Շարժման վայելքը դիլիջանյան արահետներում․ անցկացվեց Dilijan Run 2025-ը

Հայաստանի միակ միջազգային արահետային մարաթոնը՝ Dilijan Run 2025-ը, որը շատերի համար դարձավ ոգեշնչող փորձառություն, Դիլիջանում միավորեց բնության, սպորտի և մշակույթի սիրահարներին։ Միջոցառումը անցկացվեց Դիլիջան ազգային պարկի, քաղաքի կենտրոնական զբոսայգու և UWC Դիլիջան միջազգային դպրոցի տարածքում։ Սպորտային ու մշակութային այս միջոցառման հիմնական կազմակերպիչները UWC Դիլիջան միջազգային դպրոցն ու «Դիլի սպորտն են»՝ գործընկերների հետ միասին:

«Սա  առաջին  ասպիսի միջոցառումն է Դիլիջանում, և մենք հուսով ենք, որ այն հիմք կդնի  նոր ավանդույթի  և կդառնա այս հրաշալի  քաղաքի առանձնահատկություններից մեկը, որտեղ մարդիկ հավատում են, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտ է իրենց երջանիկ կյանքի համար։ Սա պարզապես վազքի մրցույթ չէ, սա  ավանդույթ ձևավորող օր է,  որը միավորում է  բոլորին՝ տեղի բնակիչներին, օտարերկրացիներին, և տարբեր տարիքի մարդկանց», – նշում է UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ 

Այս տարի մարաթոնի մասնակիցների շարքում բացի հայերից, նաև արտերկրից ժամանած մասնակիցներ են։ Շատերը եկել են հաղթանակի  հետևից, իսկ շատերի համար էլ սա առիթ էր վայելելու բնությունն ու աշնանաշունչը։

Dilijan Run-ը միակ մարաթոնն է Հայաստանում, որն ունի միջազգային ռեյթինգ։ Մրցատարածությունները նախատեսված էին տարբեր մակարդակների համար՝ 3000 մետրից մինչև 42 կիլոմետր, ինչի շնորհիվ միջոցառմանը կարողացան մասնակցել և՛ սիրողական, և՛ փորձառու վազորդները։ Միջոցառման նպատակը զանգվածային սպորտի խթանումն է, առողջ ապրելակերպի տարածումը և Դիլիջանի բնության ու մշակութային ժառանգության հանրայնացումը։

Բացի մարզական հատվածից, փառատոնի օրերին անցկացվեցին նաև մարզական և ժամանցային միջոցառումներ։ Ֆուտբոլի, բադմինթոնի, շախմատի մրցաշարեր ու թեմատիկ այլ միջոցառումներ․ յուրաքանչյուր մասնակից ուներ իր նախընտրելի զբաղմունքն ու հնարավորությունը՝ ակտիվորեն ներգրավվելու փառատոնի մթնոլորտին։ Այս ամենի կողքին Դիլիջանի տեղացի արտադրողները ցուցադրում էին իրենց աշխատանքները։ Ֆուտբոլի, բադմինթոնի և շախմատի մրցաշարերի կողքին այս միջոցառումները հնարավորություն ընձեռեցին յուրաքանչյուր մասնակիցին ակտիվորեն ներգրավվել փառատոնի բազմաբնույթ մթնոլորտում։

Մարզամշակութային բազմաբնույթ ծրագրերով ավարտվում է մարաթոնը՝ մարզաշխարհի սիրահարներին հրավիրելով մասնակցելու արդեն հաջորդ տարվա՝ 2026 թվականի միջոցառմանը։

Հայաստանի միակ միջազգային արահետային մարաթոնը՝ Dilijan Run 2025-ը, որը շատերի համար դարձավ ոգեշնչող փորձառություն, Դիլիջանում միավորեց բնության, սպորտի և մշակույթի սիրահարներին։




ՄԱԶԾ-ն նշում է իր 30-ամյակը Հայաստանում՝ Դիլիջանում անցկացնելով հակաականային գործունեության իրազեկում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառումների հերթական կանգառը Տավուշի մարզում էր։ Երեք տասնամյակներում իրականացված աշխատանքներն ընդգրկում են տարբեր ուղղություններ, և Դիլիջանում անցկացվող հանդիպումը նպատակ ուներ ընդգծել հումանիտար ականազերծման և համայնքային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները։

«30 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մասնակցել է Հայաստանի հիմնական մարտահրավերների հաղթահարմանը և լուրջ մասնակցություն ենք ունեցել այն հաջողություններին, որոնք գրանցվել են այստեղ՝ Հայաստանում: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին ես գտնվում եմ Տավուշի մարզում. այստեղ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել, հատկապես սոցիալ-տնտեսական, գենդերային հավասարության, ականազերծման, շրջակա միջավայրի ուղղությունների շրջանակում: Տավուշի մարզում դեռևս կան բնակավայրեր, որոնց տարածքներն ականապատ են, դրանք խանգարում են տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական հետագա զարգացմանը»,- Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության 30 տարիների մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմում ներկայացված էին տարբեր մարզերի պատմություններ՝ սահմանամերձ գյուղերից մինչև վերականգնված տարածքներում կառուցված դպրոցներ, ջրագծեր ու ճանապարհներ։

Միջոցառման խորագրի շրջանակում ներկաներին սպասում էր ինտերակտիվ վարժություն։ Թղթե նշաններով ու ժապավեններով սահմանազատված պայմանական «ականապատ» տարածքում անցկացվեց սիմուլիացիոն վարժություն՝ մանրամասնելով ինչպես են հայտնաբերվում ականները, ինչ տեխնիկա է օգտագործվում, ինչպես են ապահովվում տարածքների անվտագությունը։

Հակաակնային գործողությունների հետ միասին, 30 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը փոխել են տասնյակ համայնքների իրականությունը՝ նվազեցնելով ռիսկերն ու ստեղծելով զարգացման ավելի կայուն պայմաններ։




«Դիլիջանյան օրեր». հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ Դիլիջանում

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն արդեն 9-րդ անգամ է համախմբում երաժիշտներին, հանդիսատեսին ու ժամանակակից ստեղծագործական միտքը:

Սեպտեմբերի վերջին օրերին Դիլիջանի վեհաշուք բնության գրկում մեղմորեն հնչում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ասելիքը։ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի բացում է իր «Դիլիջանյան օրերը»՝ դարձյալ ապացուցելով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:

2014 թվականի աշնանը հիմնադրված այս փառատոնը պահպանում է իր արդիականությունն ու առաքելությունը, այն տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար։ Փառատոնի ներկայացվող ծրագրերում մասնակցում են Հայաստանի լավագույն կատարողները, նվագախմբերը, մենակատարները:

Միջոցառման ընթացքում հանդիպում են փորձառու հեղինակներն ու նոր անունները, տարբեր սերունդների կատարողներ ու ունկնդիրներ։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ ծավալվում են շարունակական զրույցներ և տեղի են ունենում գեղագիտական բացահայտումներ։




Տեխնոլոգիական կրթությունը Դիլիջանում նոր փուլ է մտնում

Դիլիջան

Մեկ քայլ առաջ դեպի նորարարական կրթություն. սեպտեմբերի 25-ին Դիլիջանի համայնքապետարանում ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ ազդարարելով նոր կրթական նախաձեռնության մեկնարկը: Փաստաթղթով ամրագրվում է՝ համայնքի տարածքում կհիմնվի «Ծիրան» տեխնոլոգիական ակադեմիա՝ կրթական և ստեղծարար կենտրոն, որը կհամադրի տեխնոլոգիաները, նորարարությունը և գործնական ուսուցումը։

Ծրագիրն իրականացվում է համայնքի, Green Rock հիմնադրամի ու «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական-սպորտային ՀԿ-ի հետ համատեղ գործընկերությամբ։

Նախագծի նպատակը՝ տեղացի երեխաներին, պատանիներին և մեծահասակներին հնարավորություն տալ ծանոթանալու առաջատար ոլորտներին՝ սկսած արհեստական բանականությունից մինչև անօդաչու սարքերի ծրագրավորում։ Ուսուցումն առնչվելու է իրական նախագծերի, թիմային աշխատանքների և կիրառական հմտությունների զարգացմանը։ Ակադեմիայի ստեղծմամբ տեխնոկրթությունը Դիլիջանում նոր փուլ կմտնի:

Քաղաքի համար հաջորդ կարևոր դրվագը MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխությունում «Միջոցառումների կազմակերպման լավագույն արտասահմանյան ուղղություն» ճանաչվելն էր, որն ևս մի գնահատական է Դիլիջանում իրականացվող զարգացման։

 




Դիլիջանի մարզիկները հաջողություններ են գրանցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում

Դիլիջան համայնքի մարզիկներն ու նրանց մարզիչները 2024-2025 թվականների ընթացքում հաջողություններ են գրանցել մի շարք առաջնություններում՝ պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելով Հայաստանում և արտերկրում տեղի ուեցած առաջնություններում։

Սեպտեմբերի 25-ին Դիլիջանի համայնքապետը շնորհակալագրեր և դրամական պարգևներ է  հանձնել համայնքը պատվով ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին։

«Այս պարգևները խորհրդանշում են մեր համայնքի երախտագիտությունն ու գնահատանքը՝ մարզիկների ու նրանց մարզիչների քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

Պարգևատրված մարզիկներն են՝

  • Կարեն Նվերի Թամամյան – ՀՀ բռնցքամարտի առաջնություն, 3-րդ տեղ
  • Գոռ Սասունի Ղամբարյան – ՀՀ հունահռոմեական ըմբշամարտ
  • Արայիկ Արտակի Խեմչյան
    • ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն՝ 2-րդ տեղ
    • Ուֆա (ՌԴ) – 3-րդ տեղ
    • Բաթումի (Վրաստան) – 1-ին տեղ
  • Մուշեղ Հարությունի Անանյան – ՀՀ սեղանի թենիսի առաջնություն, 2-րդ տեղ
  • Արթուր Օնիկի Թադևոսյան – Ֆուդոկան կարատեի աշխարհի առաջնություն (Լեհաստան, Պուլավի), 1-ին տեղ, 8-11 տարիքային խմբում

Մարզիչներ՝

  • Արթուր Թաթուլի Հովակիմյան – բռնցքամարտ
  • Սասուն Սեյրանի Ղամբարյան – հունահռոմեական ըմբշամարտ
  • Արտակ Արմենի Աղաջանյան – սեղանի թենիս
  • Արթուր Արտաշեսի Սիմոնյան – կարատե
  • Ռուսլան Ղուկասյան




Հաղարծին գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը Հաղարծին բնակավայրի մի տնից գողություն է արել: Ըստ տանտիրոջ՝ օգոստոսի 27-ի ժամը 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել իր տուն և գողացել կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 86 հազար դրամ, զինվորական գրքույկ և քարտեր:
Նույն օրը 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Դիլիջանի թունել

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00-ը, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու», – ասված է հաղորդագրության մեջ։




Դիլիջանում նշել են Անկախության 34-րդ տարեդարձը

Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական հրապարակում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձը:

«Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր բացմամբ և պետական հիմնով։ Ելույթ ունեցան Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլը և Դիլիջան քաղաքի մշակույթի պալատի փողային նվագախումբը, Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարային խմբերը, ինչպես նաև «Դելառտե» բենդը», – հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

Միջոցառմանը ներկա են եղել համայնքի բնակիչներն ու հյուրերը, համայնքապետարանի աշխատակիցները:




Հրդեհ Դիլիջան քաղաքում․ կանխվել է  հրդեհի տարածումը դեպի ռեստորան

Հրդեհ Դիլիջան

Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ):

Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ:
Կանխվել է  հրդեհի տարածումը դեպի ռեստորան։




Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը

Դիլջանում բացվեց Apicius Armenia դպրոցը

Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որն իր հետ Հայաստան է բերում իտալական խոհանոցի համերն ու հյուրընկալության, գաստրոնոմիայի և առողջ ապրելակերպի մշակույթը։ Միջազգային դպրոցում դասերը կվարեն իտալացի փորձառու մասնագետները, ովքեր հայաստանյան միջավայրում կհամադրեն եվրոպական ստանդարտներն ու մեր տեղական առանձնահատկությունները։

«Մենք ցանկանում ենք բարելավել զժբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակը, և մեր միջազգային գործընկերները կօգնեն մեզ այս հարցում: Այս նախագծով մենք ցանկանում ենք միջազգային չափորոշիչներ բերել հայկական հյուրընկալության ասպարեզ: Հայերը զարմանալի ազգ են, նրանց մեջ հյուրընկալությունը ներդրված է գենետիկ մակարդակում ու մենք ուզում ենք բարելավել այս ոլորտը, ներդնել միջազգային առաջավոր փորձը, որպեսզի Դիլիջան եկող ցանկացած մարդ, անկախ նրանից, թե որ երկրից է եկել, հիանալի ժամանակ անցկացնի այստեղ, քաղաքի հյուրերը ցանկանան ավելի երկար մնալ, ինչու ոչ՝ նույնիսկ մի պահ այցելեն Դիլիջան ապրելու համար»,- նշում է «Green Rock» հիմնադրամի տնօրեն, Apicius Armenia նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Միջազգային հյուրընկալության մայր դպրոցը՝ Apicius Florence-ը, գործում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում դեռևս 1997 թվականից և համարվում է Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ Այն ընդունում է տարեկան հազարավոր ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր Ֆլորենցիայից վերադառնում են նոր մասնագիտությամբ, նոր մշակույթով ու մտածողությամբ։ Այժմ այդ փորձը տեղափոխվում ու տեղայնացվում է Դիլիջանում՝ տալով հայ ուսանողներին և տարածաշրջանի երիտասարդներին բացառիկ հնարավորություն իրենց քաղաքից չհեռանալով ստանալ նույն որակի կրթությունը։

«Հյուրընկալության կրթական ոլորտում աշխատում եմ ավելի քան 25 տարի, և համոզված եմ, որ այս դպրոցը և նմանատիպ դպրոցները մարդկանց ու աշխարհին գիտելիքները փոխանցելու հիանալի հնարավորություն են ստեղծում: Կրթություն այստեղ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Խոհանոցը բարդ ու հետաքրքիր մի աշխարհ է, գուցե լինեն խոչընդոտներ, բայց պետք է գնալ նախանշած ճանապարհով: Աշխարհում բարձր են գնահատում այս աշխատանքը, այնպես որ՝ եթե կա ցանկություն, պետք է առաջ գնալ»,- իր խոսքում նշեց Apicius Florence գործադիր շեֆ-խոհարար և գլխավոր մենեջեր Անդրեա Տրապպանին։

Apicius Armenia-ն «Green Rock» հիմնադրամի հերթական նախագիծն է, որ Դիլիջանում բացում է հյուրընկալության դռները։ Այն խոստանում է զարգացնել տեղական զբոսաշրջային ոլորտը, խթանել տնտեսական աճն ու վերարժևորել հայկական գաստրոնոմիկ ժառանգությունը՝ Հայաստանը դարձնելով միջազգային նշաձող սահմանող կենտրոն։

«Հայաստանում հյուրընկալության առաջին միջազգային դպրոցը կարևոր է ոչ միայն Դիլիջանի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ այն կբերի միջազգային փորձ, գիտելիքներ, մասնագետների մոտիվացիա, և այստեղ կսովորեն պատանիներ, երիտասարդներ, նաև մեծահասակներ: Ուսանողների համար ստեղծել ենք անհրաժեշտ պայմանները, որ թույլ կտա նրանց սովորել ու ապրել Դիլիջանում, ինտեգրվել դիլիջանյան կյանքին: Հույս ունենք, որ միջազգային այս դպրոցը դրական փոփոխություններ է բերելու Դիլիջան»,- ընդգծում է «Green Rock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Այսուհետ հյուրընկալության և գաստրոնոմիայի նոր սերունդը կձևավորվի նաև Դիլիջանում։ Այսկերպ ամրապնդվում են Հայաստանի դիրքերը միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա՝ պատրաստելով այնպիսի մասնագետների, որոնց որակը ճանաչելի կլինի աշխարհում։

Կարդացեք նաև՝