդության միջազգային օրվա ռիթմով

«Երիտասարդ Դիլիջան 2026» խորագրով Դիլիջան համայնքը միացավ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով՝ օգոստոսի 12-ին Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը համայնքի կրթական, երիտասարդական ու մշակութային կազմակերպությունները ներկայացրին իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները։

Օրվա առաջին հատվածում ուշադրության կենտրոնում Դիլիջանի կրթական ու երիտասարդական ներուժն էր։ Համայնքում գործող կրթական, սոցիալական և երիտասարդական կազմակերպությունները ներկայացրին իրենց գործունեությունը, ծրագրերն ու երիտասարդներին առաջարկվող հնարավորությունները։

Միջոցառումը միայն ցուցադրությամբ չսահմանափակվեց։ Օրվա երկրորդ հատվածը Բեթհովենի անվան համերգասրահում էր։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանն ու նրա ուսանողները։ Երաժշտական երեկոն շարունակել է ReForm բենդը։

Օրը նաև առիթ էր գնահատելու այն մարդկանց ու կառույցների աշխատանքը, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Դիլիջանի զարգացմանն ու համայնքում դրական փոփոխությունների ձևավորմանը։ Շնորհակալագրեր են հանձնվել համայնքային կյանքում ակտիվ ներգրավված կառույցներին և իրենց աշխատանքով աչքի ընկած քաղաքացիներին։

Շնորհակալագիր է փոխանցվել նաև «Տավուշ» հեռուստաընկերությանը՝ երիտասարդական թեմաները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, երիտասարդների գաղափարներն ու նախաձեռնությունները հանրայնացնելու գործում ունեցած ներդրման համար։




Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Հավատարիմ մնալով Հայաստանում հյուրընկալության ոլորտի կրթության և զարգացմանն ուղղված իր երկարաժամկետ հանձնառությանը՝ Green Rock-ն այս տարի ևս 10 կրթաթոշակ կտրամադրի Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին։

Կրթաթոշակները նախատեսված են այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են մասնագիտական կրթություն ստանալ հյուրընկալության ոլորտում, սակայն ֆինանսական պատճառներով կարող են դժվարանալ օգտվել այդ հնարավորությունից։ Ծրագրի միջոցով Green Rock-ը ցանկանում է կրթությունն ավելի հասանելի դարձնել երիտասարդների համար և աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը։

Միջազգային հյուրընկալության կրթություն՝ Դիլիջանում

Դիլիջանում 2025 թվականի սեպտեմբերին բացված Apicius Armenia International School of Hospitality-ն տարածաշրջանի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցն է։ Այն հիմնադրվել է Ֆլորենցիայում գործող Apicius International School of Hospitality-ի հետ համագործակցությամբ։ Դպրոցի նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր և պատրաստել հյուրընկալության ու խոհարարական ոլորտների համար որակյալ մասնագետներ։

Green Rock-ի կրթաթոշակային ծրագիրը այս նպատակի կարևոր մասն է։ Դպրոցի միջոցով Green Rock-ը նպաստում է միջազգային կրթական փորձի տարածմանը Հայաստանում, ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը և կրթության ու հյուրընկալության ոլորտների միջև ավելի ամուր կապի ստեղծմանը։

Դիլիջանից՝ Ֆլորենցիա

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագրեր 2 ուղղությամբ՝ «Հյուրընկալության կառավարում» (Hospitality Management) և «Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություն» (Food, Wine & Wellness Studies)։

Ուսանողները կարող են ուսումը սկսել Դիլիջանում, իսկ իրենց կրթական ուղուց կախված՝ երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։

Ուսման ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում։ Շրջանավարտները նաև հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Ֆլորենցիայի Ամերիկյան համալսարանի բակալավրի ծրագրերում։

Դպրոցի կրթական մոտեցումը հիմնված է «ուսուցում՝ գործնական աշխատանքի միջոցով» (Experiential Learning) սկզբունքի վրա։ Ուսանողները գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ձեռք են բերում ոչ միայն դասերի, այլև իրական աշխատանքային միջավայրում՝ մասնակցելով գործնական նախագծերի և տարբեր կիրառական առաջադրանքների։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսանողներին դեռևս ուսումնառության ընթացքում ձեռք բերել գործնական փորձ և զարգացնել ժամանակակից հյուրընկալության ոլորտում անհրաժեշտ մասնագիտական հմտությունները։

Առաջին տարվա արդյունքները

Apicius Armenia-ի առաջին ընդունելությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ 2025 թվականին դպրոցը ստացել է 200 դիմում Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Զիմբաբվեից և այլ երկրներից։

2025–2026 ուսումնական տարում դպրոցն ունեցել է ավելի քան 20 ուսանող, որոնց մեծ մասը սովորել է Green Rock Foundation-ի աջակցությամբ տրամադրված կրթաթոշակներով։

Առաջին ուսումնական տարվա ավարտից հետո Green Rock-ը շարունակել է աջակցել ընտրված ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց երկրորդ տարին ուսումը շարունակել Ֆլորենցիայում։

Այսպիսով, կրթաթոշակային ծրագիրը ուսանողների համար կարող է դառնալ ամբողջական կրթական ճանապարհի սկիզբ՝ Դիլիջանում ուսումնառությունից և գործնական փորձից մինչև միջազգային կրթություն և հետագա մասնագիտական զարգացում։

Կրթությունից՝ դեպի կարիերա

Green Rock-ի և Apicius Armenia-ի ավելի լայն նպատակն է ստեղծել կրթության և մասնագիտական զարգացման միջավայր։

Ուսանողները հնարավորություն ունեն տեղափոխվել Դիլիջան, ստանալ կրթություն միջազգային հյուրընկալության ոլորտում, ձեռք բերել գործնական փորձ, շարունակել ուսումն արտերկրում և հետագայում մասնագիտական կարիերա սկսել։

Ծրագրի շրջանակում ուսանողներին հասանելի են նաև կեցության հնարավորություններ։ Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտներին աջակցություն է ցուցաբերվում մասնագիտական կարիերայի մեկնարկի և աշխատանքի որոնման հարցում՝ դպրոցի միջազգային գործընկերների և գործատուների ցանցի միջոցով։

Apicius Armenia-ի զարգացումը Green Rock-ի ավելի լայն ռազմավարության մի մասն է։ Դրա նպատակն է Հայաստանում զարգացնել հյուրընկալության ոլորտի կրթական և մասնագիտական ներուժը, տեղայնացնել միջազգային փորձը և պատրաստել ոլորտի համար որակյալ մասնագետներ։

Այս ճանապարհով Green Rock-ը ցանկանում է ավելի ամուր կապ ստեղծել երիտասարդ մասնագետների, կրթական հաստատությունների և հյուրընկալության ոլորտի գործող ու ապագա գործատուների միջև։

Green Rock-ը նախատեսում է շարունակել ընդլայնել կրթական և մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրընկալության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը։

2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունն արդեն բաց է

Apicius Armenia-ն արդեն ընդունում է 2026–2027 ուսումնական տարվա դիմումները, և արդեն իսկ ստացված դիմումների քանակից ակնհայտ է, որ հետաքրքրությունն ու մրցակցությունը այս տարի նույնպես մեծ են լինելու։

Դպրոցի կրթական ծրագրերի, ընդունելության պայմանների և Green Rock-ի կողմից տրամադրվող 10 կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Apicius Armenia-ի պաշտոնական հարթակներում։

 

Կարդացեք նաև՝ 




Պարզ լճի հարակից անտառում հայտնաբերվել են մոլորված քաղաքացիները

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց մինչև իրենց ավտոմեքենան։




Դիլիջանը՝ որպես կենսաբազմազանության պահպանության և COP17-ին համայնքային մասնակցության կարևոր հարթակ

Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացում կարևոր դեր ունեն համայնքային քննարկումները, որոնք նպաստում են բնության պահպանության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և հնարավորությունների բացահայտմանը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հուլիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուրի» թիմը, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, տեղի ակտիվ քաղաքացիական հասարակության անդամներն ու բնակիչները։

Դիլիջանը Հայաստանի այն տարածքներից է, որտեղ բնական էկոհամակարգերը սերտորեն կապված են համայնքների առօրյային, զբոսաշրջության և տեղական զարգացման հետ։ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում պահպանվում են հարուստ անտառային էկոհամակարգեր, բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարող են տեղի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և այլ շահագրգիռ կողմեր մասնակցել COP17-ն։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները, խոսեց Դիլիջանի՝ որպես հարուստ կենսաբազմազանությամբ շրջապատված համայնքի դերակատարության մասին։ Նա նշեց, թե որոնք են կենսաբազմազանության պահպանման ծրագրի թիրախների իրագործման տեսանկյունից Դիլիջան համայնքին առնչվող կետերը։

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։




Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար համայնքային տրանսպորտը կդառնա անվճար

Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար համայնքային տրանսպորտը կդառնա անվճար

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստը։

Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար։

Նախագծի նպատակն է աջակցել սովորողներին, թեթևացնել ընտանիքների ֆինանսական բեռը և խթանել համայնքային հանրային տրանսպորտի հասանելիությունը կրթություն ստացող երիտասարդների համար։

Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։




Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը․ նոր ու խոշոր ներդրում զբոսաշրջության ոլորտում

Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը

Դիլիջանում մեկնարկել է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր խոշոր նախագիծը։ Green Rock ընկերությունն ու Hyatt Hotels Corporation-ը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի կառուցման վերաբերյալ։ Ապագա Hyatt Regency Dilijan հյուրանոցը կդառնա Դիլիջանի նոր բազմաֆունկցիոնալ համալիրի առանցքային մասը՝ միավորելով հյուրընկալությունը, ժամանցը, բիզնեսը և մշակութային միջավայրը։ Հուլիսի 25-ին Դիլիջանում տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրման և ապագա հյուրանոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

«Ինձ համար ամենակարևորը մարդիկ են։ Երիտասարդները հնարավորություն կունենան աշխատանք գտնել՝ առանց իրենց հարազատ համայնքից հեռանալու։ Ընտանեկան փոքրիկ հյուրատները ու սրճարանները կկարողանան կլոր տարի ընդունել իրենց հյուրերին։ Սա ինձ անկեղծ ուրախություն է պարգևում։ Այսպես` Դիլիջանը, իսկ Դիլիջանի միջոցով նաև ամբողջ Տավուշի մարզը կդառնան ավելի ուժեղ ու զարգացած։ Մենք շատ հպարտ ենք, որ այս քայլն իրագործվում է։ Սա իմ տունն է, և ես ցանկանում եմ ամենալավն ու բարին իմ քաղաքի ու այստեղ ապրող մարդկանց համար»,- իր ելույթում նշեց Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը։

Hyatt Regency Dilijan-ը լինելու է Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրի մի մասը։ Ապագա հյուրանոցը կունենա 205 համար և ժամանակակից կոնֆերանսային կենտրոն, որը նախատեսված կլինի ավելի քան 550 հյուր ընդունելու համար։ Նախագծի առանձնահատկություններից մեկը կլինի նաև տանիքում նախատեսվող ուղղաթիռների վայրէջքի հարթակը, որը նախատեսված է բարձրացնելու հյուրանոցի հասանելիությունը միջազգային այցելուների համար։

«Երկար ժամանակ մենք ունեցել ենք մեկ հստակ նպատակ՝ Դիլիջանը դարձնել այնպիսի վայր, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում հյուրընկալել աշխարհին՝ անտառների մեջ գտնվող լեռնային քաղաք, որը միաժամանակ կդառնա նպատակակետ՝ թե՛ ընտանեկան հանգստի, թե՛ գործնական այցելությունների համար։ Այսօր դուք տեսնում եք այս նպատակի իրականացումը։ Սա կլինի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը։ Ինչո՞ւ Դիլիջան։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել՝ պարզապես նայելով շուրջը սա անհավանական բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և հարմար աշխարհագրական դիրքով վայր է։ Մենք գտնվում ենք երեք միջազգային օդանավակայաններից՝ Երևանից, Թբիլիսիից և Գյումրիից համապատասխանաբար երկուսուկես, մեկուկես և մեկ ժամ հեռավորության վրա», – իր խոսքում նշեց Green Rock-ի ռազմավարական խորհրդական Վազգեն Գևորկյանը։

Hyatt Regency Dilijan-ի գործարկմամբ նախատեսվում է ստեղծել ավելի քան 400 նոր աշխատատեղ՝ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման և հյուրանոցային կառավարման ոլորտներում։ Ընդհանուր առմամբ Green Rock-ի՝ Դիլիջանում իրականացվող զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 աշխատատեղ։

«Մենք ուրախ ենք ներկայացնել Hyatt Regency բրենդը Դիլիջանում։ Սա կարևոր և խորհրդանշական փուլ է թե՛ Green Rock-ի, թե՛ Հայաստանի համար։ Hyatt-ի հետ միասին մենք ձգտում ենք ստեղծել ոչ պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը ողջ տարվա ընթացքում կգրավի հյուրերի և կնպաստի զբոսաշրջության, մշակույթի և տեղական համայնքի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Դիլիջանը շարունակում է զարգանալ որպես զբոսաշրջային և գործարար նոր ուղղություն։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ Երևանից մոտ մեկուկես ժամ, իսկ Թբիլիսիից մոտ երեք ժամ հեռավորության վրա, լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային այցելուների ներգրավման համար։

«Մենք ուրախ ենք Green Rock-ի հետ համագործակցության շնորհիվ ներկայացնել Hyatt Regency բրենդը Հայաստանում։ Դիլիջանն ունի երկարաժամկետ զարգացման մեծ ներուժ, իսկ Hyatt Regency-ն՝ որպես ամբողջական ծառայությունների պրեմիում բրենդ, լիովին համապատասխանում է քաղաքի զարգացման տեսլականին՝ որպես հանգստի, գործարար հանդիպումների և միջազգային միջոցառումների առաջատար ուղղության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Hyatt-ի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բոլդուկյանը։

Նախագիծը միավորում է միջազգային հյուրանոցային փորձը, ներդրումային նոր հնարավորությունները և տարածաշրջանի զարգացման հեռանկարը՝ ստեղծելով նոր միջավայր Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։

 




Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը. Գեղարվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին

Դիլիջանի գեղարվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին

Ազգային պարերի ռիթմը, գունեղ տարազներն ու բեմը լցրած անկեղծ ժպիտները Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում երեկոն վերածեցին մշակութային տոնի։ Այստեղ Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը հաշվետու համերգով ամփոփեց անցնող ուսումնական տարին, որն այս տարի «Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը» խորագիրն էր կրում։

Ավելի քան 150 սաներ՝ Դիլիջան, Թեղուտ և Հաղարծին բնակավայրերից, բեմ բարձրացան՝ ներկայացնելով 40-ից ավելի պարային կատարումներ։ Ազգային ու ժողովրդական պարերից մինչև ժամանակակից բեմադրություններ՝ յուրաքանչյուր համար պատմում էր հայկական մշակույթի, ինքնության և արվեստի հանդեպ սիրո մասին։

Դպրոցում իրականացվող առաքելության և սաներին ընձեռվող հնարավորությունների մասին ընդգծեց Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանը. «Մեր դպրոցում երեխաները ստանում են գեղագիտական դաստիարակություն և մասնագիտական կրթություն։ Սա լայն հնարավորությունների հարթակ է մշակույթի և արվեստի ոլորտում սեփական տաղանդն ու ներուժը բացահայտելու համար»։

Այս տարվա համերգն առանձնահատուկ խորհուրդ ուներ։ Այն նվիրված էր դպրոցի հիմնադիր, ժողովրդական արվեստի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։ Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված բոլոր միջոցառումներն անցկացվել են հոբելյանական տարվա շրջանակում՝ արժևորելով դիլիջանցիների սիրելի ու մտերիմ Վանիկի՝ Հովհաննես Շարամբեյանի թողած մշակութային ժառանգությունը։

Օրվա հուզիչ ու կարևոր պահերի մասին կիսվեց նաև դպրոցի շրջանավարտ Անգելինա Պապյանը. «Այս օրն ինձ համար առանձնահատուկ է ու անչափ հուզիչ, քանի որ այսօր ավարտում եմ հարազատ դպրոցը։ Այստեղ ստացած գիտելիքներն ու մշակութային արժեքները միշտ ուղեկցելու են ինձ»։

Եվս մեկ ուսումնական տարի պատմություն դարձավ, իսկ հնչող ծափահարությունները լավագույն գնահատականն են երեխաների, մանկավարժների և այն աշխատանքի, որի շնորհիվ գեղագիտական արժեքները շարունակում են ապրել ու փոխանցվել սերնդեսերունդ։

Դիտեք նաև՝

 

 

 

 




Դիլիջանը՝ միջազգային կինոգործիչների մշակութային երթուղում

Դիլիջանը՝ միջազգային կինոգործիչների մշակութային երթուղում

Դիլիջանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը։ «Ֆորմլաբ» ընկերության «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում միջազգային և հայ կինոգործիչները մասնակցեցին քաղաքի մշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական շրջայցին։ Ծրագրի առանցքային կանգառներից մեկը Դիլիջանի հայկական գործվածքի թանգարանն էր, որտեղ հյուրերը ծանոթացան հայկական գործվածքի դարավոր ավանդույթներին, ժողովրդական արհեստներին և թանգարանի հավաքածուին։

Թանգարանի այցելությունը դարձավ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով մշակութային ժառանգության դերը ժամանակակից արվեստի և ստեղծարար նախաձեռնությունների համատեքստում։ «Քաղաքի արվեստի կոդ» նախաձեռնության նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքը՝ արվեստի միջոցով բացահայտելով Դիլիջանի ինքնությունն ու պատմական ժառանգությունը։

Շրջայցից հետո պատվիրակությունը շարունակել է օրվա մշակութային ծրագիրը՝ այցելելով Դիլիջանի հայտնի և սիրված վայրեր։ Նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը, խթանում մշակութային զբոսաշրջությունը և ամրապնդում Դիլիջանի դիրքը՝ որպես ստեղծարար նախաձեռնությունների ու մշակութային կյանքի ուղղություն։

«Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, բայց Դիլիջանում առաջին անգամ եմ լինում։ Շատ ուրախ եմ բացահայտել այս քաղաքը և հատկապես հանդիպել հայ երիտասարդ կինոգործիչների հետ։ Նման հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև նոր գաղափարների, համագործակցությունների և ապագա համատեղ նախագծերի սկիզբ կարող են դառնալ։ Դիլիջանը շատ ջերմ տպավորություն թողեց ինձ վրա․ այստեղ զգացվում է մշակույթի, պատմության և ստեղծարար էներգիայի յուրահատուկ համադրությունը։ Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունները մեծ ներուժ ունեն ոչ միայն ներկայացնելու Հայաստանը միջազգային կինոհանրությանը, այլև նոր մշակութային կապեր ստեղծելու տարբեր երկրների արվեստագետների միջև», — նշում է Ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին։

«Քաղաքի արվեստի կոդ» ծրագիրը միավորում է քաղաքի պատմությունը, մշակույթն ու ժամանակակից արվեստը՝ ստեղծելով երկխոսություն անցյալի և ներկայի միջև և բացահայտելով Դիլիջանի մշակութային ներուժը նոր ձևաչափով։




Դիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Դիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից։ Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։

«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։




40 տարվա դադարից հետո Դիլիջանում կրկին հնչեցին «Դիլիջանյան ղողանջները»

Սպորտով, ընտանիքով և համայնքային համախմբվածությամբ լեցուն օր էր հունիսի 28-ը Դիլիջանում․ ամփոփվեց շուրջ մեկ ամիս տևած «Դիլիջանյան ղողանջներ» մարզական փառատոնը, որը վերակենդանացավ 40 տարվա ընդմիջումից հետո։ Այս տարվա միջոցառումն առանձնացավ խորհրդանշական 4 թվի զուգադիպություններով. կազմակերպիչ Գարիկ Թովմասյանը նշում էր իր ծննդյան 44-ամյակը, հունիս ամսվա ընթացքում անցկացվեց չորս մարզական միջոցառում, իսկ փառատոնը վերադարձավ ճիշտ 40 տարի անց։ Սակայն այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։

Մի քանի տարի առաջ Գարիկ Թովմասյանի 33-րդ և 40-րդ ծննդյան օրերը համընկան անվճար բացօթյա մարզումների հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ այսուհետ իր յուրաքանչյուր ծննդյան օրը կնշի երեխաների հետ։ 41-ամյակի առիթով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ Դիլիջանում ստեղծվեց բացօթյա մարզական այգի, 42-ամյակին այն համալրվեց ֆուտբոլի դարպասներով, 43-ամյակին՝ ամբողջությամբ ցանցապատվեց և գծանշվեց։ Այսօր այն դարձել է լիարժեք մարզական տարածք՝ բասկետբոլի, վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներով, մարզասարքերով ու մանկական խաղային գոտով։

Հունիսին անցկացված չորս մարզական միջոցառումներից երեքը նվիրված էին տարբեր մարզաձևերի՝ սամբոյի, ուժային եռամարտի և գրեփլինգի մրցաշարերին, իսկ չորրորդը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն էր, որը դարձավ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնի եզրափակիչ ակորդը։

Փառատոնի ընթացքում պարգևատրվեցին նաև վերջին մեկ տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտներում հաջողություններ ունեցած երեխաներն ու երիտասարդները։ «Դիլիջանյան ղողանջներ» հիմնադրամի համար կարևոր է գնահատել ոչ միայն սպորտում, այլև ստեղծագործական ոլորտներում ունեցած ձեռքբերումները։ Նախատեսվում է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը կդառնա նախ մարզային, ապա՝ հանրապետական, իսկ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնը կվերածվի Հայաստանի ամենասպասված մարզական ավանդույթներից մեկի։

Մեկ գաղափար, մեկ ծննդյան օր, մեկ բացօթյա մարզահրապարակ… և այսօր՝ արդեն վերածնված փառատոն։ «Դիլիջանյան ղողանջները» վերադարձել են՝ հիշեցնելով, որ մեծ ավանդույթները հաճախ սկսվում են մեկ փոքր, բայց հետևողական քայլից։

Կարդացեք նաև՝