Ռոբոտաշինությունը՝ ազգային մարզաձև․ Դիլիջանում անցկացվեց «ԱրմՌոբոտիքս» 17-րդ առաջնությունը

«ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 17-րդ առաջնությունը `«Լոգիստիկան ապագայի քաղաքում» խորագրով, մեկնարկեց նոյեմբերի 17-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է՝ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։ Կազմակերպիչների կարծիքով՝ կարևոր է, որ երեխաների մոտ վաղ տարիքից, ճարտարագիտության ուսուցմանը զուգընթաց, ձևավորեն ստեղծողի ու արտադրողի մտածողություն։

«ԱրմՌոբոտիքս 2025» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Ջավախքից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների աշակերտները: «ԱրմՌոբոտիքս»-ը շարունակում է լինել կարևոր հարթակ, որտեղ աշակերտները ցուցադրում են իրենց հմտություններն ու պատրաստվում ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին:




Վավերագիր Դիլիջան․ քաղաքը՝ Սերժ Եղիկյանի ժամանակի կադրերում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում բացվեց դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն այցելուներին առաջարկում է հանդիպում քաղաքի հիշողության, անցած ժամանակի և լուսանկարչի անձնական պատմության հետ։

Արխիվային լուսանկարները կարծես բացում են ժամանակի վարագույրը՝ ցույց տալով այն Դիլիջանը, որ ժամանակին շնչել ու ապրել է այլ ռիթմով, կրել ու փոխանցել է այլ տրամադրություն։ Սերժ Եղիկյանը ծնվել է 1939 թվականին Դիլիջանում։ 23 տարեկանում աշխատանքի է անցել քաղաքի «Իմպուլս» գործարանում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է տեսախցիկի հետ, և տարիների ընթացքում լուսանկարչությունը դարձավ նրա կենսակերպը։

Ցուցահանդեսի բացման օրն այցելուները երկար կանգնում են յուրաքանչյուր լուսանկարի առջև, դիտում անցյալի քաղաքային տեսարանները, անցյալի մարդկանց ու ֆոտո-պատմությունները։ Սերժ Եղիկյանը Դիլիջանը պատկերում էր ոչ որպես բնակավայր, այլ՝ որպես հոգեվիճակ․ նրա յուրաքանչյուր կադրում քաղաքի ներքին լռությունն է, մեղմությունը և մարդկանց առօրյա կյանքի անկեղծությունն ու պարզությունը։

Սերժ Եղիկյանի լուսանկարչական ժառանգությունը կրկին կենդանացավ հենց այնտեղ, որտեղ ծնվել ու ձևավորվել է նրա հայացքը՝ Դիլիջանում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի
15-ը։

Կարդացեք նաև՝




Եվրոպական մասնագիտական փորձառություն Սլովակիայից Դիլիջան՝ երիտասարդների զարգացման ճանապարհին

Այս ամռանը տավուշեցի մի խումբ երիտասարդներ վերադարձան Սլովակիայից՝ նոր գիտելիքներով, հմտություններով և տպավորություններով։ Երիտասարդները մասնակցել էին «INVEsT in You» միջազգային ծրագրի ՄԿՈՒ ոլորտի ուսանողների աշխատանքային փորձառության բաղադրիչին, որն իրականացվել է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի և սլովակյան «Իգնիս Պլյուս» կազմակերպության կողմից։

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտական ​​կրթության և ուսուցման ոլորտի ուսանողներին երեք ամիս ապրել և աշխատել Սլովակիայում։ Երիտասարդները ներգրավված էին տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, խոհարարություն, տուրիզմ և առողջապահություն։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր տեսական գիտելիքները կիրառել իրական-գործնական միջավայրում՝ յուրացնելով եվրոպական աշխատանքային մշակույթը և ձեռք բերելով ինքնուրույնության փորձ։

Երիտասարդներն արդեն կուտակած փորձառությամբ Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում կիսվեցին իրենց հասակակիցների ու շահագրգիռ կողմերի հետ: Երեք ամիսների ընթացքում ուսանողները կատարելագործել են մասնագիտական հմտությունները, զարգացրել հաղորդակցման, թիմային աշխատանքի կարողությունները:

Ծրագրի ազդեցությունը տեսանելի է հատկապես արդեն աշխատանք ունեցող երիտասարդների շրջանում: Միջազգային փորձառությունը նոր հնարավորություններ ստեղծեց արդեն այստեղ՝ Դիլիջանում։ Ծրագրի մասնակից երիտասարդերի ոգեշնչող պատմությունները հուշում են, որ ներդրումը երիտասարդության շրջանում դրսևորվում է  նոր գիտելիքի, փորձի և վստահության տեսքով։




Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդներին տվյալ հատվածով երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր։

 Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրությունում։


Թարմացում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է։


Թարմացում

Ժամը 17:30 դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։




«Տավուշի գույները»․ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Դիլիջանում

Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշի գույները» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 27 արվեստագետների ստեղծագործությունները:

Ցուցահանդեսն անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում․ հյուրանոցն այս կերպ դառնում է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:

«Տավուշի գույները» ցուցադրության աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:

27 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։




Ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կողաշրջվել էր․ պատահարի հետևանքով կա 30 տուժած

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել կան տուժածներ։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խումբը գիտաճանաչողական այցով, կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին եկել էր Տավուշի մարզ։ Ուսանողները նախատեսել էին այցելել Հաղարծին վանական համալիր, ապա Գոշավանք, իսկ վերջում վայելել աշնանային Տավուշը, սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահարը՝ ժամը երեքի սահմաններում ուսանողական 5 ավտոբուսներից մեկը դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհին՝ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք տեղացիների օգնությամբ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։ 

Պատահարի հետևանքով մեկ տուժած վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության: 

Դեպքից անմիջապես հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը ևս ուսանողների կողքին էր՝ պահպանելով կապը տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած այցի շրջանակում շուրջ 250 ուսանող էր եկել Տավուշ։

Տուժածները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն որևէ մեկի կայքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք նաև՝




Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով․ Բրյուսովի համալսարանի հայտարարությունը՝ վթարի մասին

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը․

«Տեղեկատվություն Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։

Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության»։




Երեխաների աշխարհում չկան տարբերություններ․ «Իմ սրտի տունը»՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր

«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացամբ շրջում է ամբողջ Հայաստանում․ տավուշյան կանգառը Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր։ «Իմ սրտի տունը» մարդկային ամենատարբեր հույզերի մասին է, հույզեր, որոնք ապրում են յուրաքանչյուրիս սրտում և հենց միայն մեզանից է կախված, թե դրանցից որը կարտացոլվի միջավայրում։

Բարություն ու կարեկցանք, թե՞ չարություն ու նախանձ․ ում ենք տեղ տալիս մեր սրտում․ մտորումներ առաջացնող ներկայացման ուղերձն ավելի իրական դարձրին «Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական ներառական թատերախբի սաները։ Թատերախումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները՝ ոչ ֆորմալ, ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։

Այս տարվա աշնանը «Ռոտոնդա» թատերախումբն «Իմ սրտի տունը» ներկայացումով նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի բոլոր մարզերում՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։

«Ռոտոնդա» թատերախմբի երիտասարդ դերասանները, իրենց անկեղծ խաղով և վառ արտահայտչամիջոցներով, ամբողջությամբ ցույց տվեցին, թե որքան կարևոր է համերաշխությունը, ներառականությունը և միմյանց ընդունելն՝ անկախ մեր տարբերություններից։ Եվ այո, մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում, որտեղ ամեն մեկը կարող է մի փոքրիկ փոփոխություն բերել՝ սկսելով ինքն իրենից։

 




Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին

Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի քան 12 տարի նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ներկայում ևս չի օգտագործվում:

Տավուշի մարզի դատախազության կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին:




Դիլիջանում երիտասարդները կյանքի են կոչում համայնքի զարգացման գաղափարները

Համայնքային խնդիրների լուծումն ու համայնքի զարգացումը բոլորիս պատասխանատվությունն է։ Դիլիջանցի երիտասարդները հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց համայնքային նախագծերը՝ «Green Rock» հիմնադրամի Next Gen դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը միտված է խթանելու երիտասարդների մասնակցությունը տեղական խնդիրների լուծման գործընթացներին։ 17-ամյա Վահանն առաջարկել էր բարեկարգել Շամախյան թաղամասի խաղահրապարակը։ Նախկինում գրեթե չօգտագործվող այս տարածքը այսօր վերածվել է նոր ու բարեկարգ խաղահրապարակի, որտեղ երեխաները կարող են անվտանգ և հարմարավետ անցկացնել իրենց ժամանակը։

Աջակցել այն գաղափարներին, որոնք ունեն համայնքի վրա դրական ազդեցություն և համահունչ են «Green Rock» հիմնադրամի գործունեության երեք ուղղություններին՝  մշակույթ և արվեստ, շրջակա միջավայրի պահպանություն և համայնքային զարգացում։ Այս սկզբունքով «Green Rock» կանգնեց երիտասարդների կողքին՝ նրանց  գաղափարների իրականացման ճանապարհին:

Համայնքային զարգացմանն միտված ևս մի ծրագիր էլ առաջարկել էր ավագ դպրոցի աշակերտուհի Յանան. Նա QR կոդեր է պատրաստել, որոնք առաջիկայում կտեղադրվեն Դիլիջանի տեսարժան վայրերում։ Կոդերը սկանավորելով՝ մարդիկ կարող են կարդալ տվյալ վայրի մասին և իմանալ ավելին:

«Green Rock» հիմնադրամը կարևորում է երիտասարդների դերը համայնքային կյանքում՝ վստահ լինելով, որ տեղական խնդիրների լուծման լավագույն գաղափարները հաճախ ծնվում են հենց ներսից՝ համայնքում ապրող, սովորող ու ակտիվ երիտասարդների կողմից։ Ծրագրի միջոցով հիմնադրամը տալիս է գործիքներ, հարթակ և աջակցություն, որպեսզի այդ գաղափարները չմնան պարզապես տեսլական, այլ դառնան իրականություն։

Երիտասարդներն են համայնքի զարկերակը, որ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ու ներգրավմամբ, նոր գաղափարներով պիտի ոտքի կանգնեցնեն իրենց համայնքը, ապահովեն իրենց տուն ու տեղի, իրենց շենի կայուն զարգացումը՝ հուսալի ապագան: