Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանն ու իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը։

Մասնակցային բյուջետավորումը հանրային քննարկման և որոշումների կայացման մեխանիզմ է, որը հանդիսանում է մասնակցային ժողովրդավարության կարևոր գործիք։ Այն նպաստում է համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ թույլ տալով քաղաքացիներին ներգրավվել հանրային ռեսուրսների բաշխման գործընթացում և ազդեցություն ունենալ իրենց կյանքի որակի վրա։

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների համար իրական հնարավորություն է իրենց ձայնը լսելի դարձնելու և գաղափարները կյանքի կոչելու։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է հանդես գալ ծրագիր-առաջարկով կամ մասնակցել քվեարկությանը՝ աջակցելով իր համար առավել կարևոր և օգտակար նախագծի իրականացմանը։

Գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում հաստատվել է մասնակցային բյուջետավորման միջոցառումների իրականացման համապատասխան ժամանակացույցը։

Համայնքի բնակիչները կարող են իրենց առաջարկները ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ տվյալ համայնքի պաշտոնական կայքի միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով՝ դիմելով համայնքապետարան կամ իրենց բնակավայրի վարչական կենտրոն։ Թղթային հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, որի վրա նշվում են առաջարկի հեղինակի անունը, ազգանունը (կամ կազմակերպության անվանումը) և հասցեն։

Ներկայացված բոլոր առաջարկները պետք է համապատասխանեն մասնակցային բյուջետավորման գործընթացով սահմանված չափորոշիչներին, որոնց նպատակն է ապահովել ծրագրերի իրագործելիությունը, հանրային նշանակությունն ու համայնքի զարգացմանը նպաստող բնույթը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը կարևոր քայլ է Տավուշի մարզի համայնքներում քաղաքացիների ակտիվ մասնակցության, թափանցիկ կառավարման և համայնքային կայուն զարգացման ուղղությամբ։

Իջևան

Դիլիջան

Բերդ

Նոյեմբերյան




Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է

Հունվարի 19-ին, ժամը 07։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհը սպասարկող ընկերության «Man Van» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի մաքարման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները 2 վերամբարձ կռունկի և 1 տրակտորի օգնությամբ ուղղել են «Man Van» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:




Դիլիջանում նշեցին ուսուցիչ Արտուշ Սահակյանի 100-ամյակը

«Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրան», և Դիլիջանի կրթական կյանքի ֆենոմենալ կերպարներից մեկը՝ Արտուշ Սահակյանը, շարունակում է ապրել իր աշակերտների, գործընկերների և իրեն ճանաչած բոլոր դիլիջանցիների հիշողություններում։

Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ավագանու անդամ Նունե Սանթրոսյանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Դիլիջանի ավագ դպրոցի, «Դիլիջանի համայնքային կենտրոն» կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ, կայացավ «Արտուշ Սահակյան – 100» հոբելյանական ոգեկոչման հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառումը մեկ հարկի տակ միավորել էր Արտուշ Սահակյանի անվանի և սիրելի աշակերտներին, գործընկերներին ու ընտանիքի անդամներին, ովքեր շարունակում են փոխանցել նրա թողած մեծ ժառանգությունն ու մարդկային արժեքները։

«Միջոցառման ընթացքում խոսվեց ուսուցչի անցած փառավոր ճանապարհի, նրա անմոռանալի դասերի, սերունդ կերտող տեսակի, ինչպես նաև քաղաքի կրթական ու մշակութային կյանքում ունեցած նշանակալի ներդրման մասին։
Արտուշ Սահակյանը մնաց և շարունակելու է մնալ այնպիսի ուսուցիչների, մարդկանց շարքում, ում անունը տարիների հետ ավելի լուսավոր է դառնում», – հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը։




Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջան քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը Երևանում և Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ: Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։ Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։ Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեց թղթե փաթեթներով ընդհանուր՝ ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։ «Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը` 10 փամփուշտով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Բացահայտվել է Հաղարծինում կատարված գողության դեպքը

Նոյեմբերի 27-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Հաղարծին բնակավայրում գտնվող իր ամառանոցից գողություն է կատարվել։
Նշված հասցե մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել քաղաքացուն պատկանող հյուրատուն և գողացել երկու հեռուստացույց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Հաղարծին բնակավայրի 29-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել է: Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր բնակավայրի և  «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։




Պարզաբանում. Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան

Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր: Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան:

Կարդացեք նաև՝




ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 26-ին, ժամը 18։17-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։




Դիլիջանի անտառներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։ Այս մասին հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը:

«Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել», – նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝




Փրկարարներն անվնաս հայտնաբերել են Դիլիջանի անտառում մոլորված քաղաքացուն

Փրկարարներն անվնաս հայտնաբերել են Դիլիջանի անտառում մոլորված քաղաքացուն

Նոյեմբերի 22-ին, ժամը 17։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Դիլիջան համայնքի անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դիլիջան համայնքի «Գառան քար» կոչվող հանդամասում հայտնաբերել են օտարազգի քաղաքացուն և ուղեկցել դեպի Դիլիջան քաղաք: